Տնտեսական

29.06.2011 15:37


Գործարարին զգուշացրել են՝ ցորենը չհասած՝ արտերը կվառեն

Գործարարին զգուշացրել են՝ ցորենը չհասած՝ արտերը կվառեն

«Հայելի» ակումբում գործարար Վահագն Հովնանյանն ու ԱԺ պատգամավոր, իր խոսքերով, բիզնեսով չզբաղվող, բայց սեփականատեր Մանվել Բադեյանը խոսել են Հայաստանում ներդրումային իրավիճակի, հնարավորությունների և տնտեսական դաշտի մասին։

Վահագն Հովնանյանն ընդգծել է, որ Հայաստանը բավական հետաքրքիր ու նպաստավոր երկիր է ներդրումների համար, որովհետև նոր երկիր է, և դրսի հայերը մեծ թվով նորություններ են բերել Հայաստան։

Այդուհանդերձ, նրա խոսքերով, բացասական է այն հանգամանքը, որ մենաշնորհ կա, և նոր ապրանք բերելու համար գործարարների վրա շատ մեծ ճնշում կա։ Գները բարձրանում են, քանի որ մի հոգու ձեռքում է ամեն ինչ.

Դա շատ մեծ խնդիր է մեզ համար։ Դա թույլ չի տալիս փոքր գործարարներին գալ Հայաստան և ներդրումներ անել, այնինչ երկրի հողմահարը փոքր բիզնեսն է, ոչ թե հսկա կառավարական ձևով ընկերությունները,– ասել է Վ. Հովնանյանը։

Նա նշել է, որ ցանկացել է մտնել, օրինակ, փայտի շուկա, սակայն իրեն բոլորը զգուշացրել են, որ ավելի լավ է՝ չմտնի այդ գործի մեջ, այնուհետև ուզել է զբաղվել ցորենի գործով, սակայն նորից զգուշացվել է, որ նման բան չանի, որովհետև ցորենը չհասած՝ արդեն արտերը կվառեն։

Նա նաև նշել է, որ իր ընկերներից մեկը ոսկու խանութ էր բացել, սակայն ամեն օր նրա գրասենյակ տարբեր հսկիչներ էին այցելում ու ինչ–որ բան էին փոխել տալիս։ Ի վերջո, այնքան դժվարացրին մարդու գործը, որ թողեց գնաց։

Պետք է քաջալերվի փոքր բիզնեսը,– ընդգծել է նա ու նշել, որ դա գներն իջեցնելու ամենալավ ձևն է։

Մանվել Բադեյանն ընդգծել է, որ երկրում տիրող իրավիճակն ունի և՛ օբյեկտիվ, և՛  սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառներից մեկն էլ ֆինանսատնտեսական ճգնաժամն էր, որի հետևանքով բիզնեսի ակտիվությունը նվազեց։

Սուբյեկտիվ պատճառներից է, օրինակ, կառավարման հմտության գործոնը՝ որքանո՞վ են ճիշտ օրենքներ ընդունվում, և որքանո՞վ է ճիշտ վարչարարությունը.

Ա՛յ այստեղ վիճելու տեղ շատ կա. այստեղ մենք անելիք շատ ունենք։ Եթե մենք չենք կարող մեր շուկայի տարողունակությունը մեծացնել կամ աշխարհագրական դիրքը փոխել, ապա մեր երկիրը ներսից գոնե սուբյեկտիվ գործոնները վերացնելու մեծ հնարավորություն ունի և պարտավոր է դա անել,– ասել է Մանվել Բադեյանը։

Ինչ վերաբերում է մոնոպոլիաներին, նա նշել է, որ մենաշնորհ Հայաստանում, այո՛ կա, բայց այն շատ ավելի լուրջ խնդիր ունի, քանի որ մոնոպոլիստը ստիպված է լինում վաղ թե ուշ արտահանել իր կապիտալը։

Այդուհանդերձ, Մանվել Բադեյանի խոսքերով, կան բնական մոնոպոլիաներ, բայց պետությունը պարտավոր է դնել որոշակի սահմանափակում դրանց շահութաբերության վրա, այսինքն՝ գործարարն ինչ–որ քանակից ավելի վաճառելու իրավունք չունի։

Նույնը վերաբերում է նաև պետական մենաշնորհներին։ Պետությունը դա, իհարկե, անում է. լավ թե վատ, դրա մասին կարելի է խոսել,– նշել է Մ. Բադեյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը