Լրահոս

22.06.2011 11:04


Այսօր կլսվի «Օլիմպ» ԱԿ հայցն ընդդեմ քաղաքապետարանի

Այսօր, հունիսի 22- ին, ժամը 11.30 ՀՀ վարչական դատարանում կլսվի «Օլիմպ» ԱԿ հայցն ընդդեմ քաղաքապետարանի` Երևան Աբովյան 4 հասցեում գտնվող «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող շինության զբաղեցրած հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը։

Գործի  նախապատմությունը

1 Հողամասի նկատմամբ Կոոպերատիվի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով 18.06.2009 թվականին ժամը 10:47-ին Կոոպերատիվի անունից դիմել եմ Երևանի քաղաքապետարան` խնդրելով սահմանված կարգին համապատասխան իրականացնել նշված հողամասի սահմանների ճշտում և հողօգտագործման իրավունքի ձևակերպում:

2 Ըստ ինձ հատկացված գրավոր ծանուցման, դիմումս պետք է քննարկվեր և ինձ պատասխան տրվեր 45 օրվա ընթացքում, սակայն մինչև 17.11.2009 թվականը իմ դիմումին որևէ լուծում չի տրվել:

3 Իմ և իմ ներկայացուցչի բազմաթիվ հեռախոսազանգերին, միշտ ստացել ենք միևնույն պատասխանը, որ շուտով դուք կստանաք քաղաքապետի որոշումը, ըստ որի վերականգնվում էր շինությամբ զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը շինությամբ զբաղեցրած հողատարածքի չափով և որով սահմանվում էր, որ Կոոպերատիվը օրենքի ուժով  հողատարածքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:

4 Ի վերջո` 21.10.2009թ-ին քաղաքապետարանից տեղեկացել ենք, որ որոշումն արդեն պատրաստ է և անհրաժեշտ է  հողի կադաստրային արժեքը վճարել, և ստանալ քաղաքապետի որոշումը: Քաղաքապետարանի տրամադրած տեղեկանքում Կոոպերատիվի զբաղեցրած հողամասի ընդհանուր մակերեսը 180 քմ էր։ Չնայած ֆինանսական զգալի դժվարություններին, 22.10.2009թ-ին վճարել ենք հողի կադաստրային արժեքը մեզ նախապես տրված հաշվի համարին և մեզ նախապես հայտնած գումարի չափով:

 

5  2009 թվականի նոյեմբերի 17-ին, այսինքն` դիմումը տալուց գրեթե 5 ամիս հետո, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետն ինձ գրությամբ տեղեկացրել է, որ դիմումը մերժվել է:

6 Քաղաքապետարանի գրության մեջ նշված էր, որ ՙհողամասի կադաստրային արժեքի վճարման անհրաժեշտությունը առկա կլինի մասնավորեցման ժամանակ և ներկայումս 22.10.2009թ-ի թիվ 83 դրամարկղի մուտքի օրդերի հիման վրա Երևանի քաղաքապետարանի 900013211017 հաշվեհամարին մուտքագրված գումարը կարող եք հետ ստանալ` սահմանված կարգով դիմում ներկայացնելով:

Այսպիսով, քաղաքապետարանի կողմից դիմումի  մերժման պատճառաբանությունները գտնում եմ անհիմն և անօրինական, իսկ մերժման ձևը` օրենքից չբխող: Բացի այդ, օրենքով սահմանված ժամկետում դիմումը չմերժելը համարում եմ հիմք` Կոոպերատիվի սեփականությունը հողամասի նկատմամբ ճանաչելու համար:

Տվյալ գործով հայց եմ ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ քաղաքապետարանի։ Գործն ընդունվել է վարույթ  և անցկացվել է մի քանի նախնական դատական նիստեր։ Այնուհետև, նախագահող դատավորի փոփոխության պատճառով նորից նշանակվել է նախնական դատական նիստ։ Նախնական դատական նիստին չէր ներկայացել պատասխանողը (քաղաքապետարանի ներկայացուցիչը) և որոշվեց նիստն անցկացնել պատասխանողի բացակայությամբ։ Դատավորը մեկ հարց տվեց և դատական նիստն համարեց ավարտված, իսկ գործը նշանակեց դատաքննության։

Դատավորի կեցվածքից և գործի նկատմամբ անտարբեր վերաբերմունքից պարզ էր, որ դատավորը նախապես գիտեր գործի ելքը։

Հիմնվելով այս հանգամանքների վրա, միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ վարչական դատարանի նախագահին՝ նոր նախնական դատական նիստի նշանակման դիմումով, և խնդրել եմ, օգտագործելով իր իրավասությունները` հետագայում բացառի նմանատիպ իրավիճակները։ Չգիտեմ, կբավարարվի արդյո՞ք  իմ ներկայացրած միջնորդությունը, հակառակ դեպքում ստիպված կլինեմ բացարկ հայտնել դատավորին։

«Օլիմպ» ԱԿ-ի կողմից իր դատական պաշտպանության իրականացումը ՀՀ  վարչական դատարանում դառնում է անիմաստ և ձևական մի գործընթաց: Դատելով դատավոր Ա. Ղազարյանի   կողմից արդարադատության իրականացումից կարելի է հանգել հետևության, որ վարչական դատարանը դարձել է կատարելագործված մի մեքենա, որը արդարացնում է պետական մարմինների ակնհայտ անօրինությունները և նրանց առանց այդ էլ անպատիժ վարքագծից որևէ ձևով հնարավոր չէ պաշտպանվել: Այն տպավորությունն է, որ պետական մարմինները կարող են հանգիստ լինել, քանի որ իրենք շահերի պաշտպան ունեն հանձին դատավորների: Ցավոք, դատավոր Ա. Ղազարյանը չի գիտակցում, որ սահմանադրական արդար դատաքննության իրավունքը չի ենթադրում, որ դատարանները իրավաբանական հնարքներ բանեցնելով    կարող են կամայական բովանդակությամբ վճիռներ կայացնել հանուն Հայաստանի Հանրապետության:

Վերջին հաշվով վարչական դատարանը չի հիմնադրվել այն բանի համար, որ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքներն ավելի սահմանափակվեն, այլ ընդհակառակը, վարչական դատավարության և վարչական դատարանների խնդիրն է պաշտպանել քաղաքացիներին և իրավաբանական անձանց վարչական մարմնի կամայական և անօրինական գործողություններից: Ըստ էության, վարչական մարմիններն արդեն իսկ պաշտպանված են: Այս ամենին եթե ավելացնենք վարչական դատարանի դատավորների կողմից իրավաբանական հնարքների բանեցումը, ինչը կատարվեց վերջին դատական նիստի ընթացքում Ա. Ղազարյանի կողմից, ապա հստակ կարելի է հանգել հետևության, որ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը  կրում է ձևական բնույթ:

Այս խորագրի վերջին նյութերը