Լրահոս

09.07.2011 13:24


Իսրայելի օդանավակայանում 250 մարդ է ձերբակալվել, որոնցից 69–ը կվտարվի

Ինչպես հաղորդում է «The Jerusalem Post» տեղական գործակալությունը, Իսրայելի օդանավակայանում 250 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են պաղեստինցիների պաշտպանությանը նվիրված ակցիային մասնակցելու մտադրության մեջ։

Ոստիկանների կողմից հարցաքննվելուց հետո ձերբակալվածներից 69–ի մուտքն Իսրայել արգելվել է։ Չորս ակտիվիստի արդեն հետ են ուղարկել այն քաղաքներ, որտեղից նրանք ժամանել էին, իսկ մյուսներն այս պահին կալանքի տակ են և շուտով պետք է վտարվեն։

Ձերբակալվածների թվում կան ԱՄՆ–ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Բելգիայի և Նիդեռլանդների քաղաքացիներ։ Հաղորդվում է նաև, որ օդանավակայանի տերմինալներից մեկում ձերբակալվել է 6 իսրայելցի, որոնք պաստառներ էին պարզել՝ «Բարի գալուստ, Պաղեստի՛ն» անվանումով։ Նշենք, որ հենց այդ անունը կրող շարժումն էր պատրաստվում օդանավակայանում ակցիա անցկացնել։

«Բարի գալուստ, Պաղեստի՛ն» շարժումը, որ հանդես է գալիս  անկախ Պաղեստինի պետություն ստեղծելու առաջարկով, հուլիսի 8–ին նախատեսում էր օդանավակայանում բողոքի ակցիա անցկացնել։ Հարյուրավոր օտարերկրացիներ Եվրոպայից և ԱՄՆ–ից պլանավորել էին Թել Ավիվ ժամանել պաղեստինցիներին իրենց աջակցությունը հայտնելու համար, իսկ Իսրայելի իշխանությունները որոշել էին կանխել այդ ակցիան։

Այս խորագրի վերջին նյութերը