Լրահոս

24.06.2011 17:44


Էկոնոմիկայի նախարար. «Վարկերի ներգրավումը շարունակական գործընթաց է և չի ավարտվելու»

Էկոնոմիկայի նախարար. «Վարկերի ներգրավումը շարունակական գործընթաց է և չի ավարտվելու»

Արտաքին վարկերի ներգրավումը շարունակական գործընթաց է և չի ավարտվելու։ Այս մասին «7օր»–ին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

Աշխարհում գրեթե չկա երկիր, որ վարկային միջոցներ չներգրավի։ Եթե մեզ տրամադրում են լավ պայմաններով ռեսուրսներ, շատ ցածր տոկոսադրույքներով և ասում, որ այդ ռեսուրսները կարող ենք 30 տարի հետո վերադարձնել շատ սիմվոլիկ տոկոսադրույքներով, դա ձեռնտու է և՛ մարդուն, և՛ ընկերությանը, և՛ պետությանը,– ասել է Տիգրան Դավթյանը։

Նա նշել է, որ սա, իհարկե, պետք է համադրվի արտաքին պարտքի ճիշտ կառավարման հետ, այսինքն՝ պետք է հստակ հաշվարկել՝ ինչքա՞ն է պետք վերցնել, ի՞նչ պայմաններով և այլն։ Դա, նրա խոսքերով, բավական հստակ կառավարվում է Ֆինանսների նախարարության կողմից, և այս պահի դրությամբ ՀՀ արտաքին պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը տեղավորվում է թե՛ միջազգային, թե՛ ՀՀ օրենսդրական սահմանափակումների շրջանակներում։

Կառավարության պարտքը մոտ 30%–ի շրջանակում է, իսկ ընդհանուր պարտքը, որում նախատեսված է և՛ ներքին պարտքը, և՛ ԿԲ–ի պարտքը, մոտ 42%–43%–ի շրջակայքում է։ Մինչև 50%–ը համարվում է անհանգստություն չհարուցող,– ընդգծել է նա։

Նա նշել է, որ վերջին շրջանում ՀՀ–ն լրացուցիչ վարկային ռեսուրսներ է ստանում տարբեր ծրագրեր իրականացնելու համար, բայց աճում է նաև ՀՆԱ–ն։

Վարկատուն էլ, նախարարի խոսքերով, վարկը տալիս է այն երկրին, որից համոզված է, որ այդ պարտքը կվերադառնա.

Այնպես որ, դա էլ է վերահսկվում։ Այդ կազմակերպություններն այն կարծիքին են, որ մենք հնարավորություն ունենք մեր վարկերն ավելացնելու, և դրա հետ մեկտեղ մենք մարում ենք մեր վարկերը։ Հայաստանն ամենալավ , վստահելի և կոպեկ–կոպեկ վարկային միջոցները մարող պետություն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը