Լրահոս

28.06.2011 13:55


Գյումրու «Չերքեզի ձոր» տարածքում ինքնակամ կառույցների օրինականացման խնդրի վերաբերյալ

«Շիրակ կենտրոնը» տեղեկատվության հարցում է ուղղել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Հարցման բովանդակությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Ինչպես գիտենք, Գյումրու «Չերքեզի ձոր» տարածքում հիմնականում երկրաշարժից հետո տասնյակ անօթևան ընտանիքներ տեղադրեցին տնակներ, ինչպես նաև կառուցեցին քարաշեն և կիսաքարաշեն բնակելիներ: Իսկ նույն` երբեմնի ծառապատ և գեղատեսիլ ձորին հարող տարածքում կան տասնյակ քարաշեն տներ, որոնք կառուցվել են դեռևս նախորդ դարի 50-ական թվականներին:

Այդ թաղամասի բնակիչները բազմիցս են դիմել տարբեր ատյաններ իրենց ինքնակամ բնակելի կառույցներն օրինականացնելու խնդրով: Սակայն, ինչպես գիտենք, Գյումրու գլխավոր հատակագծով այդ տարածքը համարվում է կանաչ գոտի, ուստի այնտեղ կառուցված շինությունները ենթակա չեն օրինականացման: Ավելացնենք, որ մեր դիտարկումներով` այդ թաղամասի ժամանակավոր և ինքնակամ բնակելի կառույցներում բնակվողների գերակշիռ մասը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:

Վերջին շրջանում հանրապետական մամուլում մի շարք հրապարակումներ եղան այն մասին, որ ինչ-որ անձինք թաղամաս  են այցելել և իբր թե սեփականաշնորհման համար` բնակիչների զբաղեցրած տարածքների չափագրումներ են իրականացրել, դրա համար յուրաքանչյուր  ընտանիքից գանձել են 20.000-ից 30.000 դրամի չափով գումարներ, սակայն որևէ փաստաթուղթ չեն տվել: Ավելին, բնակիչները չգիտեն անգամ նրանց անուն-ազգանունները և չափագրող կազմակերպության անվանումը: «Չերքեզի ձորի» բնակիչներն իրենց ինքնակամ կառույցների օրինականացման խնդրում ստեղծված անորոշության մասին մտահոգություններ հայտնեցին նաև մեր հանդիպման` նախորդ օրը թաղամաս կատարած մեր այցելության ժամանակ (http://shirakcentre.org/hy/lurer/993-shirak-centre-ngo ):

Առաջնորդվելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, խնդրում եմ տրամադրել հետևյալ տեղեկությունները.

  1. Արդյո՞ք քաղաքապետարանը տեղյակ է «Չերքեզի ձոր» թաղամասի բնակչությունից չափագրման և քարտեզագրման պատճառաբանությամբ գումարներ գանձելու դեպքի մասին,

 

  1. եթե կատարվել է անօրինական գործողություն,  արդյո՞ք այդ մասին տեղյակ  պահվել  են իրավապահ մարմինները,
  2. Գյումրիում ինքնակամ կառույցների օրինականացման նպատակով ո՞ր կազմակերպություններն են իրականացնում չափագրման և քարտեզագրման աշխատանքները,
  3. Գյումրու քաղաքապետարանն ի՞նչ ծրագրեր ունի այդ թաղամասի բնակելիների օրինականացման և առհասարակ «Չերքեզի ձորի» վերականգնման ու զարգացման համար,
  4. արդյո՞ք «Չերքեզի ձորի» տարածքից որոշ հատվածներ տրված են երկարաժամկետ վարձակալության որևէ անհատի կամ կազմակերպության: Եթե այո, ապա ու՞մ, ի՞նչ հիմքով և քանի՞ տարի ժամանակով,
  5. եթե կանաչ տարածքը վերականգնելու նպատակով այնուամենայնիվ   բնակելիները ենթակա են քանդման, ապա ինչպե՞ս են լուծվելու այդ թաղամասում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները: Ինչպես է լուծվելու նաև այդ տարածքում գործող, Գյումրու ռուսական ռազմակայանին պատկանող հսկայական լվացքատունը տեղափոխելու հարցը, որի ծառայությունից օգտվող օրական  տասնյակ բեռնատար մեքենաներ են մուտք գործում «Չերքեզի ձորի» կանաչ տարածք:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ` Վահան Թումասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը