Լրահոս

01.07.2011 10:56


«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կհյուրընկալի BAFTA մրցանակակիր կինոռեժիսորին և The Guardian օրաթերթի կինոքննադատին

Բրիտանական խորհրդի և «Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի միջև ձևավորված շարունակական համագործակցությունն այս տարի ընթանալու է նոր ձևաչափով: Բրիտանական խորհրդի` նոր «Մշակույթի առաջնորդներ միջազգային ծրագրի» շրջանակում հուլիսի 11-12-ը կանցկացվի մշակույթի կառավարման դասընթաց: Երկօրյա այս դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու մշակութային ծրագրերի իրականացման բիզնես ռազմավարությունն ու պլանավորումը, կուսումնասիրեն ֆինանսական նոր միջոցների ներդրման մեխանիզմները: Մշակույթի առաջնորդներ միջազգային ծրագիրը մեկնարկելու է այս տարվա հուլիսին` նպատակ ունենալով ստեղծել մշակույթի առաջնորդների ցանց և նպաստել փորձի  փոխանակմանը: Դասընթացները վարելու են Միացյալ Թագավորությունից Ռոջեր Մըքենը և Հուսեին Քարիմբոյը: Ռոջեր Մըքենը դասավանդում է  մշակույթի կառավարում Լոնդոնի Մետրոպոլիտեն  և Լոնդոնի Սաութ Բենք համալսարաններում: Հուսեին Քարիմբոյը համագործակցում է Ավստրալիայի մի շարք կինոփառատոնների հետ, իսկ 2007 թվականից ապրում և ստեղծագործում է Միացյալ Թագավորությունում` աշխատելով Sheffield Doc/Fest փառատոնում

Բրիտանական խորհրդի աջակցությամբ Հայաստան կժամանեն Միացյալ Թագավորությունում ճանաչված կինոքննադատ և պատմաբան Դերեկ Մալքոլմը և  BAFTA  մրցանակակիր Պավել Պավլիկովսկին: Նրանք  վարպետության դասընթացներ կանցկացնեն հայ ուսանողների համար: Դերեկ Մալքոլմը շուրջ  երեք տասնամյակ աշխատել է The Guardian օրաթերթում որպես կինոքննադատ,  Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի խորհրդի անդամ է և Լոնդոնի փառատոնի նախկին տնօրենը: 1990-ականներին Պավել Պավլիկովսկին առավելապես հայտնի էր իր վավերագրական ֆիլմերով, այնուհետև նա անցում է կատարում դեպի գեղարվեստական կինո և արժանանում BAFTA  մրցանակին:

Այս խորագրի վերջին նյութերը