Լրահոս

23.06.2011 15:58


Վարդան Օսկանյանի արձագանքը ՀՀ նախագահի Ստրասբուրգի ելույթին

Վարդան Օսկանյանի արձագանքը ՀՀ նախագահի Ստրասբուրգի ելույթին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթում, հատկապես հարց ու պատասխանի մասում, կային մի քանի ոչ ճիշտ ներկայացված արտահայտություններ: Բայց դրանցից երեքը, կարծում եմ, պետք է ինչ-որ ձևով հերքվեն իշխանությունների կողմից:

Առաջին` ներկայացնել, որ Հայաստանն առ այսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև ընդունում է տարածքային ամբողջականության սկզբունքը, ակնհայտորեն Հայաստանի նախորդ քսան տարիների՝ ներառյալ Սերժ Սարգսյանի երեք տարիների դիրքորոշման ոչ ճիշտ ներկայացումն է:

Երկու տասնամյակ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի կանխորոշած չլինի բանակցային գործընթացի ելքը: Այն պահին, երբ Ադրբեջանը դուրս գա բանակցություններից կամ փորձի հարցը լուծել ուժով, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա՛ է եղել Հայաստանի Հանրապետության երեք վարչակարգերի քաղաքականությունը: Նախագահի մեկնաբանությունը ճշգրտման կարիք ունի, հատկապես որովհետև նրա հիմնական ելույթում նույնպես չկա որևէ արտահայտություն, որ կարտացոլեր պաշտոնական դիրքորոշումը:

Երկրորդ` ուժի չօգտագործման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները, որոնք նախագահը ներկայացրեց որպես Մադրիդյան սկզբունքներ, իրականում հանդիսանում են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները և ծառայում են որպես ուղենիշ ցանկացած հակամարտության համար` ներառյալ ղարաբաղյանը: Տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար յուրահատուկ սկզբունքներ են մշակվել, որոնք թվով երեքից ավելի են: Դրանք ճանաչվել են որպես Մադրիդյան սկզբունքներ: Որքան ինձ հայտնի է, նույնիսկ եթե Մադրիդյան փաստաթուղթը ձևափոխվել է, սկզբունքները նույնն են մնացել: Եվ Մադրիդյան սկզբունքներից առաջինն էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է:

Երրորդ` երկու ռազմական հաղթանակներից հետո հայերը հավատարիմ են բանակցային գործընթացին, որովհետև հավատում են, որ չկա՛ ռազմական լուծում այս հակամարտությանը, և ո՛չ որովհետև ադրբեջանական կողմն ինչ-որ առավելություններ ունի մեր նկատմամբ: Հայերի նպատակը խաղաղ կարգավորումն է, որը հիմնված կլինի հաստատուն և տևական սկզբունքների վրա: Կազանի նախօրեին հայկական դիրքորոշումը պետք է հստակորեն ճշգրտվի։ Այս պայքարը միշտ եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պայքար:

Այս խորագրի վերջին նյութերը