Կարծիք

04.08.2021 13:36


Սահմանադիրը քննիչ հանձնաժողովների ստեղծումը նախատեսել է որպես ընդդիմության գործիք

Սահմանադիրը քննիչ հանձնաժողովների ստեղծումը նախատեսել է որպես ընդդիմության գործիք
ԱԺ-ում կրկին քննարկման թեմա է դարձել 44օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը իշխանությանը կամ ըննդիմությանը վերապահելու հարցը։
ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
Քննիչ հանձնաժողովի գաղափարը փոխառված է գերմանական սահմանադրական իրավունքից (Basic Law for the Federal Republic of Germany, Article 44 [Committees of inquiry]):
Այս գործիքակազմը նախատեսված է հենց ընդդիմության համար, որպես խորհրդարանական մեծամասնությանը հակակշռող գործիք:
2015 թվականի (գործող) Սահմանադրության փոփոխությունների նախագծի հիմնավորումների «Ընդդիմության դերի ուժեղացումը» վերտառությամբ 4-րդ կետում նշված է՝
«Նախագիծը նախատեսում է նաև քաղաքական փոքրամասնությունների հետևյալ իրավունքները.
- քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և դրանք նախագահելու իրավունք.»։
Ակնհայտ է, որ սահմանադիրը քննիչ հանձնաժողովների ստեղծումը նախատեսել է որպես ընդդիմության խորհրդարանական գործիք և այս տեսանկյունից, իրոք, տարօրինակ է իշխանության կողմից նման նախաձեռնությունը։
Իշխող ուժի ձեռքում են կենտրոնացած ողջ հետաքննող մարմինները, որոնց գործունեությունը հենց միտված է բացահայտել տեղի ունեցած բոլոր տեսակի անօրինական գործողությունները՝ ներառյալ 44օրյա պատերազմի ժամանակ:
Հետևաբար՝ խորհրդարանական մեծամասնությունը, եթե իրապես նպատակ ունենար բացահայտելու 44օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած հանծագործություններն ու դրանց պատճառները, ապա դա կաներ պետական գործիքակազմով և ընդհանրապես կարիք չպիտի ունենա ստեղծելու քննիչ հանձնաժողով:
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը