Կարծիք

24.09.2021 16:06


Հեղափոխական օլիգարխիան և կառավարման այլասերումը

Հեղափոխական օլիգարխիան և կառավարման այլասերումը

Կառավարության ներկայացրած համայնքների խոշորացման մոդելը ոչ այնքան միտված է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, որքան հետապնդում է քաղաքական նպատակ։

Իշխող ուժն այս դեպքում էլ է փչացրել լավ գաղափարն ու այն հարմարեցրել նեղ քաղաքական հաշվարկներին։ Ըստ այդմ՝ համայնքների խոշորացումը հետևյալ նպատակներով է իրականացվում․

1–ին՝ կենտրոնացնել իշխանությունը գործադիրի, ավելի ճիշտ՝ մեկ մարդու ձեռքում,

2–րդ՝ գործնականում ոչնչացնել տեղական ինքնակառավարման համակարգը,

3–րդ՝ «օրենքով» պատժել ոչ ՔՊ–ական համայնքապետերին և ձևավորել միակուսակցական տեղական իշխանություն,

4–րդ՝ ձևավորել տեղական իշխանիկների նոր կաստա՝ խնամիների, ծանոթների, բարեկամների, ընկերների, սանիկների, քավորների, զարմիկների ու նմանատիպ այլ դեմքերի միջոցով (և սա այն դեպքում, երբ մերիտոկրատիա, այսինքն՝ արժանավորների, այլ ոչ թե ԽԾԲ–ի միջոցով կառավարելու խոստում էր տրվել ժողովրդին),

5–րդ՝ Հայաստանը դարձնել սուպերավտորիտար երկիր՝ պետությունն օջախի վերածելու, օջախն էլ՝ տնամերձ բոստան դարձնելու ծրագրի շրջանակներում,

6–րդ՝ փորձել հետագայում բացառել ընտրությունների միջոցով իշխանափոխությունը և իշխանությունը վերարտադրելու մեխանիզմներ ձևավորել՝ տեղերում ստեղծելով վարչական ու այլ տիպի լծակների տիրապետող ընտրակեղծարար համակարգեր,

7–րդ՝ վերաբաշխել տեղական ֆինանսների հոսքերը և վերածել դրանք համայնքների դեմ ճնշման լծակի,

8–րդ՝ զրկել որոշ համայնքներին իրենց քաղաքական և տեղական նշանակության ընտրական կամքի արտահայտման հնարավորությունից,

9–րդ՝ օխլոկրատիան, այսինքն՝ ամբոխավարությունը փոխակերպել և դարձնել պոպուլիստական լոզունգներով առաջնորդվող օլիգարխիա,

և վերջապես 10–րդ՝ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանին» ընդառաջ մաքրել դաշտն անհնազանդ համայնքներից ու դրանց ղեկավարներից․ Սյունիքում տեղի ունեցողն ասվածի վառ ապացույցն է։

Ահա սրանք են այն հիմնական շարժառիթները, որոնք դրդում են իշխանություններին գնալ համայնքների խոշորացման ճանապարհով։ Մնացածը դեմագոգիա է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը