Լրահոս

28.06.2011 12:53


Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակն արձագանքել է «7օր»–ի հրապարակմանը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակն արձագանքել է «7օր»–ի հրապարակմանը

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն արձագանքել է «7օր»–ի հրապարակմանը։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ Կարեն Կարապետյանի անձնական էջում, «7օր»–ի հրապարակման տակ նա գրել է.

«Երևան քաղաքում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք չի ցուցաբերվում, և թափառող կենդանիների զանգվածային սպանդ չի կազմակերպվել ու կազմակերպվում: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ տարբեր կազմակերպություններից, համատիրություններից, մանկապարտեզների վարիչներից, դպրոցների տնօրեններից, երեխաների ծնողներից, գիտնականներից, լրագրողներից և այլ քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ դիմում–բողոքներ և ահազանգեր, ուստի առանձին տարածքներում մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով հիվանդ, ագրեսիվ, հարձակողական վարք դրսևորող, հասարակության համար վտանգ ներկայացնող շները (եղել են նաև կծվածության դեպքեր) բռնվում և քնեցվում են։ Երևան քաղաքում թափառող կենդանիների կողմից անհանգստություն պատճառելու և կծելու վերաբերյալ ստացվել են 2010թ.՝ 2279 և 2011թ. անցած ամիսների ընթացքում՝ 1621 դիմում–բողոքներ և ահազանգեր։ Միայն 2010թ. Երևան քաղաքում բժշկական կազմակերպությունների կողմից արձանագրվել է շների կողմից մարդկանց կծվածության 1320, 2011թ. առաջին եռամսյակի ընթացքում՝ 238 դեպք։ Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվում է, որ իրոք թափառող կենդանիների հիմնախնդրի լուծման ամենաարդյունավետ և քաղաքակիրթ եղանակը միջազգային հեղինակավոր մասնագետների կողմից մշակված «ամլացնել (ստերիլիզացնել) և վերադարձնել» ծրագիրն է, որն արժանացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպությունների հավանությանը և կիրառվում է զարգացած շատ երկրներում։ Իհարկե, նշված ծրագրի իրականացման դեպքում փողոցներում թափառող շներին բնակչությունը պետք է հանդուրժի 5-8 տարի։ Երևան քաղաքում թափառող կենդանիների հիմնախնդիրը լիարժեք լուծելու նպատակով, ելնելով միջազգային փորձից, անհրաժեշտ է՝ 1. ստեղծել կենդանիների վերաբերյալ օրենսդրական դաշտ («Կենդանիների մասին», «Կենդանիների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների ընդունում, Երևան քաղաքում կենդանիներ պահելու մասին կանոնների մշակում), 2. ամբողջ հանրապետության տարածքում ծրագրավորված թափառող կենդանիների թվաքանակի նվազեցման աշխատանքների իրականացում, 3. Երևան քաղաքում թափառող կենդանիների անշարժ և շարժական կլինիկաների ու կացարանների կառուցում, 4. բնակչության շրջանում կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի, հանդուրժողական մթնոլորտի, վարվելակերպի մշակույթի ձևավորում, կրթական մակարդակի բարձրացում, 5.փողոցային կենդանիների մոնիթորինգի անցկացում, հաշվառում– քարտեզագրում, վիճակագրական տվյալների բազայի ստեղծում և դրանց թվաքանակի կառավարման այլ մեխանիզմների մշակում։ Երևանի քաղաքապետարանում ներկայումս քննարկման փուլում են գտնվում թափառող կենդանիների հիմնախնդրի լուծման վերաբերյալ «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցչի ներկայացրած ծրագիրը և նախագիծը, ու դրանց իրականացման արդյունավետությունն ապահովելու նպատակով աշխատանքներ են տարվում անհրաժեշտ նախադրյալների ստեղծման ուղղությամբ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը