Լրահոս

06.07.2011 12:59


Սլովակիայի ԱԽ առաջին նախագահն անդրադարձել է արցախյան խնդրին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ հունիսի վերջին Չեխիայի ԱԳՆ-ը կազմակերպել էր  Պրագայում ԱԳ նախարարության շենքում միջազգային կոնֆերենցիա`«Եվրոպան միացյալ և ազա՞տ։ Երկու տասնամյակ վարշավյան պայմանագրի գործունեության կասեցումից հետո» /"Europe ~ Whole and Free? Two Decades Since the End of the Warsaw Pact"/: Կոնֆերենցիայում մասնակցել են Չեխիայի ԱԳ նախարար Կառել Շվարցենբերգը, ՊՆ նախարար Ալեքսանդր Վոնդան, Լեհաստանի նախկին ԱԳ նախարար Վլադիսլավ Բարդոշևսկին, Ֆրանսիայի ՊՆ նախկին նախարար Պիեր Շևենմանը, Խորհրդային Միության նախկին ԱԳ նախարար Բորիս Պանկինը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին խորհրդական սր. Մալկոլմ Ռիխքինդը և այլ կարևոր քաղաքական գործիչներ: Կոնֆերենցիայում ելույթ է ունեցել նաև սլովակ հայտնի քաղաքական գործիչ Սլովակիայի ԱԽ առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, որի ելույթի Արցախին վերաբերյալ հատվածը ներկայացնում ենք ստորև /սլովակերենից թարգմանությունը հայերեն և ռուսերեն կատարվել է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարության կողմից/:

«Հարավային Կովկասում տեղավորված է Լեռնային Ղարաբաղ անկախ երկիրը, որի բնակչությունը բաղկացած է բացառապես 150հազար հայերից: Այս երկիրը դեռևս ոչ մեկի կողմից պաշտոնապես չի ճանաչված: Եթե այսօր քննարկվում է Եվրոպայում Ռուսաստանի ունեցած դերի խնդիրը, ապա մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միակ երաշխիքն է այս պահին: Ես 2009թ-ին մասնակցել եմ Լեռնային Ղարաբաղի ԱԺ ընտրություններին որպես պաշտոնական դիտորդ: Արտաքին հարաբերությունների գծով ԵՄ կոմիսար բարոնուհի Քետրին Էշտոնն այդ ժամանակ նամակ էր հղել ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանին` հայտարարելով, որ ԵՄ-ը չի ընդունում այդ ընտրությունները: Իմ մոտ այնպիսի զգացում էր առաջացել, ասես ԵՄ-ը ԼՂ-ին լքեց և թողեց միայնակ ճիշտ այնպես, ինչպես վարվեցին 1938թ-ին եվրոպական պետությունները Շեխոսլովակիայի հետ` թողնելով այդ երկրին միայնակ արհավիրքի դիմաց: Եթե մենք այսօր ուզում ենք քննարկել և վերլուծել Ռուսաստանի դերը Եվրոպայում, պետք է հասկանանք և ընկալենք, որ Ռուսաստանը վերջին տասնամյակներում հանդիսանում է միակ երկիրը, որը սատարում է հնագույն հայկական այս անկլավի անկախությանը, մշակույթային ժառանգության  պահպանմանը, և որը դժբախտաբար Խորհրդային շրջանում հայտնվել էր Ադրբեջանի տարածքում»:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը