Լրահոս

30.06.2011 14:03


ՀԱԿ անդամ. «Արտաշես Գեղամյանը չգիտես ինչ էր խոստանում, տեսանք՝ ինչ եղավ»

ՀԱԿ անդամ. «Արտաշես Գեղամյանը չգիտես ինչ էր խոստանում, տեսանք՝ ինչ եղավ»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանից «7օր»–ը հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունի այն քաղաքական գործիչների մասին, ովքեր շարունակ ինչ–որ բան են խոստանում, սակայն այդ խոստումն այդպես էլ իրականություն չի դառնում։ Պ. Մակեյանը նախ խնդրել է կոնկրետացնել, թե խոսքը ո՞ր քաղաքական գործչի մասին է, այնուհետև ավելացրել է. «Օրինակ Արթուր Բաղդասարյանը խոստանում էր օրինաց երկիր, երկիրը ծախեց, Արտաշես Գեղամյանը չգիտես ինչ էր խոստանում, տեսանք՝ ինչ եղավ»։ Երբ «7օր»–ի թղթակիցը հստակեցրել է, որ, օրինակ, խոսքը Լևոն Տեր–Պետրոսյանի մասին է, և հատկապես նրա այն խոստման, թե արտահերթ ընտրություններ են լինելու, Պ. Մակեյանը կարծիք է հայտնել, որ մինչև հերթական ընտրությունները Հայաստանում կլինեն արտահերթ ընտրություններ։

–Արտահերթ ընտրություններին հասնելը մի գործընթաց է, որն անընդհատ ընթանում է։ Այդ գործընթացը տեսանելի է նրանց համար, ովքեր հասկանում են։ Օրինակ՝ ես տեսնում եմ, որ այդ գործընթացն այս տարվա մեջ, համենայնդեպս, մինչև հերթական խորհրդարանական ընտրությունները, պետք է մոտենա կամ հանգուցալուծման հասնի,–ասել է Պ. Մակեյանը՝ հավելելով, որ կոնկրետ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը պնդում է, որ անցկացվեն արտահերթ նախագահակա՛ն ընտրություններ։

Իսկ թե դա պնդելու, առավել ևս՝ արտահերթ ընտրություններ տեսնելու ի՞նչ հիմքեր կան, Պ. Մակեյանն ասել է.

–Առաջինը՝ ոչ լեգիտիմ իշխանություններ, երկրորդը՝ նրանց ստեղծած քաղաքական միջավայրը, երրորդը՝ սոցիալ–տնտեսական, չորրորդը՝ արտագաղթը, հինգերորդը՝ Ղարաբաղի հարցում ունեցած պարտվողական և ոչ հանգուցալուծային քաղաքականությունը և այլն։ Կարելի է շատ բան թվարկել, որոնց պատճառով 12 տարվա ընթացքում ցանկացած տարի, եթե քաղաքական կամք դրսևորվեր, ընդդիմությունը ցանկանար, այդ արտահերթ ընտրությունը հասանելի էր։ Բայց Հայ ազգային կոնգրեսի պարագայում հստակ ասվել է, որ մենք չենք ուզում վտանգել մեր պետականության հիմքերը։ Հակառակ դեպքում արտահերթ ընտրություններ կարող էին մեկ տարի առաջ էլ լինել։

Իսկ երբ «7օր»–ի թղթակիցը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարից հետաքրքրվել է՝ առավել ևս ա՛յդ դեպքում ի՞նչ հիմքեր ունի ասելու, որ արտահերթ ընտրություններ լինելու են, չէ՞ որ ընդդիմությունը նույնն է մնացել և արտահերթին հասնելու ճանապարհի առումով իր դիրքորոշումն էլ չի փոխել, նա պատասխանել է.

–Կարծում եմ՝ այնքան էլ այդպես չէ, որովհետև քաղխորհրդի վերջին նիստում Հայ ազգային կոնգրեսում տոնայնությունն էականորեն փոխված էր։

–Այսինքն, որոշել եք այլևս սահմանադրական ճանապարհով չգնա՞լ իշխանափոխության։

Նման բան, նման որոշման մասին ես չեմ ասում։ Նման որոշում չի եղել։ Ասում եմ, որ քննարկման տոնայնությունն է փոխվել, ոչ թե որոշում է եղել։

–Օրինակ՝ տոնայնության հատկապես ի՞նչ փոփոխություն է եղել։

–Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ կհնչեցվի այդ տոնայնությունը,–ասել է Պետրոս Մակեյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը