Լրահոս

22.06.2011 13:19


«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության հայտարարությունը «Սուպերսաքոյան» սինդրոմի վերաբերյալ

Հունիսի 20-ին «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը լայն հասարակական քննարկման առարկա դարձրեց երիտասարդության շրջանում հայտնի ռեփեր Սուպեր Սաքոյի` Հաղպատավանքի դիմաց արված սադիստական լուսանկարները: Այս թեմայով մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, բլոգերում և սոցիալական ցանցերում հանդես եկան հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ, իրենց սոցիալական կարգավիճակով, կրթությամբ, անհատական առանձնահատկություններով միանգամայն հակադիր բևեռներում գտնվող մարդիկ, որոնց միավորում է մեր երկրում ազգային արժեքների պակասի մտահոգությունը:

Սուպեր Սաքոյի այլանդակ լուսանկարների պատմությունն ապացուցելու եկավ, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն իրականում ունակ է բարձրաձայնել իրեն հուզող հարցերը: Հիմնականում երիտասարդների կողմից բարձրացրած հիրավի աննախադեպ աղմուկը ցույց տվեց, որ Հայաստանում սուպերսաքոներից ու իրենց մտախոհներից բացի ապրում են նաև բազմաթիվ նորմալ մարդիկ` Հայեր, որոնք չեն ղեկավարվում ազգային արժեքների վրա հրապարակայնորեն թքելով իրենց վրա ուշադրություն հրավիրելու մոլուցքով: Նրանք երբեք, ինչպես, օրինակ, սրբապիղծ լուսանկարների հեղինակ Արվին Քոչարյանը, մամուլում չեն հայտարարի, թե «մտահաղացումն ամբողջովին Սուպեր Սաքոյինն է եղել, ես միայն պատվեր եմ կատարել»` հաստատելով, որ հանուն փողի պատրաստ է կատարել ցանկացած հակազգային պատվեր:

Այս ամենը չհանդուրժողներն են մեր երկրի իրական տերերը, և տեղի-անտեղի գովերգվող հանդուրժողականությունն այս դեպքում միայն թույլ ու ողորմելի է:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը