Լրահոս

06.07.2011 18:14


ՀՀ 2012-2014թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր

ՀՀ 2012-2014թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հուլիսի 7-ին կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը պետական ծախ­սերի կա­ռա­վար­ման համակարգի արդյունավետության բարձրացումն է:

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը շարունակական գործընթաց է և, ըստ էության, իրե­նից ներկայացնում է քաղաքականությունների ձևակերպում - պլանավորում – բյու­ջե­տավորումե տրա­մա­բա­նական ամբողջական շղթա: Այն հնարավորություն է ընձեռում մեղմել հասանելի բյուջետային ռե­սուրս­նե­րի և պահանջվող ծախսերի միջև հնարավոր անհամա­պա­տաս­խանությունը, ինչպես նաև պետական ծախ­սերում կատարել առանձին բնագավառներում իրա­կանացվող պետական քաղաքա­կա­նության փո­փո­խու­թյուններին համարժեք փոփո­խու­թ­յուն­ներ: Այս առումով արդարացված է, որ ՀՀ պետական միջ­նա­ժամ­կետ ծախսերի ծրագրի (այսու­հետ` նաև ՄԺԾԾ) մշակումը (և/կամ վերանայումը), ըստ ժամա­նա­կի, նա­խոր­դում է տարեկան պե­տա­կան բյուջեի նախագծի մշակմանը` դառնալով տարեկան պետական բյու­ջե­նե­րի կազմման ուղե­ցույց:

Առաջի­կա երեք տար­վա` Հայաստանի Հանրապետության պետա­կան միջնաժամկետ ծախ­­սերի ծրագրի մշա­­կումը հնարավորություն է ստեղ­ծում կառավարության հա­մար կառա­վա­րելու պետական հատվածի ֆինան­սական ռեսուրսներն իր միջնաժամ­կետ հար­կա­բյու­ջե­տային նպատակ­նե­րին և քաղաքականության գերակայություններին հա­մա­պա­տաս­խան:

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

ՀՀ 2012-2014թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2012-2014 թվականների իրական ՀՆԱ-ի տարեկան աճը կանխատեսվել է համապատասխանաբար` 4.2, 4.5 և 4.8 տոկոսի չափով, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը: Միջնաժամկետ կանխատե­սում­­ների համար հիմք են հանդիսացել միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված համաշխարհային տնտեսության վերականգնման վերաբերյալ սպասումներն ու վերլուծությունները:

ՀՀ 2012-2014 թվականների պետական բյուջեների եկամուտները կանխատեսվել են հա­մա­պա­­տաս­խա­նա­բար` 892.9 մլրդ դրամի, 979.8 մլրդ դրամի և 1,079.0 մլրդ դրամի չափով: ՀՀ 2012-2014 թվականների պետական բյուջեի ընդամենը եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 21.2%- 21.7%: 2012-2014 թվա­կան­ների բյու­­ջետային մուտքերը ծրագրվել են` հարկեր/ՀՆԱ ցուցանիշի տա­րե­կան աճը 0.3-0.4% ա­պա­­հովելու սկզբուն­քի հիման վրա:

ՀՀ 2012-2014 թվականների պետական բյուջեների ծախսերի կանխատեսումներն են` համապա­տասխանաբար 1,025 մլրդ դրամ, 1,088 մլրդ դրամ, 1,197 մլրդ դրամ: ՀՀ 2012-2014 թվականների պետական բյուջեի ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 24.3%-24.1%:

ՀՀ 2012-2014թթ պետական բյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2011 թվականի համար ծրա­գրա­վորված 3.9 %-ի դիմաց 2012-2014 թվականին աստիճանաբար կնվազի ՀՆԱ-ի 3.1 %-ից մինչև 2.4 % և կկազմի 132.5 մլրդ դրամից 118 մլրդ դրամ, ընդ որում պետա­կան բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբ­յուր­­­­ների տեսակարար կշիռը դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ընդհանուր ծա­վա­լում 2012-2014 թվականներին կտատանվի 54.3 %-ից 59.0 % միջակայքում՝ 2011 թվականի ծրագրային 55.3 %-ի դիմաց:

Այս խորագրի վերջին նյութերը