Լրահոս

25.06.2011 15:14


ՀՀԿ–ական. «ՀՀ առաջին նախագահը, ինչպես միշտ, հետաքրքիր գնահատականներով է հանդես եկել»

ՀՀԿ–ական. «ՀՀ առաջին նախագահը, ինչպես միշտ, հետաքրքիր գնահատականներով է հանդես եկել»

«7օր»–ի խնդրանքով անդրադառնալով կազանյան հանդիպումից առաջ «Московские новости» թերթին տված Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀ առաջին նախագահը, ինչպես միշտ, հետաքրքիր գնահատականներով է հանդես եկել, որոնց մի մասի հետ ինքը համամիտ է, մի մասի հետ՝ ոչ։ ՀՀԿ–ականը Լևոն Տեր–Պետրոսյանի հետ համամիտ է, օրինակ, այն հարցում, որ Հայաստանը երբեք չի հրահրի պատերազմ. այն կարող է սկսել Ադրբեջանը։

Էդ. Շարմազանովը, սակայն, համամիտ չէ, որ հայ–թուրքական գործընթացով այսօրվա իշխանությունը, ի տարբերություն Լևոն Տեր–Պետրոսյանի, հարցականի տակ դրեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

–Ի տարբերություն իրեն՝ մենք օրակարգում պահում ենք և զարգացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը,–ասել է Էդ. Շարմազանովը։

Ինչ վերաբերում է նույն հարցազրույցում Լևոն Տեր–Պետրոսյանի այն արտահայտությանը, որ ղարաբաղյան հարցը պետք է շուտափույթ կարգավորել, քանի որ Ադրբեջանն օր օրի հզորանում է, ՀՀԿ մամուլի խոսնակն արձագանքել է.

Մենք դեմ ենք խնդրի ամեն գնով կարգավորմանը։ Կարծում եմ՝ դեմ են նաև առաջին, երկրորդ նախագահները, և բոլոր այն մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում, որովետև ամեն գնով կարգավորումը չի բացառում ոչ մի սցենար. բոլոր սցենարները կարող են լինել։ Մենք կողմ ենք արժանապատիվ խաղաղության կարգավորմանը, որը կգոհացնի Արցախի ժողովրդին և հանրապետությանը։

«7օր»–ի թղթակիցն Էդ. Շարազանովին հիշեցրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հունիսի 22–ին ԵԽԽՎ–ում հայտարարել է.

«Համարում եմ, որ Ադրբեջանն առավելություն կստանա, եթե, Աստված մի՛ արասցե, ռազմական գործողություններ սկսվեն, որովհետև նրանք իրոք իրենց ժողովրդին պատրաստել են և պատրաստում են պատերազմի»:

ՀՀԿ մամուլի խոսնակն ասել է, թե ՀՀ նախագահն իր այս հայտարարությունն արել է դովիլյան հայտարարության տրամաբանության ներքո.

–Դովիլյան հայտարարության մեջ համանախագահ երկրների ղեկավարներն առաջարկել էին և կոչ արել երկու նախագահներին իրենց հասարակություններին պատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության։ Նախագահը նշեց, որ մենք կառուցում ենք ժողովրդավարական հասարակություն, Հայաստան, և, բնականաբար, ինչպես բոլոր ժողովրդավարական երկրներում, մենք հասարակությանը պատրաստում ենք խաղաղությա՛ն, որովհետև պատերազմի պատրաստվում են միայն տոտալիտար պետություններում, տոտալիտար համակարգերում, ինչպես եղել է Մուսսոլինիի և Հիտլերի ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը