Շենքը հանվել է հարկադիր աճուրդի, իսկ բնակիչները դրա մասին տեղեկացել են պատահաբար
Հուլիսի 2-ին, ժամը 18:00 տեղի է ունենալու բողոքի ակցիա` Մամիկոնյանց 51/2 հասցեում գտնվող նորակառույց շենքի բակում, որն իրականացնում են վերոնշյալ շենքի բնակիչները. վերջիններս պահանջում են կառուցապատողից կնքել հիմնական պայմանագիր և շենքը հանձնել շահագործման:
Բանն այն է, որ շենքը գտվում է հարկադիր աճուրդում, քանի որ կառուցապատողը` «Սամոշ ՍՊԸ»-ն (ներկայացուցիչ` Սամվել Հովհաննիսյան, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ, նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի խնամի) չի կատաարել վարկային պարտավորությունները բանկի նկատմամբ:
Սամվել Հովհաննիսյանը, սկսելով շենքի շինարարությունը 2007 թվականին, մինչ օրս նախնական պայմանագրեր է կնքել 68 քաղաքացու հետ` պարտավորվելով շենքը շահագործման հանձնել 2010-ի ամռանը:
2009 թվականին բանկը արդեն դատի է տվել «Սամոշ ՍՊԸ»-ին` վարկային պարտավորությունները չկատարելու համար, սակայն դատական գործընթացի մասին կառուցապատողը չի հայտնել որևէ բնակչի` փոխարենը վաճառելով նորանոր տարածքներ:
Դատական գործընթացը հասել է նրան, որ 2011-ի մայիսից շենքը հանվել է հարկադիր աճուրդի, իսկ բնակիչները դրա մասին տեղեկացել են պատահաբար:
Այժմ բնակիչները պահանջում են Սամվել Հովհաննիսյանից` կնքել հիմնական պայմանագիր: Բնակիչներին հուզում է այն, որ շենքը աճուրդի միջոցով վաճառվելու դեպքում իրենք կկորցնեն նախնական պայմանագրերով ձեռք բերված բնակարանները` վճարած ողջ գումարի հետ միասին, որը կազմում է մոտ մեկուկես միլիարդ դրամ:
Նշենք, որ 68 խաբված քաղաքացիները ձևավորել են «Ընդդեմ նորակառույց-թալանի և խաբեության» հասարակական նախաձեռնությունը, որը պատրաստվում է հարցը բարձրացնել հանրության առջև` հասցնելով այն ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, Արդարադատության նախարարին, Գլխավոր դատախազին, Հանրային խորհրդի նախագահին, կուսակցությունների ղեկավարներին, պետական ու հասարակական այլ կառույցների ներկայացուցիչների:
«Ընդդեմ նորակառույց-թալանի և խաբեության» հասարակական նախաձեռնություն
Շենքը հանվել է հարկադիր աճուրդի, իսկ բնակիչները դրա մասին տեղեկացել են պատահաբար