Լրահոս

29.06.2011 16:32


Ահմադինեջադը պահանջել է դադարեցնել իր աջակիցների ձերբակալությունները

Ահմադինեջադը պահանջել է դադարեցնել իր աջակիցների ձերբակալությունները

Ինչպես հաղորդում է «Agence France Presse» գործակալությունը,  «IRNA»–ն հայտնել է, որ այսօր տեղի ունեցած  մամլո ասուլիսի ժամանակ Իրանի  նախագահ Մահմուդ Ահմադինեջադն իրանական իշխանություններին կոչ է արել դադարեցնել իր կառավարության աշխատակիցների ձերբակալությունները։

–Նախարարների կաբինետն առաջատար է, և եթե նրան ձեռք տան, իմ պարտքն է պաշտպանել նրանց,–հայտարարել է Ահմադինեջադը։

Իր այս հայտարարությունն Իրանի նախագահն արել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ իր աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշեի մի շարք օգնականներ և աշխատակիցներ կալանքի տակ են։

Մասնավորապես անցած հինգշաբթի՝ հունիսի 23–ին, ձերբակալվել էր Իրանի արտգործնախարարի  նախկին տեղակալ Մոհամմադ Շարիֆ Մալեկզադեն։

Իր ձերբակալությունից օրեր առաջ նա ստիպված էր թողնել պաշտոնը, քանի որ դիվանագիտական գերատեսչությունում իր նշանակմանը դեմ էին արտահայտվել մեջլիսի պահպանողական տրամադրված  պատգամավորները։

Հաղորդվում էր, որ եթե Մալեկզադեն չհեռանա պաշտոնից, ապա իմպիչմենտ կհայտարարվի նրա ղեկավարի՝ արտգործնախարար Ալի Ակբար Սալեհի նկատմամբ։ Ինչպես հայտնի է, Մալեկզադեն Ահմադինեջադի խորհրդականներից էր, ինչպես նաև Մաշեի մտերիմներից։

Ավելի վաղ «AFP»–ն հայտնել էր, որ ձերբակալվել է նաև Մաշեի ևս երկու աջակից, որոնք Ահմադինեջադի կառավարությունում զբաղվում էին առևտրային հարցերով։

Իրանի նախագահի մտերիմների ձերբակալությունների մասին հայտնի էր դարձել դեռևս մայիսի սկզբին։ Որոշ  տվյալներով՝ ձերբակալվածների թիվը հասել է 25–ի։ Վերլուծաբաններն Ահմադինեջադի աջակիցների ձերբակալությունների գործընթացը կապում են Ահմադինեջադի և Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեի հակամարտության հետ։

Համենեի օգտին են հանդես գալիս պահպանողականները, որոնք կարծում են՝ Ահմադինեջադն Իրանի պետականությանը դեմ է, և որի գլխավոր դավադիրը Մաշեն է։

Չնայած ակնհայտ տարաձայնություններին՝ Համենեն և Ահմադինեջադն արդեն մեկ անգամ չէ, որ հայտարարել են միմյանց միջև որևէ տարաձայնության բացակայության մասին։

Երկուշաբթի՝ հունիսի 27–ին, գերագույն առաջնորդը դիմել էր արդարադատության մարմիններին և մամուլին՝ չհրապարակելու ձերբակալված պետծառայողների անունները։

Այս խորագրի վերջին նյութերը