Լրահոս

13.07.2011 13:05


Սամվել Կարապետյան. «Պարսպի վերանորոգման ներկայիս կարգը լրիվ աղավաղում է պատմական շինության էությունը»

Սամվել Կարապետյան. «Պարսպի վերանորոգման ներկայիս կարգը լրիվ աղավաղում է պատմական շինության էությունը»

Հուլիսի 13-ին մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների մի շարք հարցերի՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն անդրադարձել է նաև Գանձասարի վանքի, նրա պարսպի վերանորոգման գործընթացի հետ կապված խնդրին։

Պարսպի վերանորոգման ներկայիս կարգը, ըստ հուշարձանագետի, լրիվ աղավաղում է պատմական շինության էությունը։ Հարցին, թե ինչ լուծում է նա առաջարկում այս խնդրին, Կարապետյանը պատասխանել է, թե կան շատ միջոցներ, այդ թվում՝ նաև հատուկ սրսկումներ և այլն, բայց եթե դրանք չօգնեն, ամենածայրահեղ միջոցը տվյալ քանդված մասը հիմնովին քանդել ու նորից շարելն է։

Սամվել Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել վանքի պարսպի ներկայիս վերականգնողական աշխատանքները և գործը նորից սկսել՝ կառույցի պատմական շարվածքը հաշվի առնելով։

Հուշարձանագետը նաև նշել է, որ թեև մշակույթի նախարարությունից դեռևս փետրվարին բացասական վերաբերմունք է եղել հիշյալ վերանորոգման նախագծի նկատմամբ, այնուամենայնիվ մեկենասը, ինչպես նաև տեղի քահանան հավանություն են տվել աշխատանքները սկսելու առաջարկին։

–Այսինքն՝ նույնիսկ պետական ի պաշտոնե հուշարձանների պահպանության գործը իր վրա վերցրած կառույցի մասնագիտական խոսքը հաշվի չի առնվում,–հայտարարել է Սամվել Կարապետյանը։

Նա նշել է նաև, որ կան դեպքեր, երբ միայն դատական պատժամիջոցներով, դատի միջոցով է հնարավոր եղել կանխել կամ դադարեցնել նմանօրինակ  վերանորոգումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը