Հարցազրույց

07.07.2011 12:21


Սոս Գիմիշյան

Սոս Գիմիշյան

Հարցազրույց «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանի հետ

–Մի քանի օր առաջ հրավիրված ասուլիսում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե եթե Հայ ազգային կոնգրեսը ցանկանում է իշխանության հետ երկխոսել, ապա նրան կարող են տանել «Օջախ» ռեստորան կամ էլ Սևան։ Նման ծաղրական արտահայտությունները ձեզ համար վիրավորակա՞ն չեն։

–Ո՛չ, բացարձակապես։ Անշնորհք, դաստիարակությունից զուրկ մարդու խոսքերը չեն կարող վիրավորական լինել։ Հետո, ինձ համար ամենակարևորն այն է, որ մե՛զ պետք չեն բանակցությունները, շատ ավելի շատ նրա՛նց են պետք։ Մենք ինքներս նպատակ ենք դնում բանակցությունների հետ կապված՝ խաղաղ, հանգիստ ճանապարհով հասնել ժողովրդի իշխանությունը վերադարձնելու խնդրի լուծմանը։ Իսկ եթե նրանք գտնում են, որ իրենց կայունություն է պետք, այսինքն կայուն արտագաղթ, կայուն սոցիալական լարվածության մեծացում, պետության կայուն քայքայում, մեզ ոչ թե այդպիսի կայունություն է պետք, այլ պետք է ազգի համախմբում, կոնսոլիդացիա։ Իսկ դրան հնարավոր է հասնել միայն արտահե՛րթ ընտրությունների միջոցով։ Իսկ «Օջախ» Գալուստ Սահակյանը մե՛զ չպետք է հրավիրի։ Իր շրջապատում «Օջախ»–ում մեծացած, դաստիարակված բազմաթիվ մարդիկ կան։ Թող նրանց հետ էլ գնա, «Օջախ»–ում քեֆ անի, այն, ինչ–որ անում է վերջին 15 տարին։

–Բայց ՀԱԿ–ի համար արդեն իսկ հասկանալի՞ չէ, որ իշխանությունը չի՛ գնում արտահերթ ընտրությունների։

–Չէ, ասում է, որ չի լինելու, չի գնալու։ Դե, եթե չի լինելու, չի գնալու, ի՞նչ կարիք կա 10 անգամ կրկնել։ Հետո նաև գիտենք, որ էլի հայտարարում էին՝ չենք անելու, բայց նախագահն ապացուցեց, որ իրենց կարծիքը զրո արժեք ունի, իրենք էլ իսկապես զրո են, ինչպես ասաց Լևոն Տեր–Պետրոսյանը։ Զրոներ են, իրենց ո՞վ է հարցնում, նրանք որոշում ընդունո՞ղ են, կարո՞ղ են ազդել այդ որոշումների վրա։ Այն մարդը, ով այդ հարցին կարող է վերջնական պատասխան տալ, Սերժ Սարգսյանն է։ Մյուսների կողմից խոսելը դատարկ խոսակցություններ են, ինչն ապացուցվեց ընդամենն այս վերջերս։

–Ինչո՞վ ապացուցվեց։

–Իրենք միահամուռ ասում էին՝ ոչ մի դեպքում չի լինելու, բայց հետո Սերժ Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ և առաջարկեց ԱԺ–ն, կառավարություն և այլն։

–Բայց դա կուլտուրական ձևով մերժո՞ւմ չէր Սերժ Սարգսյանի կողմից։

–Իհա՛րկե՝ մերժում չէր։ Այդ ձևով մերժո՞ւմ են։ Ինչու, դուք կասկածո՞ւմ եք, որ շատ շուտով կլինի հայտարարությունը, որ պատրաստ են բանակցել՝ նորմալ ձևաչափով։ Այսինքն՝ այն ձևաչափով, որով մեր պատկերացմամբ կարելի է բանակցել, ոչ թե ուղարկել, ասել՝ գնացեք սրա հետ հանդիպեք, նրա հետ հանդիպեք։

–Այսինքն՝ դուք կարծում եք, որ Սերժ Սարգսյանը ևս մեկ հայտարարությո՞ւն կանի ու կասի, որ ՀԱԿ–ի հետ բանակցելու համար իշխանությունը պատվիրակություն կազմելու է։

–Ես չեմ կասկածում դրանում։ Իշխանություններին շատ ավելի անհրաժեշտ են այդ բանակցությունները, քան թե նույնիսկ մեզ։ Մեր նպատակներից մեկն է՝ հասնել սահմանադրական կարգի վերականգնմանը։ Երկու ճանապարհ կա, մեկը՝ բանակցությունների միջոցով, մյուսը՝ ժողովրդի հետ միասին ճնշումների միջոցով։

–Իսկ հնարավո՞ր է, որ սեպտեմբերին ևս որոշում կայացվի, որ իշխանություններին էլի ժամանակ է տրվում։

–Ո՛չ, դա բացառվում է։ Սեպտեմբերն ավարտն է։ Մենք էլ ժամկետ ունենք։ Մենք գտնում են, որ խնդիրը պատրադիր պետք է լուծվի արտահերթ ընտրությունների միջոցով։ Իսկ արտահերթ ընտրություններ հնարավոր են մինչև խորհրդարանական հերթական ընտրություններ։ Եթե մինչև սեպտեմբեր բանակցային ոչ մի արդյունք չլինի կամ բանակցությունների արդյունքում կմերժվեն արտահերթ ընտրությունները, սեպտեմբերից մենք արդեն պետք է սկսենք մեր գործողությունները երկրորդ ճանապարհով, ժողովրդի հետ միասին ճնշումների միջոցով հասնենք արտահերթ ընտրությունների նշանակմանը։ Իսկ լավագույն դեպքում կլինի աշնանը կամ վատագույն դեպքում պետք է լինի փետրվար–մարտին։ Եթե մենք դրան չհասնենք, կստացվի, որ արտահերթ ընտրությունների միջոցով երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ծրագիրը մեր կողմից ճիշտ չէր նախատեսված, կազմակերպված և իրականացված, և մենք փաստացի սխալ դուրս կգանք։

–Իսկ եթե մինչև հերթական խորհրդարանական ընտրությունները ՀԱԿ–ին չհաջողվի հասնել արտահերթ ընտրությունների, կնշանակի՞, որ ՀԱԿ–ը պարտվեց, և պարզապես դուրս կգա քաղաքական լուսնացք։

–Չի նշանակի։ Դա կնշանակի, որ ժողովուրդը, երկիրը պարտվեց, իսկ ՀԱԿ–ն իր գործողություններում, իր հաշվարկներում և գնահատականներում պարզապես սխալվեց։ ՀԱԿ–ը պարտվել չի կարող։ Դա քաղաքական պայքար է, իսկ ցանկացած քաղաքական պայքար ինչպես հաղթանակ է նախատեսում, այնպես էլ՝ անհաջողություն։

Բայց դրանից հետո ժողովուրդը ձեզ էլ ինչպե՞ս պետք է հավատա։

–Կհավատա միայն այն դեպքում, եթե մենք սուտ չենք խոսում, անկեղծ ենք և մեր գործողություններով անում ենք այն, ինչ–որ ասում ենք։ Մենք մաքսիմալը կանենք, որ խաղաղ ճանապարհով գանք։ Դա լավագույն ճանապարհն է։ Եթե չհասնենք դրան, ապա մաքսիմալը կանենք, որ ժողովրդի հետ միասին՝ ճնշումների միջոցով գանք հաջողության։ Բայց եթե դա էլ չստացվի, ապա ժողովուրդն ինչու պետք է մեզ չվստահի։ Կարևորը՝ մենք մեր ցանկություններում լինենք անկեղծ, ճիշտ և ժողովրդի հետ միասին անենք այն, ինչ որ խոստանում ենք։ Իսկ ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ դրված խնդիրների լուծմանը հասնենք։ Իսկ մնացածը՝ կամոքն Աստծո։ Երբ որ կլինի, պիտի լինի։ Թող լինի, միայն թե շուտ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը