Կարծիք

08.10.2021 15:53


Հերթական անգամ Հայաստանն իրեն դուրս է դրել միջազգային և անվտանգային օրակարգային հարցերի քննարկումից

Հերթական անգամ Հայաստանն իրեն դուրս է դրել միջազգային և անվտանգային օրակարգային հարցերի քննարկումից

2021 թվականի հոկտեմբերի 5-ից 6-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվել է Վարշավայի անվտանգության համաժողովը (Warsaw Security Forum): Այն Արևելյան Եվրոպայում կազմակերպվող ամենախոշոր անվտանգային համաժողովներից մեկն է, որին մասնակցում են ոչ միայն Լեհաստանի արտաքին և պաշտպանական հարցերով զբաղվող գրեթե ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլև կարևոր հյուրեր աշխարհի մի շարք երկրներից, միջազգային կազմակերպություններից, անվտանգային և արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող ուղեղային և հետազոտական կենտրոններից։ Այս տարվա համաժողովին իրենց մասնակցություն են բերել մի շարք երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ, բարձրաստիճան զինվորականներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Հայաստանից ոչ մի բարձրաստիճան պաշտոնատար անձ այդ համաժողովի աշխատանքներին չի մասնակցել (համաժողովին ներկա է եղել միայն Լեհաստանում ՀՀ դեսպանը), այն էլ` Արցախի պատերազմից հետո, մեր տարածաշրջանում ստեղծված այս բարդ իրավիճակի պայմաններում։ Որևէ մեկը չի գտնվել, որ այդ համաժողովին Հայաստանի կողմից իբրև բանախոս հանդես գա գոնե մեկ պանելային քննարկման ժամանակ։

Հարկ է նկատել, որ Լեհաստանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում դեռևս 2021 թվականի հուլիսի 29-ին տեղեկատվություն է տեղադրվել Լեհաստանում ՀՀ դեսպանի և այդ համաժողովի կազմակերպիչ հանդիսացող «Կաժիմիեժ Պուլասկու անվան» հիմնադրամի նախագահ, պրոֆ․ Կատաժինա Պիսարսկայի հանդիպման մասին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են այդ համաժողովին անցկացմանն ու հայկական կողմի նման կենտրոնների հետ հետագա հնարավոր գործընկերությանն առնչվող հարցեր, ինչը հնարավորություն կընձեռի հայկական կողմի տեսակետների և դիրքորոշումների առավել մատչելի ներկայացման և հանրայնացման համար։ Այսինքն` դեսպանը, կարևորել է հայկական կողմի մասնակցությունը, ինչը վստահ եմ, որ փոխանցել է նաև մայրաքաղաք, որտեղ, փաստորեն, մնացել է անարձագանք։

Հայաստանից պաշտոնական ներկայացուցիչների մասնակցություն չի խանգարել, օրինակ, Թուրքիային՝ այդ համաժողովին ներկայանալու արտաքին գործերի նախարարի մակարդակով, ով Լեհաստան այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ոչ միայն իր լեհ գործընկերոջ, այլև Լեհաստանի Նախագահի և խորհրդարանի ղեկավարի հետ։

Մյուս կողմից էլ Հայաստանի իշխանությունների այդ խուսափողական և վախկոտ պահվածքը կարող է ունենալ այլ բացատրություն․ Հայաստանի իշխանությունները վտանգել են ոչ միայն իրենց երկրի, այլև տարածաշրջանի անվտանգությունը, երեսատեղ չունեն մարդամեջ դուրս գալու և ասելիք չունեն՝ միջազգային գործընկերների համար։ Նրանք կարող են միայն տապալել գոյություն ունեցող անվտանգային համակարգերը և դառնալ պատուհաս սեփական ժողովրդի և ողջ աշխարհի համար։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը