Լրահոս

24.06.2011 00:42


Սերժ Սարգսյան. «Միջազգային հանրությունը Հայաստանից, Ղարաբաղից և Ադրբեջանից պահանջում են վերջնական պատասխան»

Սերժ Սարգսյան. «Միջազգային հանրությունը Հայաստանից, Ղարաբաղից և Ադրբեջանից պահանջում են վերջնական պատասխան»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Euronews» հեռուստաընկերությանը և խոսելով ԼՂ–ի հակամարտության մասին՝ հայտարարել, որ լավատեսությունը հրաշալի որակ է, բայց անձամբ ինքը նախընտրում է լինել կառուցողական և իր ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն:

«Դուք խոսում եք զիջումների մասին, սակայն մենք բացարձակապես դեմ ենք միակողմանի զիջումներին: Մեզ հետաքրքրում են փոխադարձ զիջումները: Իսկ մեր իրավիճակի յուրահատկությունն այն է, որ մենք զիջման պետք է գնանք մի պետության, ժողովրդի, որը առիթ է փնտրում մեզ վրա կրակելու համար: Ինչպես ես նշել եմ ԵԽԽՎ-ում իմ ելույթում, Եվրոպայի խորհրդի Ռասզիմի դեմ հանձնաժողովը վերջերս իր զեկույցում ընդգծել էր, որ Ադրբեջանում ծայրահեղ զարգացած է հայատյացությունն ու ռասզիզմը, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին,–ասել է ՀՀ նախագահը,–Եթե Ադրբեջանը չի համաձայնում ինքնորոշման գաղափարի հետ, ապա ինչպե՞ս կարող են այդ երկրի իշխանությունները հայտարարել, թե բանակցությունները շարունակելու և խնդրի լուծման ուղիները որոնելու համար մտադիր են հենվել Մադրիդյան սկզբունքների վրա: Հիշեցնեմ, որ այդ փաստաթուղթը ենթադրում է երեք սկզբունքների կատարում՝ ուժի բացառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք: Եվ այս սկզբունքների հիմքում ոչ միայն հայկական կողմի առաջարկություններն են… Այնպես որ, ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ Ադրբեջանը երկար տարիների ընթացքում բանակցություններ է վարում մի փաստաթղթի շուրջ, որի կետերից մեկը չի ճանաչում»:

Հարցին՝ եթե ձեզ համար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը հիմնական դրույթներից է, իսկ Ադրբեջանը դրան համաձայն չէ, ստացվում է՝ պետք չէ՞ Կազանում համաձայնություն, առաջընթաց ակնկալել, Սերժ Սարգսյանը պատասխանել է.

«Այդ դեպքում Ադրբեջանը պետք է ուղղակի հայտարարի, որ դեմ է հանդես գալիս Մադրիդյան համաձայնագրի երկու կամ գոնե մեկ դրույթին։ Կամ էլ միջազգային հանրությունը պետք է հայտարարի, որ չի ճանաչում ինքնորոշման իրավունքը։ Այդ դեպքում վերջին տասնամյակների ողջ ջանքերը ի չիք կդառնան։ Եվ հետո, ինքնորոշման իրավունքը չճանաչելու դեպքում ինչպե՞ս բացատրել տասնյակ նոր պետությունների ստեղծումը, դրանց ինքնորոշումը։ Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել հենց վերջերս Կոսովոյի անկախության ճանաչման փաստը։ Ես ցանկանում եմ նաև հիշեցնել, որ Ադրբեջանում գոյություն ուներ մեծամասամբ հայերով բնակեցված նաև մեկ այլ շրջան՝ Նախիջևանը։ Սակայն խորհրդային և դրանից հետո ընկած ժամանակաշրջանում իրականացվեց այդ ինքնավարության հայաթափումը, և այսօր այնտեղ ընդհանրապես գործնականում հայեր չկան»։

ՀՀ նախագահն ավելացրել է նաև, որ միջազգային հանրությունը Հայաստանից, Ղարաբաղից և Ադրբեջանից պահանջում են վերջնական պատասխան։

«Նրանք մեզ ասում են՝ «ասեք, վերջապես, «այո՛» կամ «ո՛չ», այլևս մի հապաղեք»։ Մենք հուսով ենք, որ պատասխանը կտրվի կազանյան հանդիպմանը»,–հայտարարել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը