Հարցազրույց

20.11.2021 12:48


Սյունիքում ամենամեծ խնդիրը վաղվա ագրեսիային պետականորեն դիմագրավելն է, ինչի շունչը ես չնկատեցի․ Աշոտ Սիմոնյան (տեսանյութ)

Սյունիքում ամենամեծ խնդիրը վաղվա ագրեսիային պետականորեն դիմագրավելն է, ինչի շունչը ես չնկատեցի․ Աշոտ Սիմոնյան (տեսանյութ)

Սյունիքի վերջին ագրեսիային հայկական կողմից ադեկվատ արձագանքի բացակայությունը իրոք մտահոգիչ է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը։

Նա ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի պատասխանատուների հետ եղել է Իշխանասարի հատվածում, տեսել կատարվածը, հետևություններ արել։

«Երբ գնահատում ենք տարբեր ռազմական գործողություններ՝ ականատես ենք լինում փաստի, որ թշնամին լկտի պահվածք է ցուցաբերում մեր սուվերեն տարածքի նկատմամբ, իսկ մեր արձագանքը որպես այդպիսին համահունչ չէ։ Սա ունի մեկ պարզ բացատրություն, որ այս իշխանությունը ի վիճակի չէ ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական առումով դիմագրավելու այն մարտահրավերները, որոնք այսօր մեր առջև են։ Սյունիքում ամենամեծ խնդիրը վաղվա-մյուս օրվա հերթական ագրեսիային դիմագրավելն է, ինչի շունչը՝ պետական մակարդակով կազմակերպված, ես Սյունիքում չնկատեցի»,-ասաց Աշոտ Սիմոնյանը։

Սա, ըստ նրա, ամենակործանարար հետևանքը կարող է ունենալ, որովհետև երկրի ղեկավարի համար ամենաէականը իր իշխանությունը պահելն է․ զինվորի կյանքը, առողջությունը, անհայտության մեջ գտնվող 10-ից ավելի մարդու ճակատագիր այդ մարդկանց չի հետաքրքրում, նրանք ամեն անգամ իրենց ձախողումների բուն պատճառը փորփրելու և հասկանալու փոխարեն ամեն ինչ անում են, որ արդարացնեն դա։

Սյունիքի գերակա բարձունքները ադրբեջանցիներին զիջելու դիմաց Տավուշի գյուղերը կամ դեպի Նախիջևան ճանապարհը հայկական պահելու վարկածները, Աշոտ Սիմոնյանի դիտարկմամբ, կյանք ունենալու իրավունք ունեն, որովհետև երբ իշխանությունները չունեն հստակ պլանավորած գործողություններ, թե ինչ են ուզում, երբ բանակցում են իրենց զրոյական կետից և միայն իրենց է հասու, թե դա որն է, երբ հայտարարում են, որ ինչի շուրջ ուզում՝ դրա շուրջ են բանակցում, երբ բազմաթիվ դրվագներ փաստում են, որ 44-օրյա պատերազմին ինչ-ինչ հարցեր այն չեն եղել՝ այդ վարկածները գոյություն ունենալու իրավունք են ստանում։

Այս ամենից հետո օրվա իշխանությունները փորձում են իրենց աթոռը ամրապնդել նաև տեղական իշխանությունների մակարդակով և վարչական լծակներով միջամտում են ՏԻՄ ընտրություններին։

«Ինչո՞ւ, որովհետև Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, իր 2018 թ-ի փորձը օգտագործելով՝ հասկացավ մի բան․ եթե ես կարող եմ զբաղեցնել վարչապետի աթոռը և որոշ ժամանակ անց, օգտվելով վարչական ռեսուրսներից, գնալ ընտրությունների և այդ ընտրություններում հաղթել, ինչո՞ւ դա չանել նաև տեղական ինքնակառավարման մակարդակով»,-ասաց Աշոտ Սիմոնյանը։

Ըստ էության, նա արեց դա․ գործող ՏԻՄ մարմինները, որոնք ընտրված էին և 2021 թ-ի հոկտեմբերին դրանց 90 տոկոսից ավելիի լիազորությունները դադարում էին, սպասեց մինչև այդ մարմինների լիազորությունները դադարեն, ավագանիներին թողեց դադարած և որևէ քայլ չձեռնարկեց, իսկ համայնքի ղեկավարների շրջանում ազատվեց իր համար անցանկալիներից և նշանակեց ժամանակավոր պաշտոնակատարներ, որ այդ ժամանակահատվածում ձևավորի իր թիմն ու գնա ընտրությունների։

«Անցնող ամիսներն էլ ցույց տվեցին, որ նա ազատվեց գործող գրեթե բոլոր համայնքի ղեկավարներից, նշանակեց իր ցանկալի ԺՊ-ներին, և, եթե նայելու լինենք դեկտեմբերի 5-ի ընտրությունները, 37 համայնքներից գրեթե բոլորում ավագանու իրենց ցուցակները գլխավորում են այդ ժամանակավոր պաշտոնակատարները։ Ցուցակների անդամներն էլ այն բնակավայրերի համայնքապետերն են, որոնք միացվել են և խոշորացվել։ Օգտագործելով վարչական մեքենայի ամբողջ կարողականությունը՝ մեկին վախեցնելով, մեկին համոզելով, շատերը նաև ինքնակամ այդ ցուցակներում հայտնվելով՝ ձևավորել են ցանկեր, որոնցում կա՛մ այդ համայնքների համայնքապետերն են, կա՛մ այդ համայնքներում գործող դպրոցների և պետական այլ ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարները, մյուս կողմից էլ մանրադիտակով նայում են՝ ովքեր են ընդգրկված ընդդիմադիր ուժերի ցանկում, որ հետապնդումներ սկսեն»,-ասաց Աշոտ Սիմոնյանը։

Այս պայմաններում ՀՅԴ-ն՝ միայնակ կամ դաշինքով, մասնակցում է 37 համայնքներից 20-ի ՏԻՄ ընտրություններին։

«Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները մեզ համար կարևոր են՝ անկախ նրանից, որ իշխանությունը «հավասար մրցակցային պայմաններ» կոչվածը ոտնահարել է և սրբելով առաջ է ընթանում։ Մենք այս ընտրություններին վճռական մասնակցելու ենք, որովհետև վստահ ենք, որ եթե չունենանք առողջ և պրոֆեսիոնալ ձևով ընտրված ավագանու անդամներ և համայնքի ղեկավարներ, չենք կարողաանալու զարգացնել տարածքային կառավարումն ու տեղական ինքնակառավարումը»,-ասաց Աշոտ Սիմոնյանը։

Նա վստահեցրեց, որ ՀՅԴ-ն ունի քաղաքականապես հասուն կադրեր՝ կուսակցական ընկերներ ու համակիրներ, որոնք կյանք են դրել, գործ են արել այդ համայնքներում, և որոնք դեռևս խոսք ունեն ասելու այդ համայնքներում։ Նա համոզված է, որ, անկախ ճնշումներից, որոշ տեղերում նաև բռնաճնշումների հասնող գործելաոճից, մեր համայնքների բնակիչները կկատարեն ճիշտ ընտրություն, և մենք կունենանք ավելի արդյունավետ տեղական ինքնակառավարման մարմիններ, քան իր առջև նպատակ է դրել այս իշխանությունը։

Այս խորագրի վերջին նյութերը