Լրահոս

22.06.2011 16:33


Ընդդեմ բռնությունների

Հունիսի 17-ին «Արամ Մանուկյան» կենտրոնում տեղի ունեցած  «Կանանց եւ դեռահասների նկատմամբ բռնությունների դեմ  իրականացվելիք աշխատանքների  անհրաժեշտությունը» թեմայով քննարկումը նախաձեռնել էին Արաբկիր վարչական տարածքի Քաղաքացիների խորհրդակցական  խումբը,  ոստիկանության Արաբկիրի բաժինն ու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Քննարկմանը մասնակցում էին  նաեւ համատիրությունների նախագահներ, հոգևորականներ, դպրոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի  փոխդեսպան Կարել Հոֆստրան գոհունակություն  հայտնեց  Արաբկիր համայնքում ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների ու բնակչության համագործակցության վերաբերյալ: Նա նշեց, որ ոստիկանությունը միայնակ չի  կարող  պայքարել այնպիսի երեւույթի դեմ,  ինչպիսին բռնությունն է.  հատկապես ընտանիքներում տիրող նման  երեւույթները պետք է վեր հանվեն ու կանխվեն համագործակցության արդյունքում:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ,  ոստիկանության գնդապետ Արթուր  Մեհրաբյանը նույնպես  կարեւորեց ոստիկանության հետ համագործակցելու խնդիրը: Ոստիկանությունը ստիպված  է  արձագանքել միայն բռնության փաստին, մինչդեռ  հասարակությունը, անտարբերություն  չցուցաբերելով, կարող է  կանխել երեւույթը` ընդգծեց Արթուր  Մեհրաբյանն` նշելով, որ ընտանեկան  բռնությունների թեման հրատապ է հատկապես այն տեսանկյունից, որ երեւույթը բացասաբար է անդրադառնում երեխաների հոգեկերտվածքի վրա: Նա  կարեւորեց ընտանիք-դպրոց-շրջապատ շղթան. եթե այդ շղթայի օղաներից  որեւէ մեկը թույլ է,  ապա աճում է խեղաթյուրված ճակատագրով երեխաների թիվը, վտանգվում  է  հասարակության  ապագան:
Արթուր  Մեհրաբյանը  նշեց, որ  2010 թ.  հինգ ամիսներին ոստիկանության Արաբկիրի բաժնում գրանցվել է անչափահասների կողմից կատարված հանցագործության 22 դեպք, 2011 թ. հինգ ամիսներին` 7:
Ոստիկանության գործունեության կարեւոր խնդիրներից են անչափահասների նկատմամբ ոտնձգությունների, բռնության  դեպքերի հայտնաբերման, կանխարգելման ու  բացահայտման  աշխատանքները, որոնք ամենօրյա բնույթ են  կրում: Հունիսի 1-ի  դրությամբ`  ոստիկանության տարբեր բաժիններում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործության  103 դեպք է գրանցվել, որոնցից  24-ը`  ֆիզիկական բռնության, 25-ը`  սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված:  Անչափահասները բռնության են ենթարկվել ինչպես ընտանիքում`  հարազատների կողմից, այնպես էլ  հասարակական վայրերում:
Հայկական մտածողությամբ  եւ ավանդական ընկալմամբ`  ընտանիք, ծնող, երեխա հասկացությունները միշտ էլ գերակա արժեք են, սակայն, ցավոք,  մեզանում եւս երեխաների նկատմամբ բռնարարքներ են կատարվում. այդ առումով, կարծում ենք, 103-ը ամենեւին էլ փոքր թիվ չէ:
Հանդիպման մասնակիցները հիմնախնդրի վերաբերյալ մի շարք հարցեր բարձրացրին, եղան նաեւ հստակ առաջարկություններ, որոնցից կարելի է առանձնացնել, մասնավորապես, անապահով ընտանիքների երեխաների զբաղվածության հարցը: Որոշվեց մշակել ծրագիր եւ ներկայացնել պատկան մարմիններին:

Այս խորագրի վերջին նյութերը