Հարցազրույց

06.07.2011 13:52


Լիլիթ Մայիլյան.

Լիլիթ Մայիլյան.

Հարցազրույց աբստրակտ նկարչուհի Լիլիթ Մայիլյանի հետ

–Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի մշակութային կյանքը։

–Մշակութային կյանքի  առաջընթացն ակնհայտ է հատկապես վերջին 5 տարիների ընթացքում, պարզապես կցանկանայինք, որ տենդենցն ավելի ակտիվ լիներ, ավելի շատ մարդիկ լինեին, որ հովանավորեին մշակույթի գործիչներին՝ նկարիչներին, երաժիշտներին և այլն, սրահներ տրամադրեին, անվճար ցուցահանեսներ կազմակերպեին, համերգներ դրվեին, այսինքն՝ նպաստվեր, որ մարդիկ կարողանային իրենց աշխատանքը ցուցադրել։

–Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ կան մշակույթի գործիչներ, որոնք ստեղծագործում են, սակայն հանրությունը դա չի տեսնում, որովհետև  հնարավորություն,  համապատասխան պայմաններ չկան։

–Իհա՛րկե, բնական է՝ պայմանները շատ քիչ  են։ Պայմաններն ավելի շատ տրվում են այն մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն վճարելու, մեծ դահլիճներ վարձելու և  ցուցահանդեսներ անելու համար։ Երիտասարդ նկարիչների համար այդ պայմանները շատ սուղ են։

–Իսկ պետական աջակցություն չկա՞։ Մշակույթի նախարարությունն այս առումով ինչ–որ  բան անո՞ւմ է։

–Ո՛չ, չկան նման ծրագրեր, ու հիմնական պատճառն էլ երևի այն է, որ պարզապես չեն հետաքրքրվում։ Երիտասարդ նկարիչն անգամ հնարավորություն չունի միանգամից դիմելու մշակույթի նախարարին. պետք է նախ դիմել Նկարիչների միություն կամ որևէ սրահի, որոնցից ամեն մեկն իր պայմանն է դնում։ Օրինակ՝ Նկարիչների միությունում պետք է անպայման անդամ լինես, որպեսզի  կարողանաս ցուցադրել աշխատանքդ, իսկ այնտեղ մտնելը բավական դժվար է։ Պաշտոնական պայմաններն այսպիսին են՝ պետք է մասնակցել երեք ցուցահանդեսի, որոնք հենց միությունն է կազմակերպում, իսկ մասնակցողներին էլ, աշխատանքներն էլ հենց իրենք են ընտրում, բայց այդ ընտրությունը չափանիշներով չէ. իրենց հայեցողությամբ են ընտրում։ Այսինքն, եթե իրենք ցանկանան, որ դու չանցնես, բնականաբար,  հավանություն չեն տա, ու չես անցնի։ Լավ է, որ գոնե այս վերջին մի քանի  տարիներին մեր եկեղեցին հովանավորում է, ու երիտասարդ նկարիչները Սուրբ Սարգսի տոնին կարողանում են ցուցադրել իրենց աշխատանքները, թե չէ այլ հնարավորություն չկա։ Չնայած՝ եթե անգամ դառնաս Նկարիչների միության անդամ, դարձյալ նկարիչն ինչ–որ հստակ բան չի ստանա։

–Կարելի՞  է ասել, որ Մշակույթի նախարարությունն ու ենթակառուցվածքները՝ այդ միությունները, չեն նպաստում արվեստագետի  զարգացմանը։

–Այո՛, իհա՛րկե, դրանք չեն նպաստում նկարիչների  զարգացմանը։ Պետական ո՛չ մի ստաժ  չի գրվում, եթե անգամ բազմաթիվ ցուցահանդեսների ես մասնակցում։ Ոչինչ չի արվում։

–Իսկ ինչո՞ւ չի գործում։

–Դե որովհետև, այնուամենայնիվ, այստեղ համակարգի խնդիր կա։ Պետական հովանավորություն է պետք, որը կարծես թե աչքաթող է արված։ Օրինակ՝ սովետական տարիներին  այսպես էր՝ Մոսկվայից պատվերներ էին գալիս տարբեր պետություններից, և նկարիչները ժամանակ առ ժամանակ հնարավորություն ունեին ցուցադրվելու և՛ արտասահմանում, և՛ սովետական երկրներում, ու պատվեր էին ստանում։ Դա պետական ծրագիր էր ու նախատեսված էր նրա համար, որ նկարիչը հնարավորություն ունենար գումար աշխատել։

–Դուք խոսում եք պետական աջակցության բացակայության մասին, բայց անընդհատ  գովազդվում է, որ պետական հովանավորությամբ այսինչ ցուցահանդեսն է, այնինչ համերգն է և այլն, ու կարծես նույն մարդկանց անուններն են պտտվում։ Ի՞նչ է սա նշանակում։

–Ինձ թվում է, որ բարձիթողի վիճակ է, որովհետև հատուկենտ ինչ–որ մարդկանց ցուցահանդեսները  կազմակերպելով՝ խնդիրը չի լուծվում։ Պետք է ինչ–որ  ծրագիր մշակել, որ նկարիչը, երաժիշտը, մի խոսքով՝ ստեղծագործող մարդը հնարավորություն ունենա իր կատարած աշխատանքը ցուցադրել, ազգի մշակույթը արտասահմանում ներկայացնել և դրա դիմաց թեկուզ միայն ստաժ կամ մինիմալ վարձատրություն ստանալ։

–Իսկ, ըստ Ձեզ,  ինչո՞ ւ դա չի  արվում։

–Ինձ թվում է՝ համակարգային խնդիր է, ու այստեղ է, որ փոփոխության անհրաժեշտություն կա, որովհետև բաց մասեր կան։ Ամեն ինչ թողնվել է մշակութային գործիչների ուսերին, այսինքն՝ ամեն մեկն ինքն է հոգում  իր ամենօրյա հոգսերը՝ ինչպես կարողանում է, իսկ այդ պայմաններից իր ստեղծագործական աշխատանքն է տուժում։

–Տեղյակ եմ, որ շուտով Ձեր  աշխատանքների ցուցահանդեսն  է լինելու։ Ի՞նչ նկարներ են ցուցադրվելու։

–Ես նկարում եմ աբստրակտ ոճում, որովհետև այդ ուղղությունն է ինձ ամենահոգեհարազատը։ Ինձ թվում է, որ մարդիկ պահանջ ունեն այսօր ավելի շատ անդրադառնալ իրենց ներաշխարհին, զգացմունքներին, հույզերին ու երազանքներին։ Ես փորձում եմ ասոցիատիվ դաշտին մոտենալ։ Ամեն մարդ իմ նկարներին նայելով՝ իր հիշողություններից, իր պատկերացումներից ելնելով՝ իրեն մոտիկ ինչ–որ բան կարող է գտնել։

–Սա Ձեր ո՞րերորդ ցուցահանդեսն  է և որտե՞ղ է լինելու։

–Ես մասնակցել եմ հայ եկեղեցու կազմակերպած հավաքական ցուցահանդեսներին, և սա իմ 4–րդ ցուցահանդեսն է։ Երկու հոգի ենք ներկայացնելու մեր աշխատանքները՝ ես և մի երիտասարդ նկարիչ Նեապոլից։ «Նարեկացի արվեստի միությունում» է լինելու ցուցահանդեսը, և այն միակ սրահն է այսօրվա դրությամբ, որ հնարավորություն է տալիս անվճար ցուցադրվելու։ Բնականաբար, մասնակիցներին իրենք են ընտրում։ Հուլիսի 8–ին է բացվելու  ցուցահանդեսը և տևելու է 10 օր՝ մինչև հուլիսի 17–ը։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը