Կարծիք

13.11.2021 08:39


Աղետաբեր անկրթություն

Աղետաբեր անկրթություն

Փաշինյանը Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» հաստատ կարդացել է, որ հիմա հայտարարում է․ «Թե ժողովուրդը որոշի, որ մեզ պետք է գնդակահարել, մենք անմռունչ կկանգնենք գնդակահարության պատի տակ»։ Բայց Մարկես կարդալը քիչ է կրթված լինելու համար։ Մարկեսը տպավորիչ գրող է, «գնդապետ Աուրելիանո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած կմտաբերի» խոսքը ու էլի շատ ոճավորումներ հիշվում են ու այս դեպքում, այնպես որ տգիտությունը իր համար տեղ է բացում։ Ինչո՞ւ։

Եթե Փաշինյանը ուզում է, որ իրեն ժողովուրդը դատի, ապա այդպես չի լինում, ժողովրդի դատը ամբոխի դատն է, ինչպես Կադաֆիին ամբոխը սպանեց, ու ոչ ոք չկարողացավ ամբոխի ձեռքից խլել Կադաֆիին դատելու իրավունքը։

Բայց Փաշինյանը այդ չի ասում, այլ բան է ասում, որ Հայաստանը վարչապետ է ընտրել անկիրթ, տգետ մեկին ով գաղափար չունի իրավունքի, դատական համակարգի մասին, հաստատություններ ու հասկացություններ, որ դպրոցում են անցնում։ Գուցե ասեն պոպուլի՞զմ է անում, որ տգետ մասսային դուրը գա, որ ամեն ինչ որոշողը ժողովուրդն է և ոչ թե դատարանը, որ հնարավոր չի չհասկանա, թե ինչ է դատարանը։ Թող լինի պոպուլիզմ, բայց իրոք չի հասկանում, գրագետ պոպուլիստը իրեն թույլ չի տա տգետ բաներ ասել։ Մտավորականը, ռուսերեն ասած՝ Интеллигентность, բարեկի՞րթ, ռուս մտավորական Լիխաչևի խոսքն է՝ Интеллигентность нужна при всех обстоятельствах. Она нужна и для окружающих, и для самого человека,

Միայն ոչ մտավորականը, անբարեկիրթը, անկիրթը դատարանի, իրավունքի ու ամբոխի սահմանները չճանաչողը այսպես կխոսի։ Տգիտության արդյունք էր նաև բանակցությունները տապալելն՝ «իմ կետից» սկսել արտահայտությունը, որ երկրի գլխին պատերազմ ու աղետ բերեց։ Ամենանուրբ քաղաքականությունը հենց բանակցային արվեստն է, որ այնպես տանես, որ մի կողմից երկրի շահերը պաշտպանես, մյուս կողմից հանկարծ պատերազմ չբերես երկրի գլխին։ Ու երբ նրան ասում են՝ բանակցությունները տապալել ես, սկսում է գոռալ, թե Սերժ Սարգսյանը 5+2 շրջանները տալիս էր։ Սարգսյանն էլ պատասխանում է, թե մենք բանակցում էինք ոչ թե տալու շուրջ, այլ թե ինչ ենք ստանալու։ Բայց ինչո՞ւ պատասխանել, ասենք թե բնակցում էին տալու շուրջ։ Ասենք թե 5+2 շրջան տալու համար էին բանակցում, բայց իրենք էլ տվեցին ինը շրջան ու հինգ հազար զոհ ու հազարավոր վիրավորներ, և դարավոր հայկական բնակավայրեր դատարկեցին։ Հանձնել հանձնել էր՝ եթե Սարգսյանը հանձնող էր, դուք էլ հետևելով նրան՝ առանց զոհի հանձնեիք։ Կամ մեկ էլ ասում են՝ բանակը թալանել են, պարտվեցինք։ Գիտեիք թալանել են, իշխանությունը չվերցնեիք՝ թողնեիք «թալանչիներին», պատերազմ լիներ, 2016-ի պես կկանգնացնեին։ Կամ էլ թալանել էին, պատերազմի երկիրը չտանեիք, հանձնեիք տարածքները առանց պատերազմի՝ գոնե այդքան զոհ չէր լինի, Շուշին ու Հադրութն էլ կմնային հայկական։ Ո՛չ, այստեղ բանավեճ չկա՝ Տերպետրոսյանական փուլայինի ու Քոչարյանական փաթեթայինի միջև, երկու դիրքորոշման քաղաքականության շրջանում էլ կար պատասխանատվության մի գիտակցում, որ աղետ չթափվի երկրի վրա։ Իսկ Փաշինյանի դեպքում խոսքը պատասխանատվության զրո գիտակցության մասին է։

Նրա տգիտությունը թույլ չի տվել հասկանալ Արցախի խնդրի բուն էությունը, ինքնորոշման իրավունքը, կասեք՝ ինչպե՞ս կարող է չիմանալ՝ ինչ է ինքնորոշման իրավունքը։ Այո, մակերեսային հասկացությանը ծանոթ է, բայց էությունը, միջազգային հարաբերություններում նշանակությունը ինքնորոշման չգիտի, եթե կհիշեք, Մյունխենում Ալիևի հետ բանավեճում Տիգրան Մեծից էր խոսում, մի բառ չասեց ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, նույնն էլ bbc-ի հարցազրույցում։ Ահա, թե ինչ է նշանակում թերուս, անկիրթ մեկի գալը իշխանության, ու հենց այդ տգիտությամբ էլ երեք տարուց ավելի կառավարում է։ Կարող են հակաճառել, թե ուսյալները ինչ են, որ տգետն էլ ինչ լինի։ Փաշինյանի իշխանությունը ցույց տվեց, որ մի չափ կա, որ բացի իրենից՝ չէին անցնի ոչ մի ղեկավար։ Հայաստանի երեք նախագահներն էլ այդքան կրթվածություն ունեին որ այսպես հեշտորեն այսպիսի ահավոր աղետ չէին բերի երկրի գլխին։ Կրթվածությունը նաև բարոյական ձող է, պատասխանատվության զգացումն էլ է կրթություն, կրթվում է պատասխանատվությունը։ Այո՛, գիտենք որ իշխանատենչությունը մի մոլուցք է որ դժվար է դիմադրել, բայց ի՞նչ գնով չդիմադրել, Լևոն Տեր֊Պետրոսյանը 1998 թվին հրաժարական տվեց, 2018֊ին էլ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ինչո՞ւ, քանի որ վտանգ կար արյուն թափվելու։ Իսկ Փաշինյանը չունի այդ պատասխանատվության զգացումը, հազարներ էլ կզոհի հանուն իշխանության։ Հայաստանի որևէ ղեկավար չէր հաշվարկի՝ պատերազմում 44 օր խաբի, ասի՝ հաղթում ենք, ու կոտորածի ենթարկի ամբողջ սերունդ, պատերազմը կանգնեցնելու բոլոր փորձերը մերժի, ինչ է թե հանրությունը չիմանա մեծ աղետի մասին, որ չըմբոստնա ու իշխանափոխություն անի։ Բայց էդ էլ հերիք չի, պատերազմի ամենաղետալի վիճակում էնքան տարված լինի իր էգոյով, որ թույլ չտա փորձված զինվորակաները գոնե խորհուրդներով օգնեն դիմադրությանը։

Այնքան ահավոր ու անհավատելի է նրա անպատասխանատվությունը, որ շատերը այնտեղ տեսնում են ոչ թե հոգեբանական նկարագիր, այլ մտածված դավաճանություն, արտաքին ուժերի գործակալ։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը