Լրահոս

23.06.2011 16:13


Ալիկ Սարգսյան. «Բացառվում է, որ սխալ մարդու են սպանել»

Ալիկ Սարգսյան. «Բացառվում է, որ սխալ մարդու են սպանել»

Կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, լրագրողների հետ  զրույցում  անդրադառնալով  ոստիկանության ծառայողների կողմից մետրոյի Գարեգին Նժդեհ հրապարակում Արման Ենգիբարյանի (նրան մեղադրում են ավազակային հարձակում գործելու համար) նկատմամբ հրազեն կիրառելու և վնասազերծելու դեպքին, ասել է, թե քննությունն ապացուցում է, որ նա անմեղ չէր։

–Ես կարծում եմ, որ ավազակությունը պիտի պատժվի: Ես հայտարարում եմ, որ բացառվում է, որ սխալ մարդու են սպանել, որովհետև բոլոր տուժողները ցուցմունք են տալիս: Ինչ ուզում եք, այն էլ գրեք թերթերում։ Հանցագործություն է բացահայտվել, հիմա էլ մարդկանց դրա համա՞ր եք քննադատում: Մնում ա՝ մարդկանց հերոսացնեք արդեն ,–նշել է նա։

Անդրադառնալով մամուլում հրապարակված  այն նյութերին, թե Արմեն Ենգիբարյանը ոչ մի հանցանք չի  գործել, և ծնողներն էլ  վստահեցնում են, որ  երբևէ հետախուզման մեջ չի եղել՝ Ալիկ Սարգսյանն ասել է, թե չի հիշում մի այդպիսի դեպք, երբ հանցագործի ծնողը հայտարարի, թե իր տղան մեղավոր է և պիտի պատժվի։

–Այս պահին նախաքննությունը գնում է: Հիմա ես հավատամ ծնողների՞ ասածին։ Թերթերն էլ հուզիչ տեսարանով այդ ամենը ներկայացնում են,–ընդգծել է նա։

Խոսելով ոստիկանների գործողության իրավաչափ կամ ոչ իրավաչափ լինելու մասին՝ Ալիկ Սարգսյանն ասել է, թե ցավում է, որ երիտասարդ տղան կյանքից հեռացել է, բայց միգուցե  այդ պահին իր ուսերը թեթևացել են, երբ իմացել է, որ հանցագործ է վնասազերծվել։

– Չէ՞ որ տեռորի էր ենթարկել ամբողջ քաղաքը:  Ես չէի ուզենա, որ սպանվեր, ես շատ կուզենայի, որ դա կպներ ոտքին, կամ էլ ընդհանրապես կրակոց չլիներ: Մեզ հատկացված զենքերը մարտական զենքեր են, չէ՞, «Մակարով» տեսակի ատրճանակները։ Իսկ ո՞վ ա ասել, որ էդ «Մակարովից» հետո խնձոր են բաժանում: Կրակոցից հետո, պարզ ա, մարդ էլ կմահանար, մեկը կվիրավորվի, մեկը կմահանա։ Ովքեր մի անգամ հրազենի հետ գործ են ունեցել, պիտի հասկանան, որ դժվար է կողմնորոշվել և  խփել ոչ թե ոտին, այլ մատի ծերին: Ոչ ոք դրանից աշտպանված չէ և չի կարող դա ոստիկանից պահանջել,–ընդգծել է նա:

Իսկ ինչ վերաբերում է ոստիկանին խրախուսելուն, ապա ՀՀ ոստիկանապետը նշել է, թե առայժմ չի պատրաստվում որևէ մեկին մեծարել կամ պարգևատրել:

–Ես կսպասեմ՝ նախաքննությունը կավարտվի, ըստ այդմ էլ ոստիկանին կխրախուսեմ, եթե բոլոր ծառայությունները գտնեն, որ նա օրինաչափ է գործել: Ես առայժմ չեմ շտապում: Իմ կարծիքով՝ ամեն ինչ արվել է օրինաչափ,–ընդգծել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը