Լրահոս

24.06.2011 09:32


Ոչնչացվում են մշակութային նշանակության բազմաթիվ հանրային տարածքներ

Ոչնչացվում են մշակութային նշանակության բազմաթիվ հանրային տարածքներ

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգում է, որ օրինախախտները նորից ներխուժել են Վիշապների այգի, որը ամիսներ շարունակ Նոր Նորքի բնակիչների կողմից պաշտպանվում և խնամվում է։ Սկսել են ցանկապատել այգին, որտեղ գտնվում են վիշապաքարեր։ Այն բարեկարգվել է ՀՀԿ կողմից։

Հաշվի առնելով բնակիչների հուսահատ պայքարը նման կերպով ոտնահարելու գործելաոճը, հարուցված քրեական գործի ու դատական հայցի անտեսումը, ինչպես նաև թե տեղական և թե հանրապետական իշխանությունների, ՀՀ մշակույթի և հատկապես բնապահպանության և մյուս նախարարությունների թողտվությունը՝ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությանը ոչինչ չի մնում, քան հայտարարել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշակութային ցեղասպանության է իրագործում Երևան քաղաքում։

Ոչնչացվում են մշակութային նշանակության բազմաթիվ հանրային տարածքներ, այդ թվում՝ Ուսանողական այգին (Աբովյան փ.), քանդակագործ Չուբարյանի արվեստանոցը (Նալբանդյան փ.), Վիշապների պուրակը (Գայի պող.) և այլ հանրային գոտիներ։ Երևանի ոչնչացված և այժմ ոչնչացվող հանրային տարածքը հետ վերադարձնելու փոխարեն՝ նոր գլխավոր ճարտարապետի կողմից անիմաստ և թանկարժեք գմբեթներ են նախագծվում Երևանի հրապարակի կենտրոնում, որն էլ ավելի է կաթվածահար անելու մեր քաղաքում մարդու կենսական միջավայրը։

Այս ամենն ուղղված է Հայաստանի քաղաքացու դեմ և հետապնդում է մշակութային շերտերի ոչնչացման նպատակ։ Որպես կառավարող ուժ` ՀՀԿ-ն և նրա ղեկավար կազմը ուղղակի քաղաքական պատասխանատվություն է կրում Երևանի մշակութային ժառանգության ոչնչացման համար։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը