Կարծիք

26.08.2021 12:23


Ձեր արյունով հարստացած մարդկանց վստահում եք, իսկ հայրենասերներին ուզում եք դատել

Ձեր արյունով հարստացած մարդկանց վստահում եք, իսկ հայրենասերներին ուզում եք դատել
Ոչ ես չեմ տրվելու գայթակղությանը և չեմ իջնելու ՔՊ-ականների ու Նիկոլ Փաշինյանի մակարդակին, քանզի հարգում եմ ինձ և հավատում, որ բանականությունն ու մտավոր ունակություններն անհամեմատ ավելի ուժեղ և դոմինանտ միավոր են, քան ֆիզիկական ուժը։ Ի միջի այլոց, նույնը խորհուրդ կտամ իմ կողմից անչափ հարգված մեր ԱԺ զինակիցներին, որովհետև անձամբ ճանաչում եմ նրանցից յուրաքանչյուրին և միշտ հմայված եմ եղել նրանցից յուրաքանչյուրի մտավոր կարողություններով։ Ես խորին համոզմունք ունեմ, որ մտքով և լեզվով հնարավոր է ավելի մեծ ցավ պատճառել դիմացինին քան ֆիզիկապես։ Ամեն դեպքում, սա ուղղակի կարծիք է, բայց հիմա բոլորովին այլ բանի մասին եմ ուզում խոսել։
ՔՊ-ական մի երեսփոխան, ով միշտ ժողովրդի մոտ ունեցել է «ՆԱԽԿԻՆՆԵՐԻ» սիմվոլացում, օլիգարխ, Վանո Սիրադեղյանի բաջանաղ, Լևոն Տեր-Պետրոսյանի աջ ձեռք, թալանչի, իր բաջանաղի միջնորդությամբ կոպեկներով ամենատարբեր աշխատող գործարաններ սեփականաշնորհած Խաչատուր Սուքիասյանը, ով այդ գործարաններից և ոչ մեկը չի աշխատեցրել, այլ քանդել ու վարձով է տվել տարածքներ, մի օվերտոնի պատուհան բացեց, ասելով, որ Վազգեն Սարգսյանը, 1998 թվականին պետական հեղաշրջում է իրականացրել Հայաստանում։
Իմ տարիքի Հայերը, եթե անկեղծ լինեն, կհիշեն «Գռզո» մականունով այս կերպարին, ով սև խավիար էր ճաշակում այն մութ ու ցուրտ տարիներին, երբ այսօր, իրեն ընտրողներից շատերը մի կտոր հացի համար ամբողջ գիշեր հերթ էին կանգնում։ Եվ խնդիրը այն չէր, որ փող չունեին, այլ այն, որ իրենց համար՝ չկար, իսկ պրն Սուքիասյանի համար՝ ամեն ինչ էլ կար։ Այո, իմ տարիքի մարդիկ կհիշեն, որ Հայաստանում թիկնապահների համակարգի ստեղծողը և նրանց ամենաթողությունը խրախուսողն եղել է հենց ինքը և հենց իր ժամանակ էին սարսափում կոնկրետ պետհամարանիշներով մորեգույն BMW-ներից, որով շրջում էին «իր մարդիկ»։
Այո, այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Արցախում էր, և ակտիվ զբաղված էր Արցախի պաշտպանությամբ։ Իսկ ի՞նչ էր անում Սուքիասյանը, արդյո՞ք այդ Հայրենիքն այն ժամանակ իրենը չէր և Արցախյան ազատամարտը իրեն չէր վերաբերվում, որ անտարբերությամբ հետևում էր, թե ինչպես են զոհհվում մեր հերոսները և մեկ օր էլ բանակում չծառայեց։
Ամեն դեպքում, ըստ Ձեր ընտրած պատգամավոր պրն Սուքիասյանի, հաղթած Սպարապետ, Հայոց բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանը, ապօրինաբար խառնվել է քաղաքականության մեջ և պետական հեղաշրջում իրականացրել։ Եթե համարեմ, որ Հայաստանում կա 600 000 մարդ, ովքեր այսպես են մտածում և նա արտահայտել է իր ընտրողների կարծիքը, ապա անշուշտ պետք է ցավամ Հայ ազգի համար և համարեմ, որ Հայաստանը գոյատևում է իր վերջին օրերը։ Իսկ եթե դա այդպես չէ, ապա ինչպե՞ս է «ժողովուրդը» հանդուրժում, որ իր «ընտրյալը», բարձր ամբիոնից այսպիսի ադրբեջանամետ արտահայտություններ անի։
Ամեն դեպքում, ուզում եմ հասկանալ, էդ որ ասում էիք՝ նախկիններին վերադարձ չի լինելու, դա պրն Սուքիասյանին չէ՞ր վերաբերվում... Ձեր արյունով հարստացած մարդկանց վստահում եք, իսկ Հայրենասերներին ուզում եք դատել։ Հիշեք, Դուք օգնեցիք, որ այն նախկինները, որոնք ժամանակին հեռացվել էին իշխանությունից և ռեվանշի ծարավ ունեին, ստացան այդ հնարավորությունը։ Հա ուզում եմ ասել, որ բնիկ երևանցի եմ և պրն Սուքիասյանին հիշում եմ դեռևս խորհրդային ժամանակաշրջանից։
Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը