Լրահոս

24.06.2011 15:48


ՀՀԿ պատգամավոր. «Այն խոսքը, որ Ադրբեջանը հզորանում է, և կարևորվում է, որ հարցը շուտափույթ լուծվի, մենք էլ ենք այդ կարծիքին»

ՀՀԿ պատգամավոր. «Այն խոսքը, որ Ադրբեջանը հզորանում է, և կարևորվում է, որ հարցը  շուտափույթ լուծվի, մենք էլ ենք այդ կարծիքին»

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը «Московские новости» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին՝ ասել էր, որ Ադրբեջանը գնալով հզորանում է, այդ պատճառով պետք է հարցը շուտափույթ լուծել։

«7օր»–ը փորձել է ՀՀԿ–ական Հովհաննես Սահակյանից պարզել՝ ինչպես է վերաբերվում այդ հայտարարությանը։

Մեզ հետ զրույցում նա ասել է, որ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթի այդ հատվածին ծանոթ չէ, բայց կարող է պատասխանել ադրբեջանական կողմից անընդհատ հնչող հայտարարություններին, թե իբր իրենք շատ հզոր են։

–Որքան էլ Ադրբեջանն իր նավթադոլլարները տակը դիզած լինի, մեկ է, մենք պաշտպանում ենք մեր հողը և կարող ենք արժանի հակահարված տալ,–նշել է նա։

Պատասխանելով մեր այն դիտարկմանը, թե երբ ադրբեջանական կողմից են նման հայտարարություններ հնչում, կարելի է հասկանալ, որովհետև նրանք հակառակորդ կողմ են, բայց երբ հայ քաղաքական գործիչն է այդպիսի բան ասում, մի տեսակ անընդունելի չէ՞, Հովհաննես Սահակյանն ասել է՝ այն, որ Ղարաբաղի հարցը պետք է շուտափույթ լուծվի, երկրորդ կարծիք լինել չի կարող։

–Այն, որ Ղարաբաղի հարցն անհասկանալի զիջումներով պետք է լուծվի, անընունելի է։ Միևնույն է, Ղարաբաղը պետք է ունենա անկախ ինքնավար տարածքի որևէ կարգավիճակ, որը պետք է լինի անկախ Ադրբեջանի կազմից և որևէ առումով կապ չունենա Ադրբեջանի տարածքի հետ, սա էլ է փաստ։ Թե հիմա որ քաղաքական ուժն ինչ կասի, իր խնդիրն է,–ասել է նա։

Հարցին՝ իսկ նա՝ որպես հայ մարդ, ՀՀԿ ներկայացուցիչ, ինչպե՞ս է վերաբերվում արված  արտահայտությանը, Հովհաննես Սահակյանը պատասխանել է, որ ինքն ամբողջական տեքստին ծանոթ չէ և ծանոթանալուց հետո միայն կարող է մեկնաբանել։

–Բայց, այնուամենայնիվ, եթե կա նման միտք, որ պետք է շուտափույթ լուծել, և միայն նրա համար, որ Ադրբեջանը հզորանում է, իհարկե, պետք է լուծել. դրա մեջ վատ բան չկա։ Բայց եթե միակողմանի պետք է զիջումների գնալ, ապա դա վատ երևույթ է, և բացասական եմ վերաբերվում։ Միայն այն խոսքը, որ Ադրբեջանը հզորանում է, և կարևորվում է, որ հարցը  շուտափույթ լուծվի, մենք էլ ենք այդ կարծիքին, Ղարաբաղի հարցը փոխադարձ զիջումների միջոցով պետք է լուծվի,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը