Լրահոս

08.07.2011 13:15


ՀԱԿ անդամ. «Սերժ Սարգսյանն ուղղակի խուսանավել է»

ՀԱԿ անդամ. «Սերժ Սարգսյանն ուղղակի խուսանավել է»

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն խոսքերին, որ երկխոսել ցանկացող ՀԱԿ ներկայացուցիչներին կարող են տանել Սևան կամ էլ «Օջախ» ռեստորան, «Ժողովրդի իշխանություն» հասարակական–քաղաքական նախաձեռնության համակարգող խորհրդի և Հայ ազգային կոնգրեսի անդամ Մովսես Արիստակեսյանն ասել է, որ վիրավորված չէ, քանի որ Գալուստ Սահակյանն ադեկվատ պետական մտածողություն չունի, և գործունեությունը պայմանավորված է նեղ անձնական և կուսակցական շահերով։

–Վիրավորվել կարելի է մի անձնավորությունից, ով պետության համար կատարել է արժանի աշխատանք և այդ պետության կայացման գործում ունի ներդրում։ Գալուստ Սահակյան քաղաքական գործիչը հայտնի է թե՛ իր սկանդալային ելույթներով, թե՛ իր ոչ ադեկվատ մտքերով և թե՛ իր շահերով գործելու հատկանիշներով։ Դա վերաբերում է թե՛ իր որդիներին համապատասխան աշխատանքի տեղավորելուն, թե՛ քաղաքական գործունեությունը ու պետության հեղինակությունն իր կուսակցության և իր ընտանիքի, իր բարեկամների տնեսական շահերին ծառայեցնելուն,–ասել է Մովսես Արիստակեսյանը՝ Գալուստ Սահակյանի՝ ՀԱԿ–ին ուղղված խոսքերը ծաղրանք չհամարելով.

–Նա իշխանություն չէ։ Եթե նրան են համարում իշխանություն, որ ծաղրում է ՀԱԿ–ի գործունեությունը, ապա թյուրիմացության մեջ են։ Նա մի անձ է, կուսակցության փոխնախագահ, որն ունի իր նախագահը, և նրա նախագահը մեզ պատասխանել է երկխոսություն սկսելու վերաբերյալ, որին մենք արժանի պատասխան ենք տվել։

ՀԱԿ անդամը Սերժ Սարգսյանի հայտնի պատասխանն էլ ծաղրական չի համարում, այլ կարծում է, որ ՀՀ նախագահն ուղղակի խուսանավել է՝ փորձելով ՀԱԿ–ին խճճել դռնեդուռ ուղարկելով։

–Քննարկելով այդ նրբերանգը՝ մենք արժանի պատասխան ենք տվել նրան, որ ինքը ժամանակ ունի՝ լո՛ւրջ մտածելու իր կոալիցիոն գործընկերներով, գա համարժե՛ք բանակցող կողմերի, համարժե՛ք և արժանի մարդկանց թվաքանակով գա նստի սեղանի շուրջ, և որոշենք այս պետության ամենակարևոր՝ ոչ լեգիտիմության ու իշխանության հանգիստ փոփոխության խնդիրները,–նշել է Մ. Արիստակեսյանը։

Նա իրեն խաբված չի զգում նաև Լևոն Տեր–Պետրոսյանից, քանի որ, Մ. Արիստակեսյանի խոսքերով, ինքն էլ է մասնակցում որոշումներ կայացնելուն.

–Ավելին, տեսե՛ք, որ ժողովուրդն է սատարում Լևոն Տեր–Պետրոսյանի կոչերին։ Վերջին հանրահավաքին Կոնգրեսը մտածում էր հաջորդ հանրահավաքը սեպտեմբերին հրավիրել արդեն ջրբաժանի պահանջով, բայց ժողովուրդը պահանջեց օգոստոսին։ Մեկ օր շուտ ուզում են ազատվել այս իշխանություններից։

«7օր»–ի այն դիտարկմանը, որ եթե իրականում ժողովրդին է հարցնում ՀԱԿ–ը, ապա հանրահավաքի մասնակիցները հենց այդ պահին էլ ուզում են նստացույց և շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել, բայց ա՛յդ հարցում նրանց լսող չկա, և իրականում ստացվում է, որ ՀԱԿ–ը ժողովրդին հարցնում և լսում է միայն այն, ինչը միայն իրեն է ձեռնտու, Մ. Արիստակեսյանը չի համաձայնել։

–Յուրաքանչյուր լուրջ քաղաքական գործիչ պետք է յուրաքանչյուր քայլը մտածի՝ որ ժամին երբ կատարի։ Թեև ժողովրդի ցանկությունը շատ է, բայց քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը