Լրահոս

23.06.2011 11:05


Հնչակյան կուսակցության հայտարարությունը

Վաղը` հունիսի 24-ին` Կազանում սպասվում է  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումը:  Այդ հանդիպումից առաջ միջազգային քաղաքական որոշ շրջանակներ տարածում են հայտարարություններ, որոնք մտահոգում են Հնչակյան կուսակցությանը:  Ի գիտություն խնդրում շահագրգիռ միջազգային ուժերի հայտարարում ենք.

  1. Արցախի հարցում ցանկացած պարտադրված որոշում կհանգեցնի պատերազմի: Խաղաղությունը չի կարող հաստատվել հայրենազրկման, սեփական հողի վրա սեփական ճակատագիրը կերտելու հնարավորության զրկմամբ:
  2. Փոխզիջումների մասին խոսելիս պետք խոսել  ոչ միայն ազատագրված շրջանների, այլ նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի և հայկական այլ հողերի մասին
  3. Փախստականների վերադարձը ենթադրում է երկկողմանի գործողություն: Եթե ադրբեջանցիները հայտարարում են իրենց փախստականների մասին, ապա ովքե՞ր են Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, Շահումյանից, Գետաշենից և Մարտունաշենից մազապուրծ եղած,  տունն ու ողջ ինչքը թշնամուն թողած հարյուր հազարավոր հայորդիները
  4. Խաղաղապահների տեղակայումը Արցախում միայն և միայն կվտանգի մեր երկրի ինքնիշխանությունն ու ապահովությունը: Արցախը և Հայաստանը լավագույնս կարող են պաշտպանել միայն Հայկական երկու Հանրապետությունների Զինված Ուժերը
  5. Ադրբեջանը շարունակաբար սպառնում է պատերազմով` այս կերպ արհամարհելով միջազգային կառույցների հորդորները: Հայաստանի իշխանությունները պատասխանում են խաղաղասիրական և հանդուրժողական կոչերով, ինչի ժամանակներն այլևս վաղուց սպառվել են: Ցանկացած ագրեսիվ, հարձակողական գործողության դեպքում Հայաստանն ու Արցախը պատրաստ են տալ թշնամուն պատշաճ հակահարված, որից հետո Ադրբեջանը մի քանի տասնյակ տարի կաղաղակի այլ «գրավյալ» տարածքների մասին:

Այսօր Արցախում և Հայաստանում աճում է նոր սերունդ, որը երբեք և երբեք չի ընդունի թշնամու հանդեպ զիջումնային քաղաքականություն: Այս օրերին պետք է լինել առավել համախումբ, մի կողմ թողնել ներքաղաքական խնդիրները` հնարավոր առավել հզոր մարտահրավերներին դիմակայելու համար:

Հնչակյան կուսակցության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը