Կարծիք

12.11.2021 15:09


4 գյուղերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, բուժօգնության խնդիրներ

4 գյուղերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, բուժօգնության խնդիրներ

ՍՅՈՒՆԻՔԸ ԿԱՆԳՆԱԾ Է ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏԻ ՇԵՄԻՆ

Նոյեմբերի 11-ից Ադրբեջանն անօրինականորեն և ՀՀ իշխանությունների թողտվությամբ փակել է Գորիս-Կապան ճանապարհը՝ սահմանելով սահմանային ու մաքսային վերահսկողություն: Այսօր արդեն Սյունիքը կանգնած է հումանիտար աղետի շեմին։

Դժվարացել է կապը Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գյուղերի, Կապան համայնքի Նոր Առաջաձոր գյուղի կապը համայնքի կենտրոնի և ՀՀ մյուս բնակավայրերի հետ։ Նշված գյուղերը մոտակա գյուղերին միացնող երթևեկելի ճանապարհներ չկան, միայն հողային արահետներ են, որոնք հատկապես այս եղանակին անցանելի չեն։

Նշված 4 գյուղերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, բուժօգնության և սպասարկման հասանելիության լուրջ խնդիրներ։ Երեկ միայն 16։00-ից հետո է հնարավոր եղել Գորիսից հաց հասցնել Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղեր։

Որոտան, Շուռնուխ ու Բարձրավան գյուղերի դպրոցների ուսուցիչների մեծ մասը գալիս են Գորիսից։ Ճանապարհի փակ լինելու պատճառով երեկ նրանք չեն կարողացել գալ աշխատանքի։ Այսօրվանից արդեն դպրոցներում դասերն առցանց են անցկացվելու, և դեռ հարց է՝ այդ գյուղերում աշակերտներից քանիսն ունեն համապատասխան հնարավորություններ՝ առցանց դասերին մասնակցելու։

Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և Նոր Առաջաձոր գյուղերում բնակվում են նաև տարեցներ, հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցող անձինք, որոնք օպերատիվ, արդյունավետ և անհետաձգելի բժշկական օգնություն և դեղորայք ստանալու կարիք ունեն։ Ցանկացած պահի նման կարիք կարող են ունենալ գյուղերի մյուս բնակիչները, այդ թվում՝ երեխաները։ Մինչդեռ Գորիս-Կապան ճանապարհի փակ լինելու պատճառով դա հնարավոր է կազմակերպել։

Երեկ Գորիս-Կապան ճանապարհը փակելուց բացի Ադրբեջանը փաստացի տևական ժամանակ փակել էր նաև Կապան-Ճակատեն ճանապարհը։ Այս ճանապարհահատվածն էլ թշնամուն հանձնելու դեպքում նույն խնդիրների առաջ են կանգնելու Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ և Շիշկերտ գյուղերը։

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը