Արցախը տվեցիր, հիմա Սյունիքն ու սյունեցին է քո աքիլլեսյան գարշապարը
ՎԱԽԵՐ, ՎԱԽԵՐ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ․․․
Բայց դու ի՜նչ վախեցած ես, նիկոլ․․․և իրավունք ունես։ դու գիտես քո մեղքի ծանրությունը, դու գիտես տիեզերական հատուցման օրենքը։ Ու քեզ հանգիստ չեն տալիս Արցախյան ազատամարտի հերոսները, քեզ հանգիստ չի տալիս մեր հայրենապաշտ տեսակը, Տեր տեսակը, պարտության ու նվաստացման հետ անհաշտ տեսակը։ Արցախը տվեցիր, հիմա Սյունիքն ու սյունեցին է քո աքիլլեսյան գարշապարը։ Ու հերթով ճաղավանդակի հետևում ես պահում Սյունիքի տերերին՝ Առուշին, Մխիթարին, Արթուրին․․․
Հիմա հերթը Աշոտ Մինասյանինն է՝ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթինը։ Հասկանում եմ․ այս տեսակի հեղինակությունն ու գոյությունը նվաստացնում է քեզ, քեզ քո մասին հիշեցնում, թանձրացնում մեղքիդ աններելիությունն ու ծանրությունը։
Շրջապատիր քեզ պատերազմի տուրիստներով, անդիպլոմ մարզպետներով, քստմների քծնողներով, կործանարար տգետներով, չարած գործի, իսկ գուցեև հենց դրա համար պարգևատրված աներազանք, անսեր ու անհայրենիք չտեսներով, երկիրը դարձրու համատարած բանտ ու գաղտնալսման ցանց, լայքի համար տնօրեն հանել տուր, քո հրաժարականը պահանջող մտավորականներին հավատաքննության ենթարկիր, գլխատիր կրթական համակարգը, կեղեքիր մշակույթի ու հավատի սյուները, շուրջիններիդ մանկուրտ դարձրու,․․․միևնույն է, չես ազատվելու ո՜չ պատասխանատվությունից, ոչ էլ՝ պատմության դատաստանից։ Ու ամեն անգամ հայելու առջև կանգնելուց քո թողած ավերն ես տեսնելու, ամուլ ու դառը դատարկություն․․․
Դու արդեն այդտեղ ես՝ քո վախերով, ազգակործան հետագծով ու չարաբաստիկ առաքելությամբ։ Քո գնահատականը բոլորից լավ ինքդ գիտես․․․Եվ ԵՌԱԲԼՈՒՐԸ․․․
Մեր տեսակը չի նահանջելու, մենք երազել գիտենք, երկիր կառուցել գիտենք, մենք Հայրենիք ու պետություն պահող ենք և ոչ՝ տվող։
Ու, հիշիր, երբ մի օր թուլանան բունկերներիդ սողնակները, երբ սասանվեն ապարանքիդ դարպասները, երբ օղակը սեղմվի և, այնուամենայնիվ, բազմագույն բերետավորների մեջ հանկարծ պետական շահն արթնանա, առաջինը քեզ լքելու են քո անձնական դատավորներն ու անձնական թիմը։
Արցախը տվեցիր, հիմա Սյունիքն ու սյունեցին է քո աքիլլեսյան գարշապարը