Կարծիք

14.08.2021 16:30


«Մեծ խաբեություն՝ փոքր երկրում» կամ ինչո՞ւ պատերազմի ժամանակ Փաշինյանը Մասիս Մայիլյանին ուղարկեց Մոսկվա

«Մեծ խաբեություն՝ փոքր երկրում» կամ  ինչո՞ւ պատերազմի ժամանակ Փաշինյանը Մասիս Մայիլյանին ուղարկեց Մոսկվա

Մի շարք պատճառներով՝ պատերազմից հետո Հայաստանում խեղաթյուրվեց քաղաքական բանավեճը, սկսեց լղոզվել պատասխանատվությունը, ինչը թույլ տվեց ողբերգության գլխավոր պատասխանատուին ոչ միայն «գլուխը հանել» ՊՆ բունկերից, այլև կրկին փորձել մանիպուլացնել հասարակական գիտակցությունը, կրկին «էմոցիա գողանալ» քաղաքացիներից:

Շատերի խորին համոզմամբ՝ սրա համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական էլիտան, բայց այսօր մենք դրա մասին չենք խոսում: Այս պահին կցանկանայի դիտարկել վերջին պատերազմի ընդամենը մեկ դրվագ: Մի դրվագ, որն անհասկանալիորեն մոռացված է:

Դատելով Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նստաշրջանից՝ իշխանությունները որոշել են մանիպուլյատիվ բանավեճը բերել նաև Ազգային ժողով և պատերազմում պատասխանատու նշանակել նաև խորհրդարանական ընդդիմությանը:

Պատերազմը դադարեցնելու առաջին փորձը կարող էր նույնիսկ չկայանալ

Հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում տեղի են ունեցել բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Սա Արցախում պատերազմը կանգնեցնելու առաջին մեծ փորձն էր: Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Լավրովը ժամեր շարունակ բանակցություններ է վարել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, սակայն Թուրքիայի միջամտությունը գործընթացին թույլ չտվեց այդ փուլում դադարեցնել ռազմական գործողությունները:

Բայց այս իրավիճակում կար մեկ «նրբություն», որի մասին շատերը մոռացել են: Հոկտեմբերի 9-10-ը բանակցությունները կարող էին չկայանալ, քանի որ այն ժամանակվա Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հայկական պատվիրակության կազմում ժամանել էր Մոսկվա: Հիշեցնենք, որ դեռ 2020-ի մայիսին համացանցում հայտնվեց մի փաստաթուղթ[1], որը հաստատում էր տեղեկատվությունն այն մասին, որ Մայիլյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է (արգելքըգործումէ 2020 թ. մարտի 11-իցմինչև 2025 թ. մարտի 11-ը):

Սոցցանցերում այդ օրերին «օդի մեջ կախված» մի շարք տեղեկությունների համաձայն, Մայիլյանի` հայկական պատվիրակության կազմում[2] լինելու փաստը կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի ուղիղ պահանջը: Այսպիսով, նա փորձում էր հասարակությանը ցույց տալ, որ «չնայած պատերազմին, նա կատարեց իր խոստումը և «վերադարձրեց» Արցախը բանակցությունների սեղան»:

Ամենաբարձր մակարդակի բանակցությունները, պատերազմը ԱԺ-ում զգացմունքային ելույթներ չեն: Բանակցություններում յուրաքանչյուր սխալի համար դուք կարող եք վճարել հազարավոր կյանքերով, ինչպես եղավ հոկտեմբերի 19-ից հետո, երբ Փաշինյանը մերժեց Պուտինի առաջարկը՝ դադարեցնել պատերազմը այն պայմաններում, երբ մեր զոհերի պաշտոնական թիվը չէր անցնում 1000-ը (ի դեպ, այժմ, երբ իշխանությունները, արդարացնելով ԱԺ շենքում անվտանգության չափազանց մեծ միջոցառումները, խոսում են հոկտեմբերի 27-ի մասին, ապա լավ կլինի, որ սկզբից ամբողջ ճշմարտությունը պատմեն հոկտեմբերի 19-ի և այն մասին, թե քանի՞ կյանք արժեցավ այն, որ Փաշինյանը հրաժարվեց ընդունել Ռուսաստանի նախագահի՝ պատերազմը դադարեցնելու հոկտեմբերի 19-ի առաջարկը): Մայիլյանի` պատվիրակության կազմում գտնվելու պատճառով բանակցություններն ընդհանրապես կարող էին տեղի չունենալ:

Այնուամենայնիվ, այս իրավիճակը մի շարք հարցեր է առաջացնում.

  1. Ինչպե՞ս կարող էր Փաշինյանը չիմանալ, որ Մայիլյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է, և ինչպե՞ս կարող էր թույլ տալ Արցախում նշանակել նրան այդքան կարևոր պաշտոնի:
  2. Եթե Փաշինյանը գիտեր այս մասին, ապա ինչո՞ւ նա Արայիկ Հարությունյանին չզգուշացրեց, որ Մայիլյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է, և որ այդպիսի անձը չի կարող նշանակվել Արցախի արտգործնախարարի պաշտոնում:
  3. Եթե Փաշինյանն ու Հարությունյանը գիտեին, որ Մայիլյանին արգելում են մուտքը ՌԴ, բայց, այնուամենայնիվ, նշանակեցին նրան Արցախի արտգործնախարարի պաշտոնում, ապա ինչո՞ւ նրանք դա արեցին: Ո՞ւմ շահերից է բխել այդ նշանակումը:
  4. Եվ վերջապես, եթե պատերազմի օրերին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների, մի շարք պետական մարմինների ակտիվ շփումների ընթացքում Փաշինյանին նոր էին տեղեկացրել, որ Մայիլյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է, և դրանից հետո նա Մասիսին «դնում է» նույն ինքնաթիռ Զոհրաբ Մնացականյանի հետ, ապա դրանից կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայկական կողմը միտում էր ունեցել խափանել մոսկովյան բանակցությունները:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հայ հասարակությունն իրավունք ունի ստանալու: «Նախկինները» չէին կարող ներգրավված լինել Մայիլյանին Արցախի արտգործնախարարի պաշտոնում նշանակելու գործում։ Կարող ենք ենթադրել, որ դա Նիկոլի անձնական որոշումն էր, իսկ Արայիկը կատարեց իր հանձնարարականները (ի դեպ, կա կարծիք, որ այս հարցում ասելիք ունի նաև Արայիկ Հարությունյանը, ով Մոսկվա էր մեկնել 2020-ին Արցախում կայացած նախագահական ընտրություններից առաջ և բազմաթիվ տարբեր խոստումներ էր տվել, բայց տուն հասնելուն պես նա արեց իր խոստացածի հակառակն ու Մայիլյանը նշանակվեց Արցախի արտաքին գործերի նախարար): Ուրեմն ինչի՞ համար է Մայիլյանը, ում արգելված էր մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, նախ նշանակվել Արցախի արտգործնախարարի պաշտոնում, ապա Մնացականյանի հետ գնացել Մոսկվա` պատերազմի օրերին բանակցություններ վարելու նպատակով:

Սրանք պարզ ու հասարակ, բայց կարևոր հարցեր են, և փոքր երկրի մեծ խաբեբան չի կարող պատասխանատու նշանակել այլ անձանց: Թերևս, եթե այս հարցի պատասխանը ստացվեր վերջին 6-8 ամիսների ընթացքում և հանցագործները պատիժը կրեին քրեակատարողական հիմնարկներում, ապա Սյունիքի և Վարդենիսի ներկայիս իրավիճակը գուցե չլիներ:

Բենիամին Մաթևոսյան

քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

[1] https://antifake.am/am/news/1427

[2] https://hayeli.am/?p=609430&l=am

Այս խորագրի վերջին նյութերը