Կարծիք

27.09.2021 15:50


Այն փաստը, որ պատերազմից 1 տարի անց Նիկոլը Եռաբլուրում հայտնվում է առավոտյան 7-ին, վկայում է այն մասին, որ ինքը գիտակցում է՝ ինչ է արել և որ շատ շուտով ինքը այլևս կպած չի լինելու իր աթոռին

Այն փաստը, որ պատերազմից 1 տարի անց Նիկոլը Եռաբլուրում հայտնվում է առավոտյան 7-ին, վկայում է այն մասին, որ ինքը գիտակցում է՝ ինչ է արել և որ շատ շուտով ինքը այլևս կպած չի լինելու իր աթոռին

Շատերը գործող վարչախմբին և նրա պարագլխին մեղադրում են պատերազմը չդադարեցնելու, չկանգնեցնելու մեջ: Մեղադրում են ու ճիշտ են անում, բայց վարչախմբի ղեկավարի, նրա նեղ թիմի թիվ մեկ հանցանքը ոչ թե պատերազմը չդադարեցնելն է, այլ այն մեր երկիր, մեր տուն, մեր ընտանիքներ բերելը:

Այս պատերազմն անխուսափելի չէր: Այս պատերազմը չպետք է լիներ, որքան էլ որ ռազմաշունչ հայտարարություններ անեին Ադրբեջանի կամ Թուրքիայի ղեկավարները: Նմանատիպ հայտարարություններ եղել են սկսած 1995 թվականից: Այո, Ադրբեջանն անդադար զինվել է ու զինվել, անդադար սպառնացել ու սպառնացել է, բայց պատերազմը հնարավոր դարձավ միայն 2018-ի իշխանափոխությունից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո:

Մի՞թե մոռացել եք Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունները՝ «ոնց ուզում բանակցում ենք», «բանակցում ենք մեր կետից», «բանակցում ենք զրոյական կետից», «ես ու Ալիևն ուղիղ կապ ենք հաստատել», «երեսուն տարի մեր դիվանագետներն օտարի կոշիկներն են լիզել», «Արցախը Հայաստան է և վերջ»: Մի՞թե մոռացել եք Շուշիի սեպտեմբերի 2-ի քեֆն ու պարը:

Այո, պետք է մանրամասնորեն ուսումնասիրել, քննել, պարզել, թե ինչու պատերազմը չդադարեցվեց չորրորդ օրը, հոկտեմբերի 7-ին, 19-ին, մինչև նոյեմբերի 9-ը: Այսուհանդերձ, առաջին հերթին պետք է պարզել, հասկանալ, քննել, թե ինչու վարչախումբն իր հաստատակամ քայլերով մեր երկիր պատերազմ բերեց, մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս Թուրքիային բերեց: Երեսուն տարի Թուրքիան երազում էր Հարավային Կովկասում հայտնվելու ամրանալու մասին, երեսուն տարի երազում էր պատերազմ սկսելու համար, բայց չէր ստացվում, և մեկ հայտարարությամբ՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ու դրան հաջորդած Շուշիի պարով մեր երկիր պատերազմ բերեց:

Ու որևէ մեկը թող չմոռանա սեպտեմբերի 27-ին, պատերազմից ժամեր անց Նիկոլի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթը, ավելի ճիշտ ելույթի այս հատվածը. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի...»: Մի՞թե չեք հասկանում, որ նույնիսկ ամենաթույլ բանակն ունեցող երկրի առաջնորդը պատերազմից ժամեր անց նման հայտարարություն չէր անի, եթե անգամ հարձակման ենթարկված լիներ աշխարհի ամենահզոր բանակի կողմից: Մի՞թե պարզ չէ, որ նա հանրությանն արդեն տրամադրում էր պարտության, հասկացնելով, որ ելքը կանխորոշված է: Պարզապես մեր հզոր 18-20 տարեկան տղերքն իրենց հրամանատարների հետ մեկտեղ նախապես ծրագրված չորսօրյա պատերազմը վերածեցին 44-օրյայի:

Մենք մեկընդմիշտ հասկանանք, որ ծրագրվածի համաձայն թուրքը պատերազմի արդեն չորրորդ կամ հինգերորդ օրը պետք է լիներ Ստեփանակերտում: Մեր տղերքը թույլ չտվեցին այս սցենարն իրականություն դառնա, այդ իսկ պատճառով մեր տղերքին չեն կարողանում ներել թշնամիները, դրա համար էլ անգամ այսօր սգո օր չհայտարարվեց, ոչ աշխատանքային օր չհայտարարվեց:

Ծրագրված պատերազմում ծրագրերը խառնվեցին: Սա թշնամուն հանգիստ չի տալիս: Իսկ այն փաստը, որ պատերազմի սկզբից մեկ տարի անց Նիկոլը Եռաբլուրում հայտնվում է առավոտյան յոթին, վկայում է այն մասին, որ ինքը գիտակցում է թե ինչ է արել, գիտակցում է, թե իր մասին ինչ է մտածում հայը, և հատկապես հերոսի ծնողը, և գիտակցում է, որ շատ շուտով ինքը այլևս կպած չի լինելու իր աթոռին:

Իսկ մենք դեռ երկար աշխատանք ունենք անելու: Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովին, ապա այն, այո, անպայման պետք է ստեղծվի, և անպայման պատասխան են տալու մեր երկիր պատերազմ բերածները: Բայց ամենակարևորն այն է, որ մենք, մեր ազգը հետևություններ անենք՝ այս ամենից հետո որևէ մեկի մտքով նման ոճիր ծրագրելու միտք անգամ չառաջանա: Մենք վերջապես մի անգամ դասեր պետք է քաղենք եւ հետևություններ անենք: Եվ հատուկ վերջում կրկնում եմ՝ երբեք չասեք, թե տղերքն էին ափսոս: Երբեք չասեք: Տղերքը արել են իրենց գործը, տղերքն իրենց ամենաթանկը գիտակցված նվիրել են հայրենիքին, իսկ դուք, իսկ մենք գոնե նրանց համարձակության մեկ տասներորդն ունենանք և աշխատանքը կորցնելու վախից չենթարկվենք վարչախմբի հակասահմանադրական պահանջներին և որոշումներին:

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը