Հարցազրույց

12.07.2011 13:16


Արմեն Աղայան

Արմեն Աղայան

Հարցազրույց քաղաքագետ Արմեն Աղայանի հետ

ՌԴ ԱԳ նախարարն այցելեց Հայաստան ու Ադրբեջան և ԼՂի հակամարտության կարգավորման վերաբերյալ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը փոխանցեց։ Ինչպես Լավրովն էր հայտարարել, ուղերձում ասված էր. «Պայմանավորվելու ժամանակն է»։ Դրանից անմիջապես հետո ՀՀ նախագահի մամուլի խոսնակը հայտարարեց, որ ՀԱԿի հետ երկխոսելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել, և սա այն դեպքում, երբ դրանից առաջ իշխանության բոլոր ներկայացուցիչները պնդում էին, որ պատվիրակություն կազմելը բացառվում է, որ դա տունտունիկ է, և ծաղրում էին ՀԱԿին։ Լավրովի այցելության և կոալիցիոն աշխատանքային խումբ ստեղծելու միջև կապ տեսնո՞ւմ եք։

–Ուղղակի կապ տեսնելու հիմքերը բավարար չեն: Չեմ կարծում, որ Ռուսաստանի արտգործնախարարն այդչափ հետաքրքրված է Հայաստանի ներքաղաքական գործընթացներով, կամ որ իր քայլերը համաձայնեցնում է ՀԱԿ-ի գործողությունների հետ: Փոխարենն ակնհայտ է, որ ՀԱԿ-ի առաջնորդն իր հաշվարկներում որոշ հույսեր է փայփայում Արցախի հարցում միջազգային ճնշման ենթադրյալ ուժեղացման հետ: Տեր-Պետրոսյանը շարունակում է երազել այն մասին, որ «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներից մեկը, այն էլ՝ արցախյան ծագում ունեցող գործող նախագահը, գործնականում լայնածավալ տարածքային զիջումներ կատարի հօգուտ Ադրբեջանի և հաստատի առաջին նախագահի 1998–ի կանխատեսումն այդ մասին: Սերժ Սարգսյանը, ով առնվազն 2001–ից հայտնի է որպես հայրենի տարածքները զիջելու ակտիվ ջատագով և քարոզիչ, պետք է որ շատ ուրախ լինի, երբ ընդդիմության դիրքում նույնպես հանդես են գալիս առնվազն իր չափ հող հանձնող գործիչներ: Նա իր հերթին կարող է մտածել, որ այդպիսի ընդդիմության հետ երկխոսելը, այլ օգուտներից բացի, կարող է նաև ազգային համաձայնության տպավորություն ստեղծել դավաճանական քայլի նախօրյակին:

Կարծում եմ՝ թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Սերժ Սարգսյանի հաշվարկները սխալ են դուրս գալու: Նախ՝ միջազգային ճնշումը երբեք անհաղթահարելի չի եղել, և գոնե այս փուլում այդ ճնշումն այնքան չի աճի, որ հանգեցնի իրենց սպասած արդյունքին: Պետք է հաշվի առնել, որ պաշտոնական Երևանի շարունակական պարտվողական վարքագիծն անընդհատ մեծացնում է Բաքվի ախորժակը, ինչը նույնպես խանգարում է բանակցությունների արդյունավետությանը: Մյուս կողմից, գործնական դավաճանության նախօրյակին տարածքային զիջումների դեմ ընդդիմությունն այնքան կակտիվանա, որ հեշտությամբ կստվերի կոնգրեսականին, ու համանախագահները հերթական անգամ ստիպված կլինեն արձանագրել, որ «նախագահները պատրաստ են խաղաղության, իսկ ժողովուրդները՝ ոչ»:

-Հնարավո՞ր է, որ աշխատանքային խումբը և այս երկխոսությունն ուղղակի հասարակության ուշադրությունը ղարաբաղյան հարցից շեղելու նպատակ ունեն։

-Երկխոսությունն իր սեփական պատճառներն ունի: Այն առաջին հերթին պայմանավորված է Տեր-Պետրոսյանի հանրային աջակցության շարունակվող կրճատմամբ: Թուլացած Կոնգրեսի հետ գործակցությունը բազմաթիվ պատճառներով ձեռնտու է նաև իշխող վարչախմբին: Անկախ Արցախի շուրջ միջազգային զարգացումներից՝ երկխոսության թատերականացված գործընթացը տեղի էր ունենալու: Ամեն դեպքում, այն որոշ չափով շեղող նշանակություն ունի, սակայն դա պետք չէ գերագնահատել:

-Առաջիկայում ԼՂի խնդրի վերաբերյալ ճանապարհային քարտեզի ստորագրումը հավանական համարո՞ւմ եք։

-Իշխող վարչախմբից ամեն ինչ սպասելի է: Սակայն չեմ կարող պատկերացնել՝ ինչ պետք է գրված լինի այդ «ճանապարհային քարտեզում», որը մարսելի կլինի Սերժ Սարգսյանի համար և միաժամանակ կբավարարի Ալիևի աճող հավակնությունները: Մինսկի խմբի տրամադրության տակ եղել են փաստաթղթի մի քանի տարբերակներ, որոնցում ամբողջությամբ համադրված են եղել Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական պահանջները: Սակայն մենք նաև տեսնում ենք, որ Բաքուն իրականում ավելիի հույս ունի, իսկ երևանյան վարչախումբը մեծ դժվարություն ունի հանրությանը ներկայացնելու այն, ինչին պաշտոնապես վաղուց համաձայնվել է: Հանրային գիտակցության մեջ վերջին տասնամյակում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, և տարածք հանձնելու «անհրաժեշտությունը» հիմնավորելն ուղղակի անհնար է դարձել:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը