Կարծիք

06.11.2021 21:26


Պետք է ձևավորել ազգային արժանապատիվ դիմադրության հզոր շարժում

Պետք է ձևավորել ազգային արժանապատիվ դիմադրության հզոր շարժում

Սիրելի՛ հայրենակիցներ

Անցյալ տարի այս օրը զենքերը դեռ չէին լռել, և հայ զինվորն ու սպան, կամավորականն ու երկրապահը անձնուրաց մաքառում էին հակառակորդին կանգնեցնելու, Արցախը պաշտպանելու համար՝ չենթադրելով անգամ, որ իրենց թիկունքում իրենց ընտրած իշխանությունը ստորագրելու է կապիտուլյացիայի փաստաթուղթ՝ հակառակորդին նվիրելով ոչ միայն այն տարածքները, որտեղ նրանք կարողացել էին մխրճվել, այլև հայկական պատմական Արցախի այն բնակավայրերը՝ Հադրութը, Շուշին, Քարվաճառը, Քաշաթաղը, որոնք գրավելը հակառակորդի համար կարող էր լինել և՛ անհնար, և՛ չափազանց թանկ։

Հերթական փաստաթուղթը, որը նույն «տրամաբանությամբ» կարող է ստորագրել պարտված իշխանությունը, անշրջելի կդարձնի մեր պետության կապիտուլյացիան՝ փակելով Արցախի, Հայաստանի անկախության, ինքնիշխանության էջը։

Ուստի կո՛չ եմ անում

հանուն Հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսների հարազատներին,

մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներին,

Արցախի, Հայաստանի ճակատագրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին,

նոյեմբերի 8-ին՝ ժամը 18։00, գալ Ազատության հրապարակ, որտեղ 33 տարի առաջ զարթոնք ապրեց Արցախյան ազատագրական շարժումը, և մեր հավաքական կամքը, վճռականությունը, արդար պայքարը փառահեղ հաղթանակների գրավական դարձան։

Այսօր հրամայականը նույնն է։ Պետք է ձևավորել ազգային արժանապատիվ դիմադրության հզոր շարժում և

Ո՛Չ ասել այն ուժերին, որոնք իրենց ապիկար, ազգադավ գործունեությամբ ջարդեցին մեր ժողովրդի միասնականությունն ու դիմադրողականությունը։

Ո՛Չ Հայաստանի թուրքացմանը։

Ո՛Չ Արցախի հայաթափմանը։

Սա է մեր կարգախոսը։ Եվ մենք համոզված ենք, որ մեր պետության առջև ծառացած մարտահրավերները կարող ենք հաղթահարել, եթե պետականամետ, ազգանվեր, առողջ ուժերը ոտքի կանգնեն, և նրանց շուրջ համախմբվեն նրանք, «ովքեր իրենց բարոյապես մեռած չեն համարում», որովհետև բարոյական դասալքություն և մահ է Հայրենիքը վաճառելը կամ անհաղորդ դիտելը՝ ինչպես են այն քանդում, ոչնչացնում։

Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը