Լրահոս

27.06.2011 12:34


Ա. Ենիգոմշյան. «Երբ ասում են, որ արտագաղթի և ժողովրդագրական խնդիր չկա, մեղմ ասած՝ տգիտություն է»

Ա. Ենիգոմշյան. «Երբ ասում են, որ արտագաղթի և ժողովրդագրական խնդիր չկա, մեղմ ասած՝ տգիտություն է»

Վերջերս հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարել էր, թե Հայաստանում միգրացիոն հոսքերն անհանգստացնող չափերի հասնելու մասին լուրերը տարածվում են քաղաքական շահարկման նպատակով։

«Դա այդ մասին խոսողների անտեղյակության մասին է փաստում։ Այդ թվերը ներկայացնողները չեն մատնանշում իրենց աղբյուրը։ Այն անձինք, ովքեր նման հրապակումներ են անում, թող բարի լինեն նաև հղումը կատարել»,–ասել էր Գագիկ Եգանյանը։

Հայաստանից զանգվածային արտագաղթի մասին ահազանգողներից մեկն էլ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանն է, ով «7օր»–ի հետ զրույցում ընդգծել է, որ անգամ պաշտոնական տվյալներն են վկայում այդ մասին։

–Ազգային վիճակագրական ծառայության և միգրացիոն պետական ծառայության տվյալներով՝ 2008թ. միգրացիայի տարեկան բացասական մնացորդը կազմել է 23 հազ., 2009–ին՝ 25 հազ., 2010–ին՝ համարյա 30 հազ. մարդ։ Այնինչ 2006թ. դրական մնացորդը 7 հազ. էր, իսկ 2008–ին արդեն դառնում է բացասական 23 հազ., իսկ 2010–ին հասնում է 30 հազ.–ի։ Եթե անգամ ընդունենք սրանք որպես ճշմարիտ թվեր, արդեն շատ խոսուն են։ Եվ երբ ասում են, որ արտագաղթի և ժողովրդագրական խնդիր չկա, մեղմ ասած՝ տգիտություն է, բայց փաստորեն պարոն Եգանյանի պարագայում չի կարող տգիտություն լինել, այլ հստակ քաղաքական նպատակներով է արվում,–ասել է Ա. Ենիգոմշյանը՝ ավելացնելով, սակայն, որ արտագաղթի ծավալները շատ ավելի մեծ են, քան թե ներկայացվում են պաշտոնական թվերով, քանի որ վերջիններն իրական կլինեին, եթե Հայաստանի բնակչության թիվը 3 մլն 800 հազ. է, որոնցից 3 մլն 260 հազ.–ը բնակվում է Հայաստանում։

–Բոլորս գիտենք, որ դա նկարված թիվ է։ Նույնիսկ եթե ընդունենք իրենց տված թվերը, հստակ երևում է, որ մենք մեծ արտագաղթի մեջ ենք,–ավելացրել է Ա. Ենիգոմշյանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից շահավետ պայմաններով իրականացվող վերաբնակեցման ծրագրին, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամն ընդգծել է, որ դեռևս նախորդ տարեվերջին պաշտոնական տվյալներով 5 հազ. ՀՀ քաղաքացի է այդ ծրագրով մեր երկրից բնակության մեկնել Ռուսաստան։

–Դա այն ժամանակ, երբ Հայաստանում այդ ծրագրի մասին ոչ մի գովազդ չկար։ Իսկ 8–9 ամիսների ընթացքում դրա մասին և՛ հրապարակվեց, և՛ Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և այլն, գրասենյակներ են բացվել, գովազդվում է։ Մենք արդեն կարող ենք պատկերացնել, թե մեկնածներն ինչ թիվ է կազմում։ Ասեմ նաև, որ այստեղ էլ իրենք փորձում են փոքրացնել թվերը, քանի որ մոտ 2 ամիս առաջ նույնպես պաշտոնապես ասում էին՝ 600 ընտանիք է մեկնել։ Հիմա հարց պետք է տալ՝ ինչպե՞ս է, որ հոկտեմբերին 5 հազ. էր, և այդքան գովազդից, քարոզչությունից հետո մեկ էլ պակասեց թիվը։ Կարո՞ղ է՝ հետ եկան։ Իհարկե, ես հեգնական ձևով եմ ասում սա։ Բոլոր թվերը, որ ներկայացվում են, կեղծ, սուտ թվեր են, և բոլորիս համար հստակ է, թե ինչ իրավիճակում ենք մենք գտնվում արտագաղթի ոլորտում,–նշել է Ա. Ենիգոմշյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը