Լրահոս

08.07.2011 16:22


«Ոսկե ծիրան» երևանյան 8-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը

«Ոսկե ծիրան» երևանյան 8-րդ կինոփառատոնի այս տարվա գլխավոր անակնկալը աշխարհահռչակ Ֆանի Արդանի այցն է: 60-ից ավել ֆիլմերում նկարահանված դերասանուհին «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 10-ին ժամը 13:00-ին հանդիպում կունենա հայ հանդիսատեսի հետ: Իսկ հուլիսի 11-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն Ֆանի Արդանի արդեն որպես ռեժիսոր նկարահանած երկու ֆիլմերը` «Մոխիր և արյուն»  և կարճամետրաժ «Բացակա երազներ»:

Երևանյան պրեմիերաների շարքում այս տարի «Ոսկե ծիրան»-ը կներկայացնի Կաննի կինոփառատոնի 3 մրցանակակիրներին` Թերենս Մալիքի «Կենաց ծառը»` «Ոսկե արմավենու ճյուղ»; Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում»` «Գրան պրի»; Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիա»` «Լավագույն դերասանուհի» Քիրսթեն Դանսթ: Նույն ծրագրի շրջանակներում կցուցադրվեն նաև Բրեյդեն Քինգի «Այստեղ», Պավել Կոստոմարովի «Ես քեզ սիրում եմ» և Սերժ Ավետիքյանի «Շների պատմությունը» ֆիլմերը:

Հանդիսատեսին կներայացվեն Բերտրան Տավերնյենի ( Կաննի ՄԿՓ-ում «Լավագույն ռեժիսոր» մրցանակին արժանացած «Կիրակին` քաղաքից դուրս»,  երկուական «Սեզարի» ր Եվրոպական կինոակադեմիայի մրցանակների արժանացած «Կյանքից բացի, ուրիշ ոչինչ», Բեռլինի կինոփառատոնում 3 մրցանակի արժանացած «Ամեն ինչ սկսվում է այսօր», Կաննի ՄԿՓ-ում ներկայացված «Իշխանուհի դը Մոնպանսյե»), Բելա Տարի ( Բեռլինի ՄԿՓ-ում «Արծաթե արջի» և FIPRESCI մրցանակների արժանացած «Թուրինյան ձին», «Նզովք», «Լոնդոնցի մարդը»,), Վոյչեխ Մարչևսկու (Բեռլինի ՄԿՓ-ում «Ոսկե արջ»-ի արժանացած «Վեյսեր», Բեռլինի ՄԿՓ-ում «Արծաթե արջի» և FIPRESCI մրցանակների արժանացած «Երկյուղներ», Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին արժանացած «Փախուստ «Ազատություն» կինոթատրոնից») և Ռոման Բալայանի («Մենավոր գայլը (Բիրյուկ)», ԽՍՀՄ պետական մրցանակակիր «Թռիչքներ երազում և արթմնի», «Համբույր», Ստամբուլի ՄԿՓ-ում «Ոսկե կակաչի» արժանացած  «Պահպանիր ինձ, իմ թալիսման», «Մատնիչը», «Մի գիշեր Փարաջանովի թանգարանում», «Կանխակալ լինենք մեր ընկերների հանդեպ») ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

8-րդ «Ոսկե ծիրան»-ի մրցութային 4 անվանակարգերում ներառված ֆիլմերը կդատեն միջազգային 6 ժյուրիները:

Խաղարկային ֆիլմերի ժյուրին կնախագահի հանրահայտ “The Guardian” –ի և “London Evening Standard” –ի գլխավոր կինոքննադատ Դերեկ Մալքոլմը:   Ժյուրիի մյուս անդամնեն են ֆրանսիացի Ֆրեդերիկ Բուայեն, Մեծ Բրիտանիան ներկայացնող Պավել Պավլիկովսկին, հարավկորեացի Չհո Յոուն-չուն, Հայաստանից Վահագն Տեր-Հակոբյանը:

Վավերագրական ֆիլմերի մրցույթը կդատի բուլղարացի կինոքննադատ Բոժիդար Մանովի գլխավորած ժյուրին: Մյուս անդամներն են Ալես Դոկտորիչը (Իտալիա), Ամիր Էսֆանդիարին (Իրան), Պավել Կոստոմարովը (Ռուսաստան) և Նունե Հախվերդյանը (Հայաստան):

«Հայկական համայնապատկեր» անվանակարգում հաղթողին կորոշեն ժյուրիի նախագահ Ելենա Ստիշովան (Ռուսաստան), Արմեն Դովլաթյանը (Հայաստան), Նիրմալ Դհարը (Հնդկաստան), Օզջան Ալփերը (Թուրքիա) և Սվետլանա Գուլյանը (Հայաստան):

«Կորիզ» անվանակարգի ժյուրիի անդամներն են Թիերի Լընուվելը (Ֆրանսիա), Կարինե Թորոսյանը (Կանադա) և Օլգա Շերվուդը (Ռուսաստան):

Բացի վերոնշյալներից, ֆիլմերը կդատեն նաև FIPRESCI և Էկումենիկ ժյուրիները: FIPRESCI ժյուրիի կազմում ընդգրկվում են Կինոգետների և կինոքննադատնեի միջազգային կազմակերպության անդամները:  Էկումենիկ ժյուրիի կազմում Եկեղեցիների համաշխարհային անկախ կազմակերպության անդամներն են:

Այս տարին “Ոսկե ծիրան”-ի համար նախանշվեց մի նոր համագործակցությամբ. առաջին անգամ փառատոնին իր աջակցությունն է բերում ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը: Հենց վերջինիս ջանքերով է կազմակերպվել ԱՊՀ-ի կազմավորման 20-ամյակին նվիրված ծրագիրը: Ըստ երևույթին, վերջին քսան տարիների ընթացքում կորել է  ստեղծագործական կապը ԱՊՀ-ի կինեմատոգրաֆիստների միջև: Համագործակցության ծրագրի նպատակն է ստեղծել ընդհանուր հումանիտար և մշակութային, կինեմատոգրաֆիական տարածություն, նպաստել մշտական կապերի հաստատմանը  ԱՊՀ ողջ տարածքում, այդպիսով` նկարահանվող ֆիլմերը ներկայացնել նաև հայ հանդիսատեսին: «ԱՊՀ երկրների կինոն. անկախության 20 տարի» ծրագրում մասնակցում են ֆիլմեր ԱՊՀ-ի գրեթե բոլոր երկրներից՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն կլոր սեղաններ, որոնք կմիավորեն Հայաստանի և ԱՊՀ երկրների կինեմատոգրաֆիստներին,  կքննարկվեն ժամանակակից կինոյի խնդիրները:

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը:

Այս խորագրի վերջին նյութերը