Լրահոս

28.06.2011 15:26


Ս. Սաֆարյան. «Կազանում փաստաթուղթ չստորագրելու հարցը Ադրբեջանի պատասխանատվության տակ ընկավ»

Ս. Սաֆարյան. «Կազանում փաստաթուղթ չստորագրելու հարցը Ադրբեջանի պատասխանատվության տակ ընկավ»

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար  Ստեփան Սաֆարյանն անդրադառնալով Կազանում կայացած  Սարգսյան–Ալիև–Մեդվեդև եռակողմ հանդիպմանը՝ ասել է, թե այնտեղ ստեղծվել էր մի իրավիճակ,  որ եթե փաստաթուղթ ստորագրվեր, ապա հաղթանակը լինելու էր Ռուսաստանինը, տապալումը նույնպես Ռուսաստանինը եղավ:

–Ի տարբերություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող այլ երկրների`Ռուսաստանն ավելի մեծ լծակներ ունի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Կազանյան հանդիպման կապակցությամբ ինչքան էլ միջազգային հանրությունն ու համանախագահները լավատեսություն էին հայտնել, սակայն կողմերի դիրքորոշումների տարբերության պատճառով նախագահների հանդիպումն ի սկզբանե դատապարտված էր անհաջողության,–ասել է նա։

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ Կազանում փաստաթուղթ չստորագրելու հարցը Ադրբեջանի պատասխանատվության տակ ընկավ:

–Հայկական կողմի որդեգրած մարտավարությունը, իհարկե, ճիշտ չէ, և Հայաստանը պետք է փոխի իր դիրքորոշումը բանակցային գործընթացում հաջողության հասնելու համար: ԼՂ հակամարտության խնդրում լուրջ փոփոխությունների սպասելն անիմաստ է, ես պատերազմին էլ չեմ հավատում,–ասել է նա:

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ ինքը հիասթափված է ՀՀ նախագահի ստրասբուրգյան ելույթի մակերեսայնությունից։

–Հայկական կողմը պետք է օգտագործի իրավիճակը՝ բանակցային գործընթացի ձևաչափը փոփոխելու համար`բանակցային գործընթացում ներառելով ղարաբաղյան կողմին,–ընդգծել է նա:

Անդրադառնալով վերջերս Իլհամ Ալիևի արած  ռազմատենչ  հայտարարություններին՝ Ստեփան Սաֆարյանն ասել է, թե Ադրբեջանին ոչինչ չէր մնում, քան ռազմական շքերթի միջոցով ևս մեկ անգամ հոխորտանք դրսևորել, սակայն պատերազմ չի լինի։

Այս խորագրի վերջին նյութերը