Լրահոս

05.07.2011 18:45


Դարձնե՛նք Հայաստանն այնպիսին, ինչպես նկարագրված է Սահմանադրության մեջ

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարությունը Սահմանադրության օրվա առթիվ

Երիտասարդության արտագաղթի ներկայիս աննախադեպ ֆոնին հաճախ է խոսվում նրա երազած Հայաստանի մասին: Տարբեր կազմակերպություններ և գործիչներ սիրում են այս թեմայով ամպագոռգոռ ու ոչինչ չնշանակող ճառեր հնչեցնել: Մինչդեռ ամենը պարզ է ու հասարակ:

Երիտասաարդների երազած Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Այդ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների միջոցով:

Երիտասարդների երազած Հայաստանում մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Այդ Հայաստանում Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Երիտասարդների երազած Հայաստանում պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքներ գտնվում են պետության հոգածության ներքո: Պետական լեզուն հայերենն է:

 

Երիտասարդների երազած Հայաստանում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից` բացառվում է:

Երիտասարդների երազած Հայաստանում արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը: Հարգվում է յուրաքանչյուրի անձնական ու ընտանեկան կյանքը: Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք:

Երիտասարդների երազած Հայաստանում յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։

 

Երիտասարդների երազած Հայաստանում յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:

Ուզում եք իմանալ ավելի մանրամասն երիտասարդների երազած Հայաստանի մասին` կարդացե՛ք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Դարձնե՛նք Հայաստանն այնպիսին, ինչպես նկարագրված է Սահմանադրության մեջ, որի ծննդյան օրը նշվում է այսօր:

Այս խորագրի վերջին նյութերը