Լրահոս

22.06.2011 16:28


Սերժ Սարգսյան. «Ադրբեջանի առաջարկածը խուզած ինքնորոշում է»

Սերժ Սարգսյան. «Ադրբեջանի առաջարկածը խուզած ինքնորոշում է»

ԵԽԽՎ–ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ռուս պատվիրակը հարց է հղել, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Կազանում սպասվող հանդիպման ժամանակ ի՞նչը կարող է հետ պահել Հայաստանին համաձայնություն չստորագրելուց։

Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ հայկական կողմից որևէ խնդիր չկա։

–Մենք դեռ 2007–ին հայտարարել ենք, որ այն սկզբունքները, որոնք դրված են մադրիդյան փաստաթղթում, հնարավոր են դարձնում խնդրի արդարացի և երկարատև լուծումը։ Գիտեք, որ սկզբունքները 3–ն են՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում։ Խնդիրն այն է, որ մենք այդ սկզբունքները հասկանում ենք այլ կերպ, ադրբեջանցիները՝ մեկ այլ։ Բոլորիդ էլ հայտնի է, որ մանավանդ վերջին տարիներին Ադրբեջանն իր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների բերանով հայտարարում է, որ խնդրի լուծմանը պատրաստ է ռազմական ճանապարհով։ Շատ խորաթափանց պետք չէ լինել՝ հասկանալու, որ առաջին սկզբունքը խախտել է ադրբեջանական կողմը։ Երկրորդը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, Հայաստանն ընդունել է, ընդունում է և ընդունելու է։ Հայաստանի կառավարությունը երբեք տարածքային պահանջ չի ներկայացրել, նաև հայտնի է, որ այսօր ՀՀ–ն դեռ չի ընդունել ԼՂՀ անկախությունը։ Երրորդը՝ ազգերի ինքնորոշումը, հասկանալի, ընկալելի և ընդունելի է նաև այն պատճառով, որ վերջին 20 տարում հենց այս սկզբունքի հիման վրա մի քանի տասնյակ պետություններ անկախացան։ Այստեղ ադրբեջանցիներն ունեն տարակարծություն. նրանք պնդում են, որ ազգերի ինքնորոշումն ընդունում են, բայց կոնկրետ դեպքում՝ Ղարաբաղն ինքնորոշվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։ Մենք ասում ենք, որ խուզած ինքնորոշման մասին է խոսքը։ Ինքնորոշման իմաստն էլ այն է, որ տվյալ ժողովուրդն ինքը որոշի իր կարգավիճակը։ Խնդիրը սա է։ Մենք վերապահում չունենք, պարզապես այն երկրները, որոնք չեն ուզում՝ խնդիրը լուծվի, տարբեր պատճառներ են մատնանշում այս սկզբունքների կապակցությամբ,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը