Կարծիք

04.11.2021 20:19


Պաշտոնյաների ցանկ կազմելն ու ասել, թե նրանք կարող են չպատվաստվել՝ նույնն է, թե քաղաքացուն ասել՝ պատվաստվելը վատ բան է. չհասկանալ սա՝ նշանակում է չհասկանալ պետական կառավարման էությունը

Պաշտոնյաների ցանկ կազմելն ու ասել, թե նրանք կարող են չպատվաստվել՝ նույնն է, թե քաղաքացուն ասել՝ պատվաստվելը վատ բան է. չհասկանալ սա՝ նշանակում է չհասկանալ պետական կառավարման էությունը

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի՝ «Ճիշտ հասկանալ վիճակը» վերտառությամբ հոդվածը.

Քովիդ իրավիճակը Հայաստանում այս պահին բացարձակ աղետալի է։ Վատագույն ցուցանիշներով աշխարհում առաջատարներից ենք՝ 1 մլն բնակչի հաշվով մահերի թվով, պատվաստումների ծայրահեղ ցածր թվով։ Սա իսկական աղետ է, որը հիմա մեր երկրում է։

Հիմնական թիրախը առողջապահության նախարարությունն է ու անձամբ նախարարը։ Սա գավառական, պարզունակ մոտեցում է։ Ընդհանրապես հանրային աղետի ժամանակ անձնական շահեր տեսնելը բարոյական չէ։ Եթե ուզում ենք ճիշտ գնահատել վիճակը և լինել օգտակար, ապա պետք է ի վիճակի լինենք հարցերը ճիշտ խմբավորելու։

Առողջապահության նախարարը.

- Չի կարող տասնյակ հազարավոր շենքերի հարակից փոքր խանութներում, շքամուտքերում, վերելակներում հետևել, որ 4-8 հոգով, անծանոթ մարդկանցով առանց դիմակ չկուտակվեն։ Մեր քաղաքացիներն այս պարզ բաները չեն հասկանում՝ արդեն երկրորդ տարին է։

- Չի կարող հետևել քաղաքային տրանսպորտի խցկվածությանը, և եթե նույնիսկ բոլորը դիմակով են, ապա 30-40 հոգով մի փոքր ավտոբուսով երթևեկելու պարագայում վարակն անզուսպ տարածվելու է։ Երկրում մարդուն վայել քաղաքային տրանսպորտ չկա, բայց դրա պատասխանատուները ստվերում են։

- Չի կարող պարտադրել, որ փակ տարածքները՝ սրճարանները և այլն, պարբերաբար օդափոխվեն։ Եվ եթե այցելուներից մեկը ստիպում է բացել պատուհանը՝ հանդիպում է մյուսների բուռն բողոքին՝ կմրսենք, փակեք։ Բայց այն, որ փակ չօդափոխվող տարածքներում են ամենաշատը վարակվում՝ դա ոչինչ։

- Չի կարող արգելել, որ տան մի անդամ, ունենալով քովիդի նշաններ, օրեր շարունակ չի հանձնում տեստ, չի մեկուսանում, համոզում է իրեն և տնեցիներին, որ ուղղակի մրսել է, և բոլորը սիրով համոզվում են, որի արդյունքում բոլորը օրեր անց հիվանդանում են, իսկ ոմանք՝ մահանում։

Փոխարենը՝ Առողջապահության նախարարը

- Կարող էր և պարտավոր էր ներդնել պատվաստումների էլեկտրոնային հեթագրման համակարգ։ Եվ սա էապես կհեշտացներ գործընթացը։ Կա հիմնավոր մտավախություն, որ բուժհաստատություններում և պատվաստման փակ կետերում խոշոր կուտակումները վարակի տարածման լրացուցիչ լուրջ աղբյուր են։

- Կարող է և պարտավոր է պարտադրել բուժհաստատություններում օդափոխությունները։ Ամեն օր հազարավոր մարդիկ այլ պատճառներով ամբուլատոր այցելությունների ժամանակ հիվանդանոցներում և պոլիկլինականերում ենթարկվում են կորոնավիրուսով վարակման մեծ ռիսկի. մեծ կուտակումներ, չօդափոխվող միջանցքներ, սենյակներ։

- Կա որոշակի հիմնավոր մտավախություն, որ հիվանդների մեծ ծավալի առկայությամբ, տնային/ամբուլատոր պայմաններում, հիվանդության զարգացման վաղ շրջանում իրականացվում է ոչ ճիշտ բուժում։ Այսօր քովիդ բուժում են բոլորը։ Մենք չպետք է վախենանք, ասել, որ այո, կան անգրագետ բժիշկներ։ Թեթև ախտանշաններով հիվանդներին համատարած նշանակվում են հակաբիոտիկներ և ծանր հորմոնալ պրեպարատներ՝ տնային պայմաններում։ Դա անում են և´ առաջնային օղակի բժիշկները, և´ ծանոթ-բարեկամ բժիշկները։ Սխալ բուժումը հանգեցնում է հիվանդության ծանրացման և մահերի։

Քաղաքական իշխանություն, ընդդիմություն, մտավորականություն, հասարակություն։

Երկրի քաղաքական իշխանությունը կրում է ուղիղ պատասխանատվություն՝ ստեղծված վիճակի համար։ Բազմաթիվ սխալները, անգործությունն են հանգեցրել այս վիճակին։ 4-5 ամիս առաջ պարզ էր, որ այսօր մենք այս վիճակն ենք ունենալու։ Մենք անպատրաստ ենք եղել նախօրոք երևացող, լրիվ հաշվարկելի աղետի առաջ։ Քաղաքական իշխանությունը գործել է այնպես, ինչպես բոլոր ոլորտներում՝ անկազմակերպ, դատարկախոս։ Դեռևս հունիսից մասնագետները զգուշացնում էին աշնանը սպասվող իրավիճակի մասին. դժվա՞ր էր ուսուցիչներին հուլիս-օգոստոս ամիսներին պատվաստել՝ խրախուսելով կամ օրինական ցանկացած եղանակով, դժվա՞ր էր մահճակալային ֆոնդը վաղօրոք նախապատրաստել վատագույնին, որ այսօր մարդիկ չմեռնեն տանը, դժվա՞ր էր շուտ մտցնել սահմանափակումներ, որի մասին տասն անգամ զգուշացրել ենք, և այսպես բազմաթիվ այլ քայլեր։

Ընդդիմությունը այդպես էլ չհասկացավ, որ ինքը հանրային կյանքի փայատերերից է, և չի կարող շփվել հասարակության հետ մոնումենտալ հայտարարությունների ժանրում։ Ընդդիմությունը պարտավոր էր խոսել հասարակության հետ, դառնալ պատվաստման քարոզի ազդեցիկ առանցքներից մեկը, իր գրագետ, կոնկրետ առաջարկներով ճնշել իշխանությանը, այդ թվում՝ ԱՆ, հասնել լուծումների։ Հենց այդպես են ընդդիմությունները ձևավորում սոցիալական բազա, դառնում մարդկանց առօրյայի գործընկերը, ընկերը, ուղեցույցը։ Բոլոր այն երկրներում, որտեղ կա էական հաջողություն քովիդի դեմ պայքարում, ընդդիմությունը գործել է հենց այդպես՝ հանուն հանրային առողջության, հանուն խնդրի լուծման, հանուն կյանքեր փրկելու։

Քովիդի դեմ պայքարում հաջողության հասել են այն պետությունները, որտեղ հասարակության մոտ կա վստահություն իշխանության հանդեպ։ Հայաստանում նման մթնոլորտ հասկանալի է, որ չկա։ Ինչո՞ւ պետք է քաղաքացին վստահի իշխանությանը։ Ընդդիմությունը կարող էր և պարտավոր էր իր վրա վերցնել «վստահության բեռը», բայց դա պահանջում է այլ աշխատելաոճ, այլ պատկերացումներ։

Վերնախավեր, մտավորականություն

Հանրային աղետի այս ծավալը վկայում է վերնախավերի տոտալ դեֆոլտի մասին։ Երկրում չկան հանրային հեղինակության ինստիտուտներ, որոնք կբացատրեն ու կհամոզեն հասարակությանը, որ քովիդը կա, որ պատվաստումը «չիպավորում» չէ, որ սա ձեզ սպանելու համար մասոնների որոշումը չէ, որ մեր ազգի վրա ոչինչ չեն փորձարկում և այլն։ Այս պայմաններում մի խումբ անհատներ եթերներից և սոցցանցերում իրենց վրա են վերցրել հանրության հետ համբերատար խոսելու բարդ, բայց կարևորագույն գործը։ Եվ հենց նրանք էլ ձևավորելու են Հայաստանի նոր վերնախավերը։

Պետություն-հասարակություն

Պետությունն ապահովել է պատվաստանյութերի մեծ քանակներ երկրում. այս խնդիրը լուծել է։ Հասարակությունը ունի ցածր գիտակցություն, և դա փաստ է։

Այս պայմաններում պետությունը պետք է և´ պարտադրանքի, և´ համոզելու, խրախուսելու, գործիքները ավելի գրագետ օգտագործի։

Կազմել պաշտոնյաների մեծ ցանկ ու ասել, որ նրանք կարող են չպատվաստվել՝ նույնն է, թե հասարակ քաղաքացուն ասել՝ պատվաստվելը վատ բան է։

Չհասկանալ սա՝ նշանակում է չհասկանալ պետական կառավարման էությունը։

Հրապարակեք բոլոր պաշտոնյաների պատվաստված լինելու փաստը՝ նախագահից մինչև ԱԺ պատգամավորները։ Խրախուսեք մարդկանց, մի սպառնացեք, եղեք կոշտ, բայց նաև՝ անընդհատ հեշտացնելով պատվաստման գործընթացը։ Կյանքեր փրկելու հարցում բարիկադներ չկա։

Այս խորագրի վերջին նյութերը