Լրահոս

01.07.2011 14:01


Թաթուլ Մանասերյան. «Եթե այսպես շարունակվի, երկիրը կհասնի ֆինանսական դեֆոլտի»

Թաթուլ Մանասերյան. «Եթե այսպես շարունակվի, երկիրը կհասնի ֆինանսական դեֆոլտի»

Լրագրողների  հետ  հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանում առկա արտագաղթի խնդրին՝ տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն ասել է, որ այսօր երկրից ոչ միայն արտագաղթում է բնակչության աշխատունակ հատվածը, այլև արտահոսում է ազգային կապիտալը:

–Տեսե՛ք, մեր  պետությունը գումարներ է ծախսում՝ կրթություն ապահովելով, իսկ հետո մենք նվեր ենք տալիս այլ պետություններին մեր որակյալ մասնագետներին,–ընդգծել է նա:

Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ արտահոսում է նաև  մեծահարուստների  կապիտալը, քանի որ մարդիկ նախընտրում են սպասարկման ոլորտը, ոչ ոք արտադրությանը ուշադրություն չի  դարձնում, և այստեղ գործադիր  իշխանությունն անելիք ունի։

–Տեղի  է ունենում մի շատ վտանգավոր երևույթ, որի անունն է ժողովրդագրական սպառնալիք  կամ բնակչության ծերացում։ Եթե Արևմուտքում սա տեղի է ունենում ի հաշիվ սոցիալական պայմանների լավացման, մեզ մոտ պարզապես մեխանիկորեն՝ արտագաղթի  պատճառով է լինում։ Ի՞նչ է ստացվում՝ ծերացման հետևանքով ավելի փոքր թվով մարդկանց ուսերին՝ աշխատունակ, երիտասարդ բնակչության, ծանրանում է կենսաթոշակներ, սոցիալական նպաստներ ապահովելու հարկային բեռը։ Դա նշանակում է, որ հարկերը գնալով պետք է բարձրացնել, որպեսզի բնակչության սոցիալական կարիքները հոգան, սա ակնհայտ է, բայց որն էլ կտանի երկրին ֆինանսական դեֆոլտի։ Շատ լավ տեսնում եք, որ պետական պարտք–ՀՆԱ հարաբերակցությունն արդեն վտանգավոր սահմանի է հասել, այսինքն՝ ՀՆԱի գրեթե կեսը պետք է տանք պարտքը սպասարկելու համար: Բայց սրանից ավելի վտանգավորն այն է, որ վերջին տարիներին ձեռք բերված գումարներն այդպես էլ չմտան արտադրություն, որպեսզի արդյունք ստեղծվի, և կառավարվի արտաքին պարտքը,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը