Լրահոս

23.06.2011 13:56


Ազատագրված տարածքների հարցում ցանկացած զիջում հանգեցնելու է հայ ժողովրդի աննախադեպ բունտի

Վաղը Կազան քաղաքում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ տեղի ունենալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ կրկին ակտիվացել են ղարաբաղյան հարցում այսպես կոչված «փոխզիջումների» մասին խոսակցությունները: «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը, ներկայացնելով հայ երիտասարդության մի ստվար զանգվածի տրամադրվածությունը նման սցենարի հանդեպ, հայտարարում է, որ վերամիավորված տարածքների ցանկացած սակարկում համահայկական խռովության այնպիսի մի ալիք է բարձրացնելու, որի հետևանքներն անկանխատեսելի են լինելու: Վերամիավորված պապենական հողերի զիջումն Ադրբեջանին այն եզակի հարցերից է, որն ի զորու է ոտքի հանել համայն աշխարհի հայությանը:

Մեր օրերում ընդունված է խոսել այն մասին, որ երիտասարդության մի ստվար շերտ զրկված է ազգային մտածողությունից: Որքան էլ պարադոկսալ է, բայց «Ճանաչիր քո երկիրը»-ի անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս խավի ներկայացուցիչները ազատագրված տարածքների ամենափոքր զիջման դեպքում առաջինն են ոտքի ելնելու: Ազատագրված Արցախն ու դրա հարակից շրջանները այդպիսի երիտասարդների ենթագիտակցության մեջ արմատավորված են «իրենց հայրերի արյունով ազատված հայկական հողեր» կարծրատիպում, ուստի, զարմանալի է, բայց երիտասարդության հենց ա՛յդ շերտն է լինելու համազգային խռովության առաջին դիրքերում:

Տարածքների փաստացի զիջման վերաբերյալ որևէ փաստաթղթի տակ ստորագրած անձը հասարակության կողմից մեխանիկորեն սկսելու է ընկալվել ոչ թե որպես ազգի դավաճան, այլ իբրև ազգի թշնամի` դրանից բխող բոլոր հետևանքներով: Առանձին դեպքերում հնարավոր են նաև ազգի թշնամիների նկատմամբ միջնադարում ընդունված որոշ ավանդույթների վերածննդի փորձեր:

Հայկական ազատագրված տարածքների զիջումը հանգեցնելու է ողջ զինվորականության բունտին: Չնայած հայկական բանակում երբեմն հանդիպող անառողջ մթնոլորտի դրսևորումներին, անհնար է ժխտել, որ Արցախն ու ազատագրված տարածքները զինվորականության կողմից ընկալվում են որպես սրբություն: Անգամ եթե հաջողվի «համոզել» բարձրագույն սպայակազմին «համաձայնվել Արցախի կարգավիճակի դիմաց զիջել որոշ տարածքներ», նրանց ենթակաների մեծ մասը պարզապես կհրաժարվի կատարել «ազգադավ վերադասի» հրամանները:

«Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնության անդամները հաճախ հայրենաճանաչողական արշավների են մեկնում ազատագրված տարածքներ: Այնտեղ ազգի դավաճանի պիտակ ձեռք բերելու համար բավական է արցախցիների հետ զրույցում միայն բացել իրենց հայրենիքի «փոխզիջման» մասին խոսակցությունը: Նախաձեռնության անդամ երիտասարդները շփվել են ազատագրված տարածքների հարյուրավոր բնակիչների հետ: Նրանց մեջ չկա գեթ մեկը, որը ղեկավարվեր «ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե պատերազմ չլինի» սկզբունքով: Արցախցիները պատրա՛ստ են տեր կանգնել իրենց հայրենիքին: XX դարավերջի պատմությունը նրանց մի անբացատրելի, գերբնական ուժով է կապել սեփական հողի հետ: Ցանկացած արցախցի պատրաստ է ջնջել երկրի երեսից յուրաքանչյուրին, ով կփորձի «զիջել» (տեղական տերմինաբանությամբ` ծախել) իր կամ իր հայրերի արյունով ազատագրված հողերը:

Վաղը` կազանյան հանդիպմանը զուգահեռ, «Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնության անդամ 50 երևանցի երիտասարդ արշավի է մեկնելու հայկական ազատագրված տարածներ` Քաշաթաղի և Շահումյանի շրջաններ: Նրանք քաղցր հյուրասիրություն են տանելու արցախցիներին:

«Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը