Լրահոս

29.06.2011 15:06


Անահիտ Մարտիրոսյան. «Պատերազմի հաղթանակները տանում է մեկը, վայելում են մյուսները»

Լրագրողների  հետ հանդիպման ժամանակ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, անդրադառնալով անհայտ կորած զինվորների օրվան, ասել է, որ մենք ազատագրել ենք շատ տարածքներ՝ տալով թանկարժեք կյանքեր:

Ըստ Մանվել Եղիազարյանի՝ անհայտ կորած է համարվում 400 մարդ, իսկ «Արաբո» ջոկատից՝ 78–ը, որոնց տեղը նրանք գիտեն, սակայն չեն կարողանում դիակները հետ բերել:

Նրա խոսքերով՝ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը կռվել է, ընդդիմացել, մեզանից ոչ մեկը ոչ մի բան չի կարողացել տանել։ Այդպես է եղել, օրինակ, Վանի ինքնապաշտպանության ժամանակ, իսկ երբ չենք կռվել, կոտորվել ենք:

–Իլհամ Ալիևն այնքան է լկտիացել, որ ցանկանում է ամբողջ Ղարաբաղը, և ասում է՝ ստորագրե՛ք այդպիսի փաստաթուղթ ու վերջ,–ասել է Մանվել Եղիազարյանը։

Ազատամարտիկ Անահիտ Մարտիրոսյանն էլ նշել է, որ պատերազմի հաղթանակները տանում է մեկը, վայելում են մյուսները։

–Մենք համբերատար սպասել ենք։ Լա՛վ, սրա վերջն ի՞նչ է լինելու: Ինչո՞վ եմ ես տարբերվելու իմ հարևանից, ով չի գնացել պատերազմ: Ես վիրավորված եմ, որովհետև երկու ոտքերը կտրած կնոջը բուժվելու համար ասում են՝ դու առավելություն չունես։ Ես քաղաքականության մեջ չեմ խառնվել, ես սովորական զինվոր եմ, հայոց զինվոր, հաղթած զինվոր: Ես չեմ ուզում առավոտյան արթնանալ ու մտածել՝ ինչպես պետք է երեխաներիս կարիքները հոգամ: Ինչպե՞ս են ազատամարտիկի լույսն անջատում: Ոչինչ հեշտությամբ չի տրվել: Իսկ այսօր մեզ ասում են՝ ինչ արել՝ արել եք, հիմա մի կողմ քաշվե՛ք,–նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը