Կարծիք

14.08.2021 09:05


Առանց խորհրդանիշների երկիր

Առանց խորհրդանիշների երկիր
Պետությունները կառուցվում են խորհրդանիշների հիման վրա, իսկ կառավարություններն իրենց լեգիտիմությունը հիմնավորելու համար խորհրդանիշների պաշտամունք են ձևավորում:
Երբ խորհրդանիշներն ու հերոսները վարկաբեկվում են, ապա կամ պետությունները փլուզվում են, կամ նրանց փոխարեն նոր պետություններ են հիմնվում, համապատասխան նոր խորհրդանիշներով:
Օրինակ, Սովետական Միությունը փլուզվեց Գլաստնոստի շնորհիվ, որի ժամանակ մարդիկ Ստալինի մեջ տեսան ոչ թե պատերազմում հաղթած Առաջնորդի, այլ մարդակեր հրեշի, Լենինը պարզվեց սովորական սեֆիլիտիկ էր, Հայաստանում, ասենք, Ղուկաս Ղուկասյանը ծնողներին դավաճանած անբարոյական կերպար էր.. ։
Երբ սկսվեց արձանների ու սիմվոլների ավերումը, դա Սովետական Միության ավարտի սկիզբն էր: Նույնը հիմա կատարվում է Ուկրաինայում, այնտեղ հերոսներ են հռչակվում նախկին հակահերոսները, իսկ նախկին հերոսները՝ հակահերոսներ, այսինքն նոր Ուկրաինայի նախագիծ են փորձում ստեղծել, իսկ Բելառուսում' ճիշտ հակառակը։
Այլ օրինակ, ԱՄՆ-ում ու Անգլիայում պղծվում ու ավերվում են նախկին հերոսների արձանները, ամերիկյան դրոշի հանդեպ վերաբերմունքն է փոխվում: Դա ուր կտանի, կտեսնենք ապագայում, սակայն մեր թեման Հայաստանն է:
Վերջին երեք տարիներին վերաբերմունքի ինչ փոփոխությունների են ենթարկել Հին Հայաստանի խորհրդանիշները, և որոնք են Նոր Հայաստանի խորհրդանիշները:
Օրինակ, "հեղափոխության" ժամանակ փորձ արվեց գողանալ Հին Հայաստանի հերոսին՝ Ռոբերտ Աբաջյանին, նրա "պապի" միջոցով, սակայն հաջորդ փուլում հակահերոս ու սովորական գող հռչակվեց գեներալ Մանվելը, Մարտի 1-ի պատասխանատու դարձավ Քոչարյանը, հետո հայտարարվեց, որ "հեղափոխությունն" ավելի կարևոր է, քան Ղարաբաղի հաղթանակը։ Պատերազմից հետո հաղթանակի խորհրդանիշը՝ Շուշին հանձնվեց, պղծվեց Վազգեն Սարգսյան արձանը (ինչը խորդանշական էր), ով նույնպես Հին Հայաստանի սիմվոլներից էր։ Ցուցակը կարելի է երկար շարունակել։
Ցանկացած հերոս իրական կյանքում կարող է բացասական գործեր նույնպես արած լինի, օրինակ, Սուվորովը դաժան մարդ էր, իր կինը դժբախտ ամուսին, Ժուկովը նույնպես չափազանց դաժան էր, իսկ պատերազմի մարշալներն ունեին բազմաբևեռ անձնական կյանք, մասնակցում էին գրաված տարածքների թալանին: Ուաշինգթոնը ստրկատեր էր ու իր ռանչոյով ավելի շատ էր զբաղվում, քան պետությունով, որն իր փոխարեն այլ մարդիկ էին իրականում կառավարում ...։
Ցանկացած խորհրդանիշ կարելի է տարբեր կողմերով ներկայացնել, կախված, թե ինչ քաղաքական պրոյեկտ է իրականացվում։
Մինչ իշխանափոխությունը ՔՊ-ի ակտիվիստները, ընդամենը երեք տարի առաջ, պայքարում էին Սովետական Հայաստանի հիմնադիրների անունով փողոցների անվանափոխման համար: Պարզ է, դա մտածված քաղաքական նախագիծ էր, բնականաբար, ոչ Հայաստանում նախագծված: Հաջորդը պետք է լինեին Արցախի սիմվոլները։
Իսկ ովքեր են Նոր Հայաստանի դեմքերն։ Ինչպես տեսնում ենք, դրանք լրագրողներ, իրավապաշտպաններ են, դարձի եկած երկրապահներ, օլիգարխներ ու գեներալներ, որոնք "անցել" են ժողովրդի կողմը, սակայն նրանցից հերոսներ ու սիմվոլներ կերտել չի ստացվի, ինչպես նաև Հայաստանում հերոս, դեռեւս, չի կարող դառնալ քաղաքացիական արիություն ցուցաբերած նույնասեռականը, ով հրապարակային կերպով քամինգ աութ է կատարում:
Այդ դեպքում ով է այսօրվա Հայաստանի հերոսը, որոնք են սիմվոլները: Դրանից կախված է, թե ինչ քաղաքական նախագիծ է իրականացվում Հայաստանում: Այս պահին կարելի է ֆիքսել, որ մենք չունենք խորհրդանիշներ, Նժդեհի, Վազգեն Սարգսյանի, Մոնթեի ժամանակն ավարտվել է, իսկ նոր հերոսներ դեռ չկան, ինչից կարելի է եզրակացնել, որ ներկայիս Հայաստանում որևէ պետական նախագիծ դեռ չկա: Եթե չկա նման բան, ապա չկա նաեւ իրական քաղաքական պրոցես, ինչը երեւում է ԱԺ-ի տխուր պատկերի վրա։ Սա է մեր հիմիկվա գլխավոր խնդիրը:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը