Լրահոս

24.06.2011 16:55


«Սարդարապատ» շարժման հայտարարությունը

Հունիսի 23-ին ՀՀ Ճարտարապետների միության տան դահլիճում պետք է տեղի ունենար «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչների հանդիպումը երիտասարդության հետ, սակայն վերջին պահին՝ առանց որևէ պատճառաբանության, Ճարտարապետների միության ղեկավարությունը մերժեց դահլիճ տրամադրել շարժմանը:

Հայտարարված ժամին միության առջև էին հավաքվել բազմաթիվ երիտասարդներ, ինչպես նաև «Սարդարապատ» շարժման անդամները, որոնք բացօթյա ասուլիս անցկացրին: Իսկ նախատեսված միջոցառումը այնուամենայնիվ տեղի ունեցավ «Կենաց տուն» մշակութային տանը:

Նկատենք, որ Ճարտարապետների միության տան դահլիճը ազատորեն և կանոնավոր կերպով տրվում է աղանդավոր կազմակերպություններին իրենց պարբերաբար անցկացվող հավաքների գումարման համար։

Հասկանալի է, որ Ճարտարապետների միության ղեկավարությունը նման որոշում ինքնուրույն չէր կայացրել։ Միջոցառումը անցկացնելու արգելքը ուղղակիորեն իջեցվել էր նախագահական նստավայրից։

Հայաստանի վարչախումբը, իրեն հատուկ գործելաոճով, Հայաստանում կրկին ոտնահարում է մարդկանց հավաքներ անցկացնելու տարրական իրավունքը։

Ընդամենը մեկ օր առաջ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ելույթ ունեցող Սերժ Սարգսյանը հպարտությամբ «օճառի պղպջակներ էր» բաց թողնում, նշելով ռեժիմի «ձեռքբերումները» «…Ժողովրդավարության ամրապնդման անընդհատականության կարևորությունը եղել և մնում է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքն ու նպատակը... Սովորում և մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն… Մեր երկիրը լրջորեն ու անդառնալիորեն իր կենսակերպը համահունչ է դարձրել ժողովրդավար և ազատական աշխարհի կանոններին…»:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը այս ամենը դիտարկում է որպես ժողովրդավարության տարրական արժեքների ոտնահարում։

Կազանի հանդիպումից առաջ, աննախադեպ ճնշումների պարագայում, վարչակարգը չունենալով ներքին համոզվածություն և ինքնավստահություն, փորձում է խոչընդոտել իրենց կողմից չվերահսկվող քաղաքական ուժերի գործունեությունը, հույս ունենալով պահպանել իշխանությունը ազգակործան որոշման ստորագրելու պարագայում։

Իշխանությունների այս արգելքը պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ընդդիմադիր դաշտի, զանգվածային լրատվամիջոցների կողմից, քանի որ վաղ թե ուշ յուրաքանչյուր իրական ընդդիմադիր միավոր հաստատապես հայտնվելու է նույն խոչընդոտների առաջ։

Ռեժիմը կրկին բացահայտ ձեռնոց է նետել հայ հասարակությանը…

«Սարդարապատ» շարժում

Այս խորագրի վերջին նյութերը