Հարցազրույց

28.06.2011 16:14


Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան

Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ

–Արդեն իսկ պարզ է, որ ՀՀ իշխանությունը գնում է հերթական ընտրությունների։ Ո՞ր դեպքում այդ ընտրություններն իրոք կլինեն հերթականը՝ բառի բուն իմաստով։ Այսինքն՝ դրանք դրական առումով ոչինչ էլ չեն փոխի մեր երկրում, և ոչնչով չեն տարբերվի նախորդներից։

–Տարբերությունը կլինի միայն այն դեպքում, եթե հասարակությունն առավել մոբիլիզացվի, և քաղաքական ուժերն այնպիսի գործունեություն իրականացնեն, որի արդյունքում կլինի որոշակի համագործակցություն՝ նվազագույնը նորմալ, վերահսկելի ընտրություններ իրականացնելու համար, և հասարակությունն ընդառաջ կգնա քաղաքական ուժերի այդ աշխատանքին։ Եվ հատկապես՝ քաղաքացիական խմբերը ևս առավել ակտիվ մասնակիցը կլինեն այդ ընտրություններում վերահսկելիությանը՝ լինելով դիտորդներ, հանձնաժողովի անդամներ տարբեր կուսակցություններից։ Ցանկության դեպքում իրենք նաև «Ժառանգության» միջոցով կարող են այդ մարդիկ լինեն՝ և՛ վստահված անձինք, և՛ հանձնաժողովի անդամներ։ Եվ այդ ամենի շնորհիվ է հնարավոր որոշակի առաջընթաց ակնկալել։ Որքան էլ գործող նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ մենք ազատ, արդար ընտրություններ ենք անցկացնելու, այս ընտրությունները որակապես տարբերվելու են և այլն, միևնույն է՝ այն հիմքերը, որոնք մինչև այժմ դրվել են, մեզ հույս չեն թողնում, որ իշխանությունները քաղաքական բարի կամքն ունեն, որպեսզի նորմալ ընտրություններ անցկացնեն։ Համենայնդեպս ինձ համար հույսը քաղաքացիական հասարակությունն է և ընդդիմադիր ուժերի համատեղ պայքարը։

–Չե՞ք կարծում, որ Հայ ազգային կոնգրեսը նպաստում է այսօրվա իշխանության վերարտադրմանը։

–Ես խնդիր չունեմ ՀԱԿ–ի գործունեությունը գնահատելու։ Համենայնդեպս՝ ես այն կարծիքին եմ, որ սկսված այս երկխոսությունը հասարակության հետ ոչ մի կապ չունի և ընդամենը քաղաքական ուժի խնդիրները լուծելուն ուղղված քայլ է, ուստի այս պահին ես ձեր հարցերին պատասխանում եմ այն տեսանկյունից, ինչն առավել նպաստավոր է հասարակության համար։ Ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելը, ես կարծում եմ, որ հասարկությա՛ն համար նպաստավոր իրադրություն կստեղծի, երբ որ հասարակությունն ինքը որոշակիորեն կդառնա գոնե մեծամասամբ իշխանություն ձևավորող հենարանը, և հենց հասարակության կողմից ձևավորված իշխանությունը կկատարի իրեն իշխանության բերած ուժի, այն է՝ հասարակության պատվերը, և կփորձի այնպիսի իրավիճակ ստեղծել, երբ առօրյա շատ սոցիալ–տնտեսական խնդիրներ նվազագույնը գոնե կլուծվեն։

–Իսկ ի՞նչն է խնդիրը, որ «Ժառանգության» ներկայացուցիչները իշխանության մասին շատ ավելի համարձակ են խոսում, շատ ավելի համարձակ են քննադատում, իսկ ՀԱԿ–ի մասին այդքան էլ համարձակ չեն խոսում։

–Համարձակության խնդիր չէ։ Ուղղակի իշխանությունը կոնկրետ պատասխանատվություն է այս պահին կրում երկրի սոցիալ–տնտեսական իրավիճակի համար, այդ պատճառով էլ իշխանության նկատմամբ մեր վերաբերմունքը բոլորովին այլ է։ Հարցն այստեղ պատասխանատվությանն է վերաբերում։ ՀԱԿ–ն ընդամենը հասարակության որոշակի հատվածի նկատմամբ ազդեցություն ունի, այն էլ՝ ո՛չ մեծամասնության մոտ։ Ուստի և մեր քննադատությունը նրանց նկատմամբ այնպիսին չէ, ինչպիսին իշխանության, որովհետև բոլորիս քաջ հայտնի է, որ այնուամենայնիվ իշխանության իրականացրած քաղաքականության, աշխատանքի արդյունքում է, որ մենք ունենք այսօրվա իրավիճակը։ ՀԱԿ–ն իր քայլերով եթե չբավարարի հասարակության պահանջները, ուղղակի չի արժանանա այդ վստահությանը։ Բայց գործող իշխանությունը, փաստորեն, հիմա ունի բոլոր այն լծակները, որի արդյունքում նա կարող է մեր երկիրը պահել կամ ավելի վատ վիճակի մեջ դնել, քան այժմ է (իսկ այժմ էլ էլի շատ վատ վիճակ է), կամ կարող է բարենպաստ միջավայր ստեղծել։ Ահա թե ինչու մեր քննադատության հիմնական առարկան իշխանությունն է, որ հենց ունի ուժը։ Մենք ուժ ունեցողի, գործադիր իշխանություն ունեցողի նկատմամբ ենք մեր քննադատությունն իրականացնում։

–Իսկ ղարաբաղյան հարցով կազանյան հանդիպումն ինչպե՞ս եք գնահատում, հատկապես այն համոզմունքների համատեքստում, թե Ադրբեջանը կանցնի ռազմական գործողությունների։

–Նախ ես այդ համոզմունքը չունեմ, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների կգնա, որովհետև շատ գործոններ կան։ Հնարավոր է, որ ինչ–որ պահի, երբ պատերազմի համար պայմանները նպաստավոր լինեն, Ադրբեջանն իր սպառազինությունն օգտագործի, բայց այս պահին ես չեմ տեսնում, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով կփորձի խնդիրը լուծել։ Այս պահին, բարեբախտաբար, հայկական կողմն այնքան պատրաստված է, որ կարող է շատ հանգիստ պաշտպանվել, և նույնիսկ ես համոզված եմ, որ կարող է շատ հակահարձակման անցնել, և իսկապես Քուռ գետը միանշանակ վերադարձվի պատմական հայրենիք։ Իսկ կազանյան հանդիպումը գնահատում եմ սովորական հանդիպումներից մեկը։ Առաջընթաց ակնկալում էին շատ–շատերը, այդ թվում նաև ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր, բայց ես ու իմ գործընկերները բանակցային գործընթացում նմանատիպ ճեղքում չէինք տեսնում, որովհետև այս պահի դրությամբ ևս հիմքեր չկան։ Դրական եմ գնահատում այն առումով, որ բանակցությունը ցանկացած դեպքում չի խանգարում, կարող են հանդիպել, զրուցել, բայց ես դա չեմ համարում բանակցություններ, որովհետև այդ պարագայում առնվազն ԼՂ–ը՝ որպես հակամարտության կողմ, ինչն ամրագրված է տարբեր փաստաթղթերում, պետք է մասնակից լինի իր ճակատագրին վերաբերվող հարցերի քննարկմանը։ Սա ես ընդամենը համարում եմ որպես բարի հանդիպումների շարք։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը