Հարցազրույց

24.06.2011 12:15


Սերգեյ Շաքարյանց.

Սերգեյ Շաքարյանց.

Հարցազրույց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ

Այսօր Կազանում կայանալու է ՍարգսյանԱլիևՄեդվեդև եռակողմ հանդիպումը, որից առաջ թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե՛ համանախագահ երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչները, թե՛ ադրբեջանական կողմը, անընդհատ խոսում էին հնարավոր առաջընթացի, արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում նոր հնարավորությունների մասին։ Հայկական կողմից, սակայն, այս կապակցությամբ պաշտոնական մակարդակով նման գնահատականներ ու հայտարարություններ չեն արվել, նշվել է միայն, որ առանձնապես հույսեր չի կապում՝ հաշվի առնելով ադրբեջանական դիրքորոշումը։ Այս ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ եք կարծում` այսօր Կազանում որևէ բան կստորագրվի՞։

–Քանի որ նախատեսված է, որ  հենց այսօր է Կազանում հանդիպում տեղի  ունենալու, մի քիչ դժվար է կանխատեսումներ անել, թե ի վերջո՝ երեք նախագահները որևէ մի փաստաթուղթ կստորագրե՞ն, թե՞ ոչ։ Պարզապես նախագահներն ինչ–որ վստահություն չեն ներշնչում, թե Ադրբեջանի նախագահը, որը «Եվրանյուզ»–ով իր հերթական հայտարարությունների շարքն արեց, Ռուսաստան կգնա ուրիշ տրամադրություններով ու պատրաստակամություն կհայտնի ստորագրել ինչ–որ, այսպես ասած, համաձայնագիր, որը  թույլ կտա անցնել կարգավորման երկրորդ կամ երրորդ փուլին։ Այդ պատճառով էլ ես լավատեսորեն չեմ տրամադրված։ Ես դատում եմ այն իրավիճակներից, որոնք իրականում գոյություն ունեն, իսկ իրականում գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի  նախագահների՝ «Եվրանյուզ»–ին տված  վերջին հայտարարությունները, որոնք հարցազրույցների  ժամանակ են արվել։ Այդ հարցազրույցներից չի կարելի  եզրակազնել, որ Ադրբեջանի  նախագահը պատրաստ է որևէ մի իրական կառուցողական քայլ կատարելուն։ Այդ պատճառով ես Կազանի հանդիպումից շատ  սպասելիք չեմ կարող ունենալ։

–Այնուամենայնիվ, համանախագահները մի տեսակ վճռական են տրամադրված, բացի դա՝ «Եվրանյուզ»–ին տված հարցազրույցի  ժամանակ Սերժ Սարսյանն էլ էր ասել, թե միջազգային հանրությունը Հայաստանից, Ղարաբաղից և Ադրբեջանից պահանջում է վերջնական պատասխան։ Այս ամենը հաշվի  առնելով՝ եթե որևէ բան չստորագրվի, ապա կարելի՞  է ենթադրել, որ Արցախի  հիմնախդիրը կմտնի փակուղի։

–Ես ստիպված եմ հիշեցնել, որ  այդ ակնկալիքները մեծ են, թե ոչ, բայց, այնուամենայնիվ, համանախագահներն իրենք են այն կասկածի տակ դրել իրենց արած բոլոր հայտարարություններով։ Ես առաջին տեղում կդնեի Ռուսաստանի  Դաշնության արտգործնախարարության հայտարարությունը, որտեղ ամեն ինչ ընդգծելով և հույսեր տարածելով, այնուամենայնիվ, ինչ–որ զգուշություն էր դրսևորված ու, համենայնդեպս, այդ հայտարարության հիմնական իմաստն այն էր, որ Մոսկվան հույս ունի, որ հակամարտող կողմերը կօգտագործեն այդ հնարավորությունը։ Վերջ։ Իսկ Ֆրանասիայի համանախագահ  Բեռնար Ֆասիեն, ընդհանրապես, ասաց, և ինձ թվում է՝ այդ ասվածի մեջ  տվյալ պահի կարգավորման փուլի գլխավոր  իմաստն է պետք տեսնել, որ  իրենք իրականում հույս չունեն։ Այդ պատճառով պարոն Ֆասիեն կանխատեսում արեց, որ եթե Կազանում բան չստորագրվի, ապա համանախագահները  պատրաստ են ևս մի նոր  կարագավորման հայեցակարգի մշակման։ Արդեն ասվեց այն ամենը, ինչ որ պետք է ասվեր։ Ադրբեջանի նախագահի  պահվածքից էլ երևում է, որ հնարավոր է՝ Կազանում իրական քայլեր չկատարվեն։ Բայց կկատարվեն, թե ոչ, մենք կիմանանք այսօր երեկոյան։

–Այսինքն՝ եթե անգամ որևէ բան չստորագրվի, ապա հարցի լուծումը կշարունակի ընթանալ այնպես, ինչպես եղե՞լ է։

–Այո՛։ Հանդիպման գլխավոր իմաստը, երևի թե այսպես կարելի է եզրակացնել, այն է, որ Ալիևի կլանը ստորագրի կամ գոնե հստակ պարտականություն կվերցն իր վրա՝ ոչ մի դեպքում պատերազմական գործողություններ չվերսկսել հակամարտության գոտում։ Ինձ թվում է՝ սա է իմաստը։ Ոչ ոք չի սպասում, որ այդ հանդիպումից հետո կսկսվի ինչ–որ լայնածավալ շարժում դեպի  վերջնական փաստաթղթի  համաձայնեցնելու գոծընթաց։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ բոլորն էլ երևի պատկերացնում են, որ նախընտրական շրաջան է սկսվում, և Ադրբեջանում շուտով սկսվող այդ գործընթացը բավական մեծ խոչընդոտ  է, որ  Ադրբեջանի իշխանությունները  իրականում չսկսեն շարժվել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման ուղությամբ։

–Կարելի է ասել, որ միակ խոչընդոտը Ադրբեջանն է։ Իսկ  մենք ի՞նչ դիրքորոշմամբ ենք գնում, պատարստ ենք զիջումների՞։

–Մեր պատրաստ կամ չպատրաստ  լինելու մասին կարելի է եզրակացություն անել ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան ելույթից։ Այնտեղ գրված է, որ Հայաստանը գնում է համաձայնության, բայց... ու այս «բայցերը» առնվազն երեքն են։ Չորրորդ «բայցը», որի մասին կարելի է ինչ–որ դատողություններ  անել՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և հասարակական կազմակերպությունների հայտարարությունները, շատ հրատապ է։ Ըստ իս՝ այդ բոլոր հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ բանակցային սեղանին դրված է այն հարցը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է վերսկսեն մասնակցել բոլոր կարգի խորհրդակցություններին և բանակցություններին։ Գլխավորը դա է։ Եթե Ադրբեջանը ընդունում է այդ պահանջը, ապա ինչո՞ւ չէ՝ կարելի է ինչ–որ առաջընթաց գրանցել։ Սակայն ես նախադրյալ չեմ տեսնում, որ  Ադրբեջանը հրաժարվի իր ոչ  կառուցողական դիրքորոշումից։ Այսինքն՝ հայկական կողմի զիջումները  վաղուց սպառված են։ Հայաստանի մասին է խոսքը։ Իսկ ինչի՞ն է պատրաստ գնալ Լեռնային Ղարաբաղը՝ ոչ ոք դեռ լուրջ չի ուսումնասիրել, որովհետև Ղարաբաղը պետք է ուղիղ բանակցությունների  առարկա դառնա, որ պարզ լինի՝ Ղարաբաղն ու Ադրբեջանը որևէ բանի մասին կարո՞ղ են պայմանավորվել, թե՞ ոչ։ Սա ուրիշ հարթության խնդիր է արդեն, թե Ղարաբաղն ու Ադրբեջանը բանակցությունների ընթացքում ի՞նչ  հարցեր կարող են շոշափել։ Եթե դա արվի Կազանում, ապա այն ժամանակ կարելի է ասել, որ արդարացված են այն բոլոր կոչերն ու կանխատեսումները, թե հակամարտող կողմերը մոտիկ են վերջնական համաձայնագրի ստորագրմանը։ Եթե դա չի արվում Կազանում, ուրեմն նույնատիպ հեռու ենք այդ վերջնական համաձայնագրից՝ ինչպես անցած, նախանցած տարի և այլն, և այլն։

–Իսկ պատերազմի վերսկսման հավանականությունը մե՞ծ է՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն անընդհատ  խոսում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու  մասին։

–Կներե՛ք, բայց Ադրբեջանը 1991թ.–ից է խոսում խնդիրի ռազմական ճանապարհով լուծման մասին, բայց ես դեռ չեմ տեսել որևէ մեկին, ում դա կզարմացներ։ ԱՄՆ–ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների՝ Դովիլում արված հայտարարությունը հենց դրա մասին էր։ Բավական բացահայտ  խոսվում էր և հենց Ադրբեջանին հիշեցվում էր՝ պատերազմը սկսելով՝ Ադրբեջանը պարտվել է, և դա բերել է հումանիտար աղետի և այլն, և այլն։ Այնտեղ նաև հստակեցված է, որ երեք գերտերությունները որևէ դեպքում չեն թողնի, որ հակամարտող որևէ կողմ տարածաշրջանում նորից անցնի պատերազմական գործողությունների։ Այնպես որ՝ բացեիբաց պարզ է, որ Վաշինգտոնը, Փարիզն ու Մոսկվան Իլհամ Ալիևին, այսպես ասած, դեղին քարտ են ցույց տվել, և նա դեղին քարտով է գնում Կազան։ Ես հասկանում եմ, որ գերտերությունները  ամեն դեպքում դեմ են, որ որևէ մեկն անցնի պատերազմական գործողությունների։ Մենք այստեղ գործ ունենք փոխհամաձայնեցված  կարծիքի հետ, որը կարելի է բաժանել. ԱՄՆ–ը՝ որպես քաղաքական մի բևեռ, Եվրոպան՝ որպես քաղաքական այլ բևեռ, և Ռուսաստանը՝ որպես առանձին կամ եվրասիական քաղաքական բևեռ։ Սա ոչ միայն Ռուսաստանի, ԱՄՆ–ի կամ Ֆրանսիայի որոշումն է, այլև համաշխարհային նշանակության որոշում։

–Կարելի է ասել, որ պատերազմի հավանականությունը փո՞քր է։

–Ինձ թվում է՝ այսօրվա դրությամբ շատ քիչ հավանական է, որ անակնկալ ձևով պատերազմ բռնկվի։ Համենայնդեպս ինձ թվում է, որ  2008թ. օգոստոսի նման դեպքեր  դժվար թե տեղի ունենան, այսինքն՝ դժվար թե Ադրբեջանն անցնի ինչ–որ  անսպասելի հարձակման։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը